ՀՖՖ-ն պահանջում է ադրբեջանական «Կարաբախ» ակումբին հեռացնել եվրագավաթների խաղարկությունից

ՀՖՖ-ն պահանջում է ադրբեջանական «Կարաբախ» ակումբին հեռացնել եվրագավաթների խաղարկությունից

31/10/2020 - 21:20

Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն է տարածել, որ դիմել է ՈՒԵՖԱ-ին՝ պահանջելով եվրագավաթների խաղարկությունից հեռացնել ադրբեջանական «Կարաբախ» ֆուտբոլային ակումբին։ ՀՖՖ հայտարարության մեջ ասվում է հետևյալը․

«Վերջին ամսվա ընթացքում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան բազմաթիվ բողոքներ է ներկայացրել ՈՒԵՖԱ և ՖԻՖԱ՝ ադրբեջանական ֆուտբոլի ամենատարբեր ներկայացուցիչների ռազմատենչ հրապարակումների, միլիտարիստական պահվածքի, հայատյաց գրառումների վերաբերյալ: Այդ բողոքների մեծ մասն այս պահին ՈՒԵՖԱ-ի կարգապահական և էթիկայի կոմիտեի քննության առարկա է: 

Ադրբեջանական ֆուտբոլի ներկայացուցիչների ռազմականացված և քաղաքականացված դատապարտելի կեցվածքն ի ցույց է դրվում շուրջ մեկ ամիս, սակայն այն, ինչ այսօր տարածվեց համացանցում, զարհուրելի է և ոտնահարում է քաղաքակրթական և բարոյական բոլոր չափանիշները:

«Կարաբախ» ֆուտբոլային ակումբի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնի ներկայացուցիչ Նուրլան Իբրահիմովը սոցցանցերից մեկի իր պաշտոնական էջում կատարել էր գրառում, որտեղ բառացիորեն կոչ էր անում սպանել բոլոր հայերին՝ ծերերին, կանանց, երեխաներին՝ առանց տարբերակման: Նա նաև արդարացնում էր Թուրքիայի կողմից հայերի նկատմամբ ցեղասպանություն իրականացնելու փաստը: Իբրահիմովն արդեն հասցրել է ջնջել գրառումը, սակայն, բնականաբար, հարյուրավոր օգտատերեր հասցրել են տեսնել այն և պահպանել:

Դժվար է բառերով նկարագրել ադրբեջանական ակումբի ներկայացուցչի արարքը: Սա Ադրբեջանի ֆուտբոլային չինովնիկների` «սովորական» դարձած գրառումների շարքից չէ, որոնցից հետո ՀՖՖ-ն պահանջել է չռազմականացնել և չքաղաքականացնել ֆուտբոլը։ Սա մարդասպան կեցվածքի, ազգային հիմքով բռնության դաժան քարոզի, փաստացի նոր ցեղասպանության իրականացնելու կոչ է մի ակումբի ներկայացուցչի կողմից, որը հանդես է գալիս ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարում: ՈՒԵՖԱ-ն այն կառույցն է, որը մշտապես հետևում է ֆուտբոլը չքաղաքականացնելու, ֆուտբոլային ընտանիքի անդամների շրջանում այլատյացությունը բացառելու և համերաշխություն հաստատելու  քաղաքականությանը: Նուրլան Իբրահիմովի անհանդուրժելի քայլը պետք է արժանանա համարժեք վերաբերմունքի ՈՒԵՖԱ-ի կողմից։ Այլ մոտեցումը կնշանակի, որ միջազգային ֆուտբոլային հանդիպումներից առաջ տարածվող ընդունելի կարգախոսները ձևական բնույթ են կրում:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան համապատասխան բողոք է հղել ՈՒԵՖԱ՝ պահանջելով խստագույնս պատժել ինչպես վերոնշյալ աշխատակցին, այնպես էլ ադրբեջանական ակումբին՝ ընդհուպ մինչև եվրագավաթներից հեռացումը։ Ատելության խոսքը, բռնություն կոչերը, այլատյացությունը պետք է արմատախիլ արվեն ֆուտբոլից՝ հավատարիմ մնալով եվրոպական ֆուտբոլային ընտանիքում ընդունված արժեքներին»։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023