Ավելին, քան ֆուտբոլի ազգային հավաքական․․․

Ավելին, քան ֆուտբոլի ազգային հավաքական․․․

01/04/2021 - 12:20

Աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման 3-րդ տուրում Հայաստանի հավաքականը J խմբի շրջանակում Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում 3։2 հաշվով ֆանտաստիկ հաղթանակ տարավ Ռումինիայի ընտրանու նկատմամբ։

J խմբում ընգրկված Հայաստանի և  Գերմանիայի հավաքականները երկու խաղերից հետո ունեին 6-ական միավոր, և եթե «բունդեսմանշաֆթի» նման մեկնարկը բոլորի համար սովորական երևույթ էր, ապա մեր ազգայինի երկու վստահ հաղթանակները Եվրոպայում մատուցվում էր որպես անակնկալ։   Մեր տղաները շարունակեցին իրենց հաջողությունը և մինչև սույն թվականի սեպտեմբեր դարձան խմբի առաջատար, քանի որ Յոաքիմ Լյովի սաները Դույսբուրգում 1։2 հաշվով անսպասելի պարտություն կրեցին Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականից։

Գերմանիա 1։2 Հյուսիսային Մակեդոնիա
Գերմանիա 1։2 Հյուսիսային Մակեդոնիա

Այժմ փորձենք հասկանալ, թե ինչպես մեր տղերքը փառահեղ հաղթանակ տարան Ռումինիայի նկատմամբ՝ կերտելով մեր հավաքականի պատմության երբևէ գրանցած լավագույն մեկնարակը որևէ ընտրական փուլի շրջանակում։

Ինչպես միշտ, հանդիպումը կբաժանանենք մի քանի փուլերի և կվերլուծենք։

Խաղի մեկնարկ․ առաջին խաղակես

Նախախաղային ասուլիսում Խոաակին Կապառոսը վերահաստատեց, որ  լավագույնը այս պահին Հայաստանի թիմի համար 4-4-2 տակտիկական սխեման է, և եթե այդ մասով անակնկալ չկար, ապա նույնը չի կարելի ասել մեկնարկային կազմի մասին։

Հայաստանի հավաքականը հանդիպումը սկսեց հետևյալ մեկնարկային կազմով․

Ինչպես տեսնում եք, Խոակին Կապառոսը, Իսլանդիայի դեմ հանդիպման համեմատ, մեկնարկային կազմում կատարել էր 4 փոփոխություն։

Սոլոմոն Ուդոն չկար, քանի որ չէր հասցրել վերականգնվել։ Նույն պատճառով նախորդ հանդիպմանը բացակայում էր նաև Չալըշրը։ Պետք է հաշվի առնել, որ շատ դժվար է խաղալ նման խիտ գրաֆիկով․ պարզապես նորմալ է, որ ֆուտբոլիստները չեն հասցնում վերականգնվել։

Ավելի ուշագրավ էին մյուս երկու փոփոխությունները․ Ռումինիայի դեմ խաղը Հակոբ Հակոբյանի փոխարեն խաղում էր Խորեն Բայրամյանը, ով ավելի շատ միտված է գրոհի, իսկ Սարգիս Ադամյանի փոխարեն խաղադաշտ էր մտել Ալեքսանդր Կարապետյանը։ Այս երկու փոփոխությունները միտված էին խանգարելու Ռումինիային գրոհը սկսելուն։ Այժմ հասկանանք, թե ինչպես էր դա տեղի ունենում․

Ռումինիան, գրոհի մեկնարկի պահին, խաղում էր 4-2-3-1 դասավորությամբ, այսինքն, այն պահին, երբ գնդակը սկսում էր խաղարկել դարպասապահից մեր թիմը վերադասավորվում էր 4-3-3-ի։

Որպեսզի պրեսինգի դիմելիս հակառակորդը ավել ֆուտբոլիսը չունենա, այս առումով Կարապետյան շատ ավելի հարմար ֆուտբոլիստ է, քան Ադամյանը, իսկ Բայրամյանը կարող էր հայտնվել ընդհուպ մինչև կենտրոնում՝ թիմի կոմպակտությունը պակելու համար։

Ռումինիան ստիպված սկսեց երկու ֆուտբոլիստ ավելի ներգրավել խաղարկմանը, որից տուժում էր նրանց գրոհի երկրոդ փուլը, այսինքն, Կապառոսի այս  միտքը բավական հաջող էր։  

