Թեժ կրքեր Մադրիդում! Ռեալը համառ պայքարում հաղթեց Բարսելոնային🎥

Թեժ կրքեր Մադրիդում! Ռեալը համառ պայքարում հաղթեց Բարսելոնային🎥

16/10/2022 - 20:07

Իսպանական Լա լիգայի 9-րդ տուրում կայացավ հերթական Էլ կլասիկոն, որի շրջանակում միմյանց դեմ մրցեցին «Ռեալ Մադրիդն» ու «Բարսելոնան»։

Հանդիպումը մեկնարկեց «արքայական» ակումբի առավելությամբ, ինչի արդյունքում արդեն 12-րդ րոպեին Կարիմ Բենզեմայի ջանքերով Կառլո Անչելոտիի թիմը բացեց հաշիվը։

Բաց թողած գոլից հետո «բլաուգրանան» նետվեց առաջ` կորցրածը հետ բերելու։

Խավիի թիմը որոշ ժամանակ տիրեց նախաձեռնությանը, սակայն հյուրերի խաղում չկար սրություն։

Դեռ ավելին` 35-րդ րոպեին, մադրիդյան ակումբը հիանալի գրոհ զարգացրեց, որը եզրափակեց Ֆեդե Վալվերդեն` կրկնապատկելով «Ռեալի» առավելությունը։

Կողմերն ընդմիջման գնացին 2:0 հաշվով։

Երկրորդ կեսի մեկնարկն ու միջնամասը հիմնականում անցավ հավասար պայքարում, սակայն Խավին փոփոխություններով կարողացավ ինչ-որ չափով ակտիվություն մտցնել «Բարսելոնայի» խաղում։

Այդուհանդերձ, տանտերերը հիանալի էին պաշտպանվում` թույլ չտալով «կապտանռնագույններին» ստեղծել իրական գոլային պահեր։

Հիշատակման է արժանի միայն 78-րդ րոպեին Անսու Ֆաթիի կատարած հեռահար հարվածը, որը մի փոքր շեղ ստացվեց։

«Բարսելոնային» խաղավերջում, ի վերջո, հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը. 82-րդ րոպեին աչքի ընկավ Ֆերրան Տորեսը։

Հաշիվը կրճատելուց հետո էլ հյուրերը շարունակում էին մեծ ճնշում գործադրել Անդրեյ Լունինի պաշտպանած դարպասի ուղղությամբ, սակայն «Ռեալին», ամեն դեպքում, հաջողվեց հետ մղել այդ գրոհները։

Մերկացնելով թիկունքը` «բլաուգրանան» հակագրոհ բաց թողեց, ինչի հետևանքով 90-րդ րոպեին Էրիկ Գարսիան սեփական տուգանային հրապարակում կանոնների խախտում թույլ տվեց Ռոդրիգոյի նկատմամբ, ինչից հետո հանդիպման գլխավոր մրցավար Խոսե Մարիա Սանչես Մարտինեսը 11-մետրանոց նշանակեց «Բարսելոնայի» դարպասին, որն անվրեպ իրացրեց հենց տուժողը և դրեց հանդիպման վերջակետը։

Այսպիսով, «արքայական» ակումբը հաղթեց 3:1 հաշվով, ինչից հետո վաստակեց 25 միավոր, մրցաշարային աղյուսակում շրջանցեց հենց «Բարսելոնային»` դառնալով Լա լիգայի առաջատար։

«Բարսելոնան» մնաց 22 միավորով` նահանջելով 2-րդ հորիզոնական։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023