Մալաքյան եղբայրներն ազատ են արձակվել

Մալաքյան եղբայրներն ազատ են արձակվել

03/09/2020 - 00:39

Ինչպես տեղեկացնում է News.am-ը, ՀՀ ոստիկանության ՁՊՎ-ից Մալաքյան եղբայրներն  ազատ են արձակվել։ Նրանք լրագրողների հետ զրույցում նշեցին, որ այս պահին դեպքի վերաբերյալ ոչինչ չեն կարող ասել։

«Նոր ենք դուրս եկել, շատ բան հիմա չենք կարող ասել։ Ուզում ենք շնորհակալություն հայտնել բոլորին. Ֆեդերացիային եւ մյուս անձանց, որոնք իրենց զորակցություն են հայտնել։ Գիտենք, որ շատերն են իրենց զորկացությունը հայտնել»,- ասացին նրանք։

Անդրադառնալով ոստիկանների հետ տեղի ունեցած միջադեպին՝ եղբայրները նշեցին. «Ինչը վերաբերում է դեպքին, դրա մասին ընթացքում բոլորդ էլ կիմանաք՝ ոնց ու ինչ է եղել։ Մեր վրա է հետքերը, որի մասին կխոսենք հետո»։

Հարցին՝ արդյոք իրենք ոստիկաններին հարվածե՞լ են, Մալաքյաններն ասացին՝ ոչ։

Հավելենք, որ քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ: Մալաքյանների փաստաբանների հաղորդմամբ՝ խափանման միջոցի հարցով քննությունը դեռեւս չի ավարտվել։

Հիշեցնենք, որ օգոստոսի 30-ին Երևանում՝ «Կասկադի» հարևանությամբ, անկարգություններ են տեղի ունեցել, ինչի արդյունքում «Փյունիկի» և «Արարատի» կիսապաշտպաններ Գոռ Մալաքյանը և Էդգար Մալաքյանը կալանովորվել էին, ովքեր, ըստ պաշտոնական տեղեկությունների, քաշքշել են ոստիկանության երկու ծառայողի, բարձրաձայն հայհոյանքներ են հնչեցրել, նրանցից մեկը քաշել և պոկել է ոստիկանության ծառայողներից  մեկի ուսադիրը: 

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասով և 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 1-ին մասով, որը նախաքննության կատարման համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին և ընդունվել վարույթ:

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023