Մեծ պատմություն փոքր քաղաքում  կամ ո՞վ  էր ճիշտ, ո՞վ՝ սխալ․ մեդալի երկու կողմերը

Մեծ պատմություն փոքր քաղաքում կամ ո՞վ էր ճիշտ, ո՞վ՝ սխալ․ մեդալի երկու կողմերը

25/05/2021 - 13:12

Երեկ՝ մայիսի 24-ին, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հրապարակեց այն ֆուտբոլիստների անունները, ովքեր հրավիրվել են Խորվաթիայի և Շվեդիայի հետ ընկերական հանդիպումներին մասնակցելու համար։  Հիմնական կազմից բացակայում էին մի շարք անուններ, բայց դե մեր պատմության լավագույն ֆուտնոլիստի չլինելը ուղղակի աչք էր ծակում։  Հենրիխ Մխիթարյանն այս անգամ հավաքական չէր հրավիրվել։

Իսպանացի մասնագետը, մեկնաբանելով իր ընտրությունը առաջիկա երկու խաղերի համար, նշեց, որ նրանք, ովքեր չեն հրավիրվել հավաքական, մարզչական շտաբը  շատ լավ է ճանաչում այդ ֆուտբոլիստներին, կարևորում է նրանց դերը, բայց, քանի որ հանդիպումներն ընկերական են, որոշել է մի քանի նոր խաղացողների փորձարկել, ովքեր լավ խաղով աչքի են ընկել ներքին առաջնությունում։

Այդ ամենից քիչ անց Հենրիխ Մխիթարյանն իր սոցցանցերի օգտահաշիվներում գրառում կատարեց՝ արտահայտելով իր զարմանքը, որ չի հրավիրվել ազգային թիմ․

«Ի զարմանս ինձ` Հայաստանի հավաքականի մարզչական շտաբն ինձ տեղեկացրեց, որ ինչ-որ պատճառներով չեմ հրավիրվել առաջիկա խաղերին։

Բերված պաշտոնական պատճառաբանությունները համոզիչ չէին։ Ամեն դեպքում, հաջողություն եմ մաղթում մեր տղաներին առաջիկա խաղերում»։

Հայ հասարակությունը բավական էմոցիոնալ է ընդունում ազգային հավաքականի հետ կապված ցանկացած միջադեպ, իսկ վերջին ամսիների իրադարձություններից հետո էլ ավելի դյուրագրգիռ է դարձել նման թեմաների նկատմամբ, ինչն ինքնին հասկանալի է։  Վարկածներ շատ եղան՝ սկսած քաղաքական մոտիվներից մինչև մարզական։ Եկեք վերլուծելով հասկանանք մարզչական շտաբի և ֆուտբոլիստի գործողությունների տրամաբանությունը։

Մարզչական շտաբի ընտրության դրդապատճառները

Խոակին Կապառոսն իր մեկնաբանությունում  նշեց, թե ինչու ոչ միայն Հենրիխը, այլև մի շարք այլ ֆուտբոլիստներ չեն հրավիրվել ազգային թիմ։ Մենք կարծում ենք, որ իսպանացի մասնագետը, որոշ վերապահումներով, ճիշտ որոշում է կայացրել ոչ միայն Հայաստանի հավաքականի համար, այլ նաև մեր ավագի․ ինչո՞ւ։

Մենք էլ, մեր հակառակորդերն էլ գիտեն, թե մենք ինչպես ենք խաղում, երբ Հենրիխ Մխիթարյանը կազմում է։ Հենոյի ներկայության պարագայում մենք խաղում ենք 4-2-3-1 տակտիկական դասավորությամբ՝ որոշակի փոփոխություններով։

Այժմ իսպանացի մասնագետը որոշել է մի քանի այընտրանքներ էլ ստուգել։ Ուշադրություն դարձրեք, որ մեր մոտակա մրցակիցները Խորվաթիան ու Շվեդիան են, որոնք երբեք թույլ թիմերի շարքին չեն դասվել։  Սրանք շատ կարևոր ստուգողական հանդիպումներ են, որոնք կարող են նորեկների մասով մի շարք կարևոր պատասխաններ տալ մարզչական շտաբին։  Ոչ ոք չի ասում, որ առանց Մխիթարյանի ավելի լավ, կամ ավելի վատ է, այստեղ խոսքը այլընտրանք ունենալու մասին է, բազմազանույթուն, պլան Բ։  Մարզիչը կատարում է իր պրոֆեսիոնալ աշխատանքը, նրան անուններով չես զարմացնի։ 

