Ընթերցողի կարծիք․ ֆուտբոլ խաղում են ուղեղով

Ընթերցողի կարծիք․ ֆուտբոլ խաղում են ուղեղով

07/05/2020 - 16:04


Սկսած 1981թ-ից (14 տարեկանից) սկսել եմ սիրել և զբաղվել ֆուտբոլով։ Ինչպես ասում են, եթե մեկ անգամ սիրահարվում ես ֆուտբոլին, ապա մինչև կյանքի վերջ չես կարող անտարբեր լինել այս սպորտաձևի հանդեպ։

Սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ մոտ 15 և ավելի տարի է հայկական ֆուտբոլը մեղմ ասած լավ օրեր չի ապրում։ Ցանկացած երկրում ֆուտբոլը չի զարգանա մեկ պայմանի դեպքում, եթե սկսած 7–8 տարեկանից երեխաները չզբաղվեն ֆուտբոլով, կամ չլինի մանկապատանեկան ֆուտբոլ։ Իսկ մենք ունենք մանկատանեկան ֆուտբոլ, բայց, չգիտես ինչու ունենալով մանակապատանեկան ֆուտբոլ, ֆուտբոլը չի զարգանում Հայաստանում։ Անընդհատ լսում ենք, որ պետք է զարգացնել մանկապատանեկան ֆուտբոլը։ Թե զարգացնել ասելով ով ինչ է հասկանում․․․
Ցանկանում եմ կիսվել իմ տեսլականով, թե ո՞ր դեպքում կզարգանա կամ առաջընթաց կունենանք հայկական ֆուտբոլում։

Խաղալով ֆուտբոլ, իսկ հետագայում տղայիս սովորեցնելով միշտ համոզված եմ եղել, որ ֆուտբոլիստի ամենակարևոր ունակությունը «ուղեղն» է (արագ մտածելու ունակությունը, արագ ու ճիշտ որոշում կայացնելը, միտքը)։ Ըստ իս՝ հայկական ֆուտբոլը կզարգանա մեկ պայմանի դեպքում, եթե սկսած 8–9 տարեկանից մինչև 15 տարեկանը կատարվի սելեկցիոն ճիշտ աշխատանք։ Կրկնեմ՝ սկսած 8 տարեկանից։ Այսինքն՝ միշտ ուշադրության կենտրոնում պահվեն այն երեխաները, որոնք խաղում են ուղեղով (մասնագետները կհասկանան)։ Այն երեխաները, իսկ այդպիսիք (սկսած 8–14 տարեկան) քիչ են, բայց կան, որոնք խաղային դրվագներում գործում են արագ և ճիշտ, նկատվում է այդ երեխաների մտածելով խաղալու ընդունակությունը, ապա այդ երեխաներին պետք է հնարավոր ամեն ինչ անել ֆուտբոլում պահելու համար։ Ու կարևոր չէ՝ երեխան ֆիզիկապես թույլ է, թե ոչ։ Կամ ճիշտ որոշումը ստացվե՞ց, թե՞ ոչ։ Տարիների ընթացքում այդ բոլորը քիչ-թե շատ կուղղվի։ (Քչի դեպքում այլ դիրքում կխաղա, շատի դեպքում ուրիշ)։ Արագ ու ճիշտ խաղալու համար նախ պետք է արագ մտածել։ Եթե արագ շախմատում ունենք այդպիսի երեխաներ, ապա ֆուտբոլում նույնպես կունենանք, քիչ բայց հաստատ կան։