Ավելի հստակ հասկանալու համար, տեսե՛ք, 4-4-2 դասավորությունը հարմար է այնքանով, որ ֆուտբոլիստները խաղադաշտում բաց գոտիներ չեն թողնում պաշտպանվելիս, եթե իհարկե գործում են կոմպակտ, իսկ հարձակվողները կիսպաշտպանական գծի հեռավորությունը պահում են 25-30 մետրից ոչ ավել։

Նման կերպ կազմակերպած պաշտպանությունը կարելի է անցնել կա՛մ անհատական բարձր վարպետության շնորհիվ, (այդ ասպեկտից թույլ էր մեր հակառակորդը) կա՛մ 4 պաշտպանների և 4 կիսպաշտպանների արանքում (գծերի միջև) գնդակը խաղարկելով։

Կապառոսի՝ 4-3-3-ով խանգարելու միտքն այն էր , որ մեր պաշտպանական գծերի միջև ֆուտբոլիստները «ստիպված» նահանջեն, և մենք ուենանք թվային առավելություն, ինչը երբ չէր հաջողվում, մեր դարպասին սպառնալիքներ էին առաջանում։ 

Բայրամյանի առկայությունը խաղադաշտում, ի տարբերություն Հակոբյանի, թիմին հնարավորություն էր տալիս վերադասավորվել՝ առանց գրոհի որակը կորցնելու։ Սա շատ կարևոր է նաև այն պարագայում, եթե Հայաստանի հավաքականը սկսեր զիջել մրցակցին, ինչը և տեղի ունեցավ հետագայում, բայց դրան կանդադառնանք ավելի ուշ։

Երկրորդ խաղակես․ Կապառոսը որոշում է «բացել» խաղը․

Մեր թիմը առաջին կեսում խաղում էր հակագրոհներով, բայց 30-րդ րոպեից պարզ դարձավ, որ Ռումինիայի հավաքականը ամեն գնով գրոհելու մտադրված չէ, և նրանք գրոհելիս վերադասավորվում էին ՝ խուսափելով մեր թիմի հակագրոհներից։ Այսինքն, Միրել Ռադոյին դեմ չէր Երևանից հեռանալ մեկ միավորով, ինչը չէր կարող հարմար տարբերակ լինել մեզ համար, քանի որ Խոակին Կապառոսը, ինչպես ցույց տվեց հանդիպման ընթացքը, հաղթական էր տրամադրված, այդ նպատակով առաջին խաղակեսից հետո նա միանգամից կատարեց  երեք փոփոխություն։

Կարեն Մուրադյանի, Նորբերտո Բրիասկո Բալեկյանի և Ալեքսանդր Կարապետյանի փոխարեն խաղադաշտ մտան Էդուարդ Սպերցյանը, Սարգիս Ադամյանը և Ժիրայր Շաղոյանը, ինչից հետո հանդիպումը շարունակեցինք հետևյալ սխեմայով և կազմով․

Ուշադրություն դարձրե՛ք, որ հենակետային գոտում Կապառոսը Մուրադյանին փոխարինեց Սպերցյանով, ինչը թիմի մարտավարությունը զգուշավոր-սպասողականից կտրուկ փոխեց դեպի ագրեսիվ-հարձակվողականի։ Այս ամենը հստակ ակնարկ էր բոլորին․ Հայաստանի հավաքականը խաղում է միայն ու միայն հաղթանակի համար։

Այս փոփոխությունները միտված էին ակտիվացնել գնդակի խաղարկումը Ռումինիայի հավաքականի կիսադաշտում, և քանի որ նրանք պաշտպանվում էին 4-4-2 դասավորությամբ, բոլոր ֆուտբոլիստները պետք է տեղ զբաղեցնեին նրանց պաշտպանական գծերի միջև՝ թվային առավելություն ստանալու համար։

Այս փոփոխությունները երկրորդ կեսի սկզբնամասում հանկարծակիի բերեցին Ռումինիայի հավաքանի ֆուտբոլիստներին, ովքեր չգիտեին՝ ինչ անել։ Մեր թիմի գրոհներն ավելի ու ավելի տարբերվող էին դառնում, ինչի արդյունքում Էդուարդ Սպերցիանը 56-րդ րոպեին բացեց խաղի հաշիվը։

 Խփած գոլից հետո մերոնք մի քանի լավ պահեր ունեին հաջողությունը զարգացնելու համար, սակայն չստացվեց։

Կապառոսի կատարած փոփոխությունները նաև մեդալի հակառակ կողմն ունեն․ փոփոխությունները միտված էին գրոհի ուժեղացման, ինչի հետևանքով թուլացավ կենտրոնը և արդեն մենք էինք հայտնվում հակագրոհների սպառնալիքի ներքո։