Ու կարևոր է նշել մի նուրբ պահ․ Կապառոսը, ինչպես տեսանք, իր մեկնաբանությունում առանձին Հենրիխին չհրավիրելու հանգամանքին չանդրադարձավ, այլ արեց «մի քանիկարևոր ֆուտբնոլիստներ» արտահայտությունը, ինչը նշանակում է, որ նրա համար միևնույն է ֆուտբոլիստի ով լինելը․ նրա համար բոլորն էլ թեկնածուներ են։

Բացի այդ, կարծում ենք Հենրիխն ինքը պետք է ըմբռնումով մոտենա այս որոշմանը, քանի որ սա հենց առաջին հերթին իրեն օգնելու համար է։ Մեր ավագը դեռ «Ռոմայի» հետ նոր պայմանագիր ստրոհագրելու շեմին է , բանակցություններ են ընթանում, հնարավոր է նաև, որ նա լքի թիմը, հարցականներ դեռ կան Ժոզե Մոուրինիոյի մասով,  իսկ այդ պարագայում մրցաշրջանի ավարտից հետո նրան հրավիրել ընկերական հանդիպումների, սխալ է, քանի որ միշտ վնասվածք ստանալու ռիսկ կա, իսկ նման դեպքում ցանկացած տրանսֆեր կամ նոր պայմանագրի բանակցություններ էլ ավելի են բարդանում։ Այս առումով Խոակին Կապառոսի շտաբը մի կրակացով միանգամից երկու նապաստակ է խփում՝ և՛ Մխիթրյանին է օգնում, և՛ մեր ազգային թիմին նոր արյուն ներարկում։

Մեդալի հակառակ կողմը

Ինչպես արդեն նշեցինք, մենք Հենրիխ Մխիթարյանի հավաքական չհրավիրվելն առաջիկա հանդիպումներին ներկա պահին Խոակին Կապառոսի կողմից համարում ենք հիմնականում ճիշտ որոշում, սակայն այդ քայլն ունի նաև մեդալի հակառակ կողմ, որին նույնպես ցանկանում ենք անդրադառնալ։

Տեսեք՝ Հենրիխ Մխիթարյանը Խոակին Կապառոսի՝ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելուց հետո մեր հավաքականի կազմում անցկացրել է ընդամենը 2 հանդիպում (Վրաստան 2։2 Հայաստան և Էստոնիա 1։1 Հայաստան)։ Հենոյին հավաքականի մթնոլորտին ընգրկելու և Կապառոսի խաղային գաղափարներին ավելի լավ ծանոթացնելու համար առաջիկա հանդիպումները շատ լավ հնարավորություն էին։

Բացի դրանից, այս ընկերականները վերջին նախապատրաստական հանդիպումներն են սեպտեմբերի 2-ին ԱԱ որակավորման փուլի Հյուսիսային Մակեդոնիայի դեմ կայանալիք արտագնա խաղից առաջ, որը կարելի է համարել մեր անկախ պատմության ամենակարևոր խաղերից մեկը, իսկ, ինչպես գիտեք, այդ հանդիպումը, ցավոք, որակազրկման պատճառով բաց են թողնելու Տիգրան Բարսեղյանը, Խորեն Բայրամյանը և Վարազդատ Հարոյանը։ Այս ընկերական խաղերում կարելի էր Մխիթարյանին փորձարկել տարբեր դիրքերում և տալ մի շարք առաջադրանքներ՝ հասկանալու համար, թե որտեղ է նա ավելի արդյունավետ և ավելի օգտակար Հայաստանի հավաքականի համար։

Եվս մեկ կարևոր փաստ էլ․ Խոակին Կապառոսը չի թաքցնում, որ սիրում է աշխատել երիտասարդների հետ և պատրաստվում է սերնդափոխություն կատարել մեր հավաքականում։ Դրա վառ ապացույցը Ժիրայր Շաղոյանի և Էդուարդ Սպերցյանի բացահայտումն էր, սակայն, դրան զուգահեռ, սերնդափոխությունը չի կարող անցնցում տեղի ունենալ առանց փորձառու ֆուտբոլիստների առկայության, իսկ Հենրիխ Մխիթարյանը բազմաթիվ պատանի ու երիտասարդ ֆուտբոլիստների համար պարզապես օրինակ է, շարժառիթ և նույնիսկ կուռք։ Շատերը փորձում են նմանվել նրան։ Պատանիներին ու երիտասարդներին նույնիսկ Հենոյի հետ մարզվելը շատ բան կարող է տալ․ դա անկասկած հսկայական փորձ է։