Մենք պարտավոր ենք ունենալ լավ ֆուտբոլ, որը ժամանակակից արագ ֆուտբոլում հիմնված է արագ մտածելու ընդունակությունների վրա։ Որքանով ես տեղյակ եմ կա 15 տարեկանների հավաքական, բայց իմ նշած արագ մտածող շատ երեխաներ, ինչ-ինչ բացասական երևույթներից ելնելով (շատերից տեղյակ են բոլորը), չգնահատվելով, ապագա չտեսնելով ֆուտբոլում, ֆուտբոլը թողնում են մինչև 14–15 տարեկանը, որ հասցնեն պատրաստվեն համալսարան ընդունվել կամ ընտրում են այլ սպորտաձև կամ էլ կենտրոնանում են ուրիշ նպատակների վրա։ Այդ երեխաներից շատ-շատերը հիմնականում լավ են սովորում դպրոցում և խնդիր չեն տեսնում թե՛ ինքը, թե՛ իր ծնողը այլ բնագավառում հաստատվելու համար։ Օրինակ՝ այն երեխաները, որոնք 1998–2002 թվականին, լինելով 10–13 տարեկան, մեր իմացած որոշ բացասական երևույթներից ելնելով թողել են ֆուտբոլը, այժմ համոզված եմ նրանցից շատերը տարբեր բնագավառներում ունեն հաջողություններ։
Մեր նպատակը պետք է լինի այդ երեխաներին ֆուտբոլում պահելը ամենաքիչը մինչև 17 տարեկանը։ Ու պետք չէ աշխարհով մեկ ֆուտբոլիստ որոնել, որոնեք մեզ մոտ 8–14 տարեկանների մեջ են։ Բոլորը նշում են, որ ազգայինի համար հերթափոխ չկա։ Եթե 15 և 17 տարեկանների համար ճիշտ ընտրություն չի լինում, ապա արդեն ի՞նչ իմաստ ունի դա սպասել մինչև 19 և 21 տարեկանների և ազգայինի հավաքականներում։ Եթե պետք է ընտրվի 17 տարեկաններից, հնարավոր է արդեն ուշ լինի լավ ֆուտբոլ ունենալու համար։

Մեր երկրում չկա 3-4-րդ դիվիզիոնների առաջնություն, որ սիրելով մնան ֆուտբոլում։ Անգամ եթե ընտրել են ուսումը պետք է այնպես անել, որ չկտրվեն ֆուտբոլից։ Կապը պահել այդ երեխայի հետ, եթե իհարկե սելեկցիոն մարզիչը նկատել է նրա արագ մտածելու ունակությունը դաշտում։ Նրանցից շատերը անգամ մի քանի տարի թողնելով ֆուտբոլը կարող են վերադառնալ մեծ ֆուտբոլ։ 80-ական թվականներին կար «Ա», «Բ» խմբերի առաջնություն։ Իսկ ա՞յժմ։ Ես կասեի հատադարձ ճանապարհի հնարավորություն չկա ու այդպես 5, 10, 15 տարի։ Հնարավոր չէ՝ 15 տարի մի բնագավառ զարգացնել ու հետ գնալ կամ լավագույն դեպքում մնալ նույն տեղում։ Եվ նորից այդ ծեծված՝ «պետք է զարգացնել մանկապատանեկան ֆուտբոլը»։ Բայց դաշտերը ավելացնելը դեռ զարգացնել չի։ Դա ֆուտբոլով զբաղվողների քանակն ենք ավելացնում։ Զարգացնելը լրիվ այլ մոտեցում պետք է լինի։
Վերջերս Հենրիխ Մխիթարյանը նշում էր, որ մարզիչները երեխաներին սովորեցնեն ուղեղով, անեն ամեն ինչ (չնայած մարզիչներ կան էլ չասեմ․․․)։ «Իմ ասածն այն է, որ երեխաներ կան արդեն առանց ասելու ուղեղով են խաղում, այդ երևում է։ Գոնե այդ երեխաներին աչքաթող չարվի։ Կլինի թե՛ ծնողի հետ խոսալով, թե՛ երեխայի, թե պայմանագիր կնքելով․․․»,- նշել է Հենոն։
Հիմա Հենոն «Ռոմայու» խաղում է հիմնականում իր ուղեղի հաշվին, իսկ ուղեղի աշխատանքը գալիս է այն ժամանակներից, որ Նոբել Առուստամյանի վավերագրական ֆիլմում տեսնում ենք՝ դպրոցում տարբեր առարկաների դիմաց 5 գնահատականից (90 թվականներին 5 բալանոց համակարգ էր, հանկարծ շատ երեխաներ չասեն մերնել է 5!)։ Պատահական չէ, որ մարդը 6–7 լեզու գիտի։ Հարգելով իր մանկապատանեկան մարզիչներին՝ այնուամենայնիվ իր աշխատասիրության, կրթության և իհարկե ընտանիքի օգնության արդյունք է՝ ինչ կա այժմ իր դեպքում։