Այդ փոփոխություններից հետո գրոհելիս մեր թիմի դասավորությունն ուներ հետևյալ տեսքը․

Խնդրում ենք ուշադրություն դարձնել, որ միայն Արտակ Գրիգորյանն էր կենտրոնում, ով չհասցրեց փակել հենակետային գոտին, ինչի հետևանքով Ռումինիայի հավաքականը հավասարեցրեց խաղի հաշիվը։

Նման դիսբալանսը բնական է, որ կստեղծվեր, հատկապես կիսաեզրային (полуфланг) գոտիներում:  Այդ առումով մի փոքր կարելի է խոսել մեր ֆուտբոլիստների անփորձության մասին, քանի որ առաջին գոլից հետո, պետք էր հանգստացնել խաղը, թույլ տալ ռումինացիներին գրոհել և արդեն նրանց պատժել հակագրոհներով, բայց մեր հավաքանը նետվեց առաջ՝ զարգացնելու հաջողությունը, ինչի հետևանքով մենք շատ արագ հայտնվեցինք պարտվողի դերում։ 

78-րդ րոպե․ Ռումինան մնում է տասը ֆուտբոլիստներով

Երբ մենք սկսեցինք զիջել հաշվի մեջ, Կապառոսի հրահանգով տեղի ունեցան դիրքային փոփոխություններ․

Բարսեղյանն ու Բայրամյանը փոխվեցին դիրքերով, ինչից հետո Ադամյանը սկսեց ազատ տեղաշրժվել, իսկ Հարոյանին, Սպերցյաինին և Շաղոյանին առաջադրանք էր տրված խորքից ներխուժել տուգանային հրապարակ՝ հակառակորդին անակնկալի բերելու համար։

Հանդիպման 78-րդ րոպեին կոպիտ խաղի համար խաղադաշտից հեռացվեց Ռումինիայի հարձակվող Գեորգե Պուշկաշը։ Դրան ի պատասխան՝ Ռումինայի գլխավոր մարզիչ Ռադոյին կատարեց երկու փոփոխություն, որպեսզի ուժեղացնի պաշտպանությունը, որպեսզի թարմ ուժ լինի, սակայն դա չօգնեց նրանց։

Հարոյանի, ապա նաև Սպերցյանի՝ խորքից ներխուժումները տուգանային հրապարակ անակնկալի բերեցին Ռումինիայի պաշտպաններին, որոնք պարզապես չկարողացան հսկել նրանց։ Արդյուքնում մեր թիմի ավագը 86-րդ րոպեին հավասարեցրեց խաղի հաշիվը, իսկ 89-րդ րոպեին Էդուարդ Սպերցյանը վաստակեց 11-մետրանոց հարված, որն անվրեպ իրացրեց Տիգրան Բարսեղյանը։

Ընդհանուր առմամբ, Տիգրան Բարսեղյանն ազգային հավաքականի կազմում անցկացրեց հերթական գերազանց հանդիպումը , բայց ոչ միայն նա։ Ինչպես մեր մարզիչն է ասում, պետք չէ որևէ մեկին առանձնացնել․ հաղթեց ողջ թիմը։

Աշխարհի 2022 թվականի առաջնության որկավորման փուլի շրջանակում մեր հավաքականի հաջորդ հանդիպումը կայանալու է սեպտեմբերի 2-ին։ Այդ օրը հյուրընկալվելու ենք Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականին։ Ցավոք, մակեդոնացիների դեմ հանդիպումը որակազրկման պատճառով բաց կթողնեն Տիգրան Բարսեղյանը, Վարազդատ Հարոյանը և Խորեն Բայրամյանը, սակայն հավատում ենք, որ Խոակին Կապառոսը լուծում կգտնի այդ բարդ գլուխկոտրուկին։

Խոակին Կապառոս և Տիգրան Բարսեղյան

Ա՜խ․․․ ինչպես էինք մենք կարոտել այս զգացողությունը, այս ողջ լինելու զգացողությունը։ Այժմ բոլորս ավելի բարի, ավելի հանդուրժող պետքէ լինենք, քանի որ հասկացանք, որ ավելի շատ ողջ ենք, քան՝ մեռած, որ ավելի շատ հաղթող ենք, քան՝ պարտված․․․ 

Շնորհակալություն Ավելն, քան խաղին և Ավելին, քան հավաքականին ՝ անգին ու անմոռաց էմոցիաների համար։

Շնորհակալություն Միստեր։ 

Շնորհակալություն տղերք։

Սիրե՛ք ֆուտբոլն, ապրե՛ք ֆուտբոլով

 Պողոսյան Կարեն

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023