Հենրիխ Մխիթարյանի գրառման հետքերով

Պարզ է, որ Մխիթարյանի գրառումը նոր տարաձայնությունների ալիք բարձրացրեց հայ հասարակության շրջանակներում։

Եթե մարզչական շտաբի որոշումը Կապառոսը բացատրեց միայն մարզական դրդապատճառներից ելնելով (այլ բան չէր էլ կարող լինել), ապա այդ գրառումը ավելի շատ քաղաքական, խորհդավոր ենթատեքստ ուներ։ Մարդիկ ինչ ասես կարող են ենթադրել այդ գրառման տակ։ Առաջարկում ենք քննարկել մի քանի տարբերակներ։

  •  Հնարավոր է՝ մեր ավագը սպասում էր անհատական մոտեցման։ Այսինքն, մարզիչը անձամբ իրեն զանգահարեր և բացատրեր, թե ինչու չի հրավիրել հավաքական։ Սա իհարկե խոսում է ֆուտբոլիստի էգոյի մասին, բայց թող ների Հենրիխը, նա գործ ունի ոչ պակաս անվանի մարզչի հետ, իսկ աշխարհում ընդամենը երկու ֆուտբոլիստներ կան, որոնք նման անհատական մոտեցում են պահանջում՝ անկախ, թե ով է նրանց ազգային թիմի մարզիչը։ 
  • Հնարավոր է նաև, որ մեր ազգայինի մարզիչը, իրոք, հրավիրեր Մխիթարյանին և ավագը չներկայար՝ պատճառաբանելով, որ տրանսֆերի և նոր պայմանագիրի կնքելու խնդիր կա․ չէ՞ որ մենք տեսել ենք, թե ինչպես Հենսրիխը որոշ դեպքերում չի ներկայացել հավաքական։

Այստեղ խնդիրն այն է, որ հենց մեր ազգայինի թիմի ավագն է խորհորդավոր, կասկածամտության երանգներ տալիս՝ նշելով, որ «զարմացած է» և «պատճառներն իր համար համոզիչ չեն», ինչը, իհարկե, պատիվ չի բերում մեր ազգային թիմի խաղացողին, մեր ավագին, մեր նորագույն պատմության լավագույն ֆուտբոլիստին։ 

Մեր հավաքականի մարզչը արդեն քանի անգամ ապացուցել է, որ գիտի իր անելիքը։ Առաջին անգամ երկրի հավաքականի ֆուտբոլիստը զարգանում է ազգային թիմին առընթեր, առաջին անգամ մեր հավաքականի ելույթներում փայլում են անմիջապես մի քանի երիտասարդ տաղանդներ, որոնք ուղղակի թակում են Հայաստանի հավաքականի դուռը, և այս ընեկարական հանդիպումները  հրաշալի առիթ է հենց նրանց համար կրկին աղմուկ բարձրացնել, նոր հայտ ներկայացնել։

Ամեն դեպքում, մեր ավագը պետք է հասկանա, որ հավաքականը հիմա զարթոնք է ապրում, իսկ ամեն մի նման գրառում, հատկապես թիմի ավագի կողմից կարող է բացասկան ազդեցություն ունենալ թիմում տիրող մթնոլորտի վրա։  Մեր հավաքականում հիմա խաղալը ավելի կարևոր է նորեկ երիտասարդների համար, քանի ֆուտբոլային Եվրոպան շատ ուշադիր հետևում է մեր տղաների ելույթներին։

Մեկ բան էլ ավելացնենք․ մի տրվեք էմոցիաներին և բևեռացված կարծիքներով մի խաթարեք Հայաստանի հավաքականում ձևավորված հիանալի մթնոլորտը։

Հաջողություն ենք մաղթում մեր հավաքականին։ Հոգսերդ շատ են, բայց ուժդ ու երազնաքդ անսպառ մեր ազգային հավաքական։

Սիրե՛ք ֆուտբոլը, ապրե՛ք ֆուտբոլով !!!

Կարեն Պողոսյան

Միքայել Մելիքբեկյան

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023