Օրինակներ կարելի է շատ բերել՝ Մոդրիչ, Չավի, Էրիկսեն, Մյուլլեր․․․։ Նշե՛ք նրանց ամենամեծ առավելությունը։ Ըստ իս՝ 10–12 տարեկանում էլ նրանք առանձնացել են «ուղեղի» աշխատանքով։ Հիշում եմ՝ Եվրոպայի 19 տարեկանների առաջնությունից առաջ, որը տեղի ունեցավ Երևանում։ Էդգար Մանուչարյանը 19 տարեկանների հետ հանդիպելիս, երբ նրանցից մեկը ասում է՝ «իրանց ֆուտբոլը արագ է», Էդգարը նշում է՝ հա, իրենց մոտ (երևի Հոլանդիայում) երեխաներն էլ են արագ խաղում։ Բայց արագ խաղալու համար, նախ պետք է արագ մտածել, թե չէ այնպես չի, որ մեր երեխաները բոլորը դանդաղաշարժ են։

Ես ներկա եմ եղել 19 տարեկանների Ֆրանսիայի հետ հանդիպմանը (0։2)։ Տրիբունայից լսվում էր մեր մարզիչի ձայնը՝ «տղեք մի քիչ արագ մտածեք էլի» (պաշտպանությունից դուրս գալիս)։ Բայց արագ մտածելու համար, ըստ իս, պետք չի 19 տարեկանին ասել, պետքա գնալ 8–14 տարեկանից ընտրել արագ մտածող երեխաների ու ուշադրության կենտրոնում պահելով բերել հասցնել 17 ու 19 և էլ պետք չի ասել՝նա կանի։ Թե չէ 19-ից 99 տարեկան շատ քիչ տարբերություն է տալիս արագ մտածելու հարցում։ Օրինակները շատ են։ Կարող եք կարդալ Տարխանովի հարցազրույցը «Վուլվերհեմպտոնի» խաղից առաջ։ Շատ հարցազրույցներում, առավել ևս խաղային դրվագներում կարող եմ ապացուցել իմ տեսակետը։
Վերջապես մեր վարչապետն է միշտ նշում՝ «ամեն ինչի հիմքում ուղեղի աշխատանքն է»։ Ֆուտբոլը չի կարող անմասն մնալ այդ մտքից։ Նամանավանդ ժամանակակից արագ ֆուտբոլը։ «ֆուտբոլ խաղում են ուղեղով» հենց այնպես չի ասվում։
Չնայած շփվելով որպես ծնող (ֆուտբոլի ակադեմիայում)՝ ես ոչ մի նման մոտեցում չտեսա (բացառությամբ մեկ դեպքի): 2018 թվականին մասնակցել եմ C և B կարգի մարզչական դասընթացի, և ես նորից համոզվեցի, որ այնքան էլ առաջնահերթություն չի տրվում այս մոտեցմանը, կարծես այդ մոտեցումը հայկական ֆուտբոլում մղված է հետին պլան: Նշեմ, որ C արտոնագրի քննությունը չհանձնեցի։ Գործեց՝ «լավա, բայց տեղ չկա» տարբերակը։ Համենայնդեպս կային հանձնողներ, որոնք 30–40 մ օդային փոխանցում դժվար թե կարողանային իրացնել:

Ինչևէ։ Որոշ մտքերի հետ համաձայն չէի։ Կար միտք-ցուցում, որ ես կապեցի ավելի շատ ֆուտբոլի թաղման, քան զարգացման հետ (խաղային ինչ որ դրվագում փոխանցում ստացող ֆուտբոլիստը հակառակորդ թիմի որ ֆուտբոլիստին զուգահեռ պետք է կանգնի գնդակ ստանալու համար)։ Բարձրաձայնեցի միայն այն, ինչի մասին գրում եմ։ Դրանից հետո որոշեցի կարդալ մարզչական B արտոնագրի ձեռնարկը։ Ձեռնարկում մտքեր կային, որոնք ինձ թված 80-ական թվականների ֆուտբոլի մասին է գրված։ Ոչ մի շունչ չկար ժամանակակից ֆուտբոլի մասինմ այլև մինչև անգամ տրագիկոմեդիայի ժանր էր հիշեցնում (համենայն դեպս ինձ համար)։ Գրված է մոտ հետևյալը․
«Հարվածել դարպասին ցածրից, քանզի այդպիսի բարձրության վրա սլացող գնդակը կարող է դիպչել պաշտպաններից մեկին և փոխել իր ուղղությունը…»
Կարծես բարձրից խփած բոլոր գոլերը սխալ է խփված։
Այժմ մեր ֆուտբոլում աշխատում են իսպանացի մասնագետները։ Չնայած ես գտնում եմ, որ մեզ պետք էր սելեկցիոն մարզիչներ։ Գիտեմ, որ ունենք նոր մեթոդիկա, որը հաստատ ավելի լավը կլինի, եթե հաշվի են առնվել հայկական որոշ բնավորության գծեր և ինչու չէ երկրի խնդիրները։ iPad մարզիչներ։


Բայց այդ բոլորով հանդերձ վերջում գտնում եմ, որ կարևորը պետք է ընտրությունը ճիշտ արվի, հակառակ դեպքում կունենանք շատ քիչ դրական արդյունք անգամ նոր մեթոդիկայով։ Շատ բարձր եմ գնահատում մարզչական դասընթացների անցկացումը իսպանացիների կողմից։ Իմ տեսակետը այն է, որ ընտրությունը արվի ոչ թե 15 կամ 17 տարեկաններից այդ հավաքականների համար, այլ այդ պարապմունքների հետ մեկտեղ սելեկցիոն աշխատանք տարվի 8–14 տարեկանների մեջ։ Կարծում եմ, որ եվրոպական գրանդ ակումբներից երբ գնում են Աֆրիկայից կամ այլ ամերիկյան պետություններից ֆուտբոլիստ ընտրելու, այդ բոլոր երեխաները պարապում են բարձրակարգ մարզիչների մոտ։ Պետք է ուղղակի ճիշտ ընտրություն անել։
Քաղաքականությունից եկող շատ լավ օրինակ կա, բայց չքաղաքականացնենք․․․
Մոտ 10–12 տարի քիչ թե շատ շփվելով մանկապատանեկան ֆուտբոլի հետ՝ հանդիպել եմ երեխաների, որոնք ցավոք թողել են ֆուտբոլը՝ չնայած նրանց արագ մտածելու ընդունակությանը և իրենց մոտեցմանը ֆուտբոլին։ Եվ կա հակառակը։ Գիտեմ ֆուտբոլիստներ, որոնց մեծարում էին ինչ-ինչ տվյալներից ելնելով, բայց ոչ արագ մտածող ու արդյունքում 5–7 տարի հետո ստանում ենք այն, ինչ կա, իսկ եթե ցածր տարիքում երեխայի մոտ չի երեևում արագ ու ճիշտ մտածելու ընդունակությունը, ապա հետագայում, ժամանակակից արագ ֆուտբոլում մնացած առավելություններից համարյա բան չի մնում։ Կներեք, բայց անուններ չնշեմ։
Նշեմ, որ համաձայն եմ այն մտքի հետ՝ 700 փոքր դաշտերի փոխարեն 20 ակադեմիաներ։ Թեկուզ 8–10 ակադեմիա, 150–200 դաշտ։ Ուղղակի կարծում եմ՝ քանակից որակ մենք կարող ենք ստանալ նաև հիմա, և այդ որակը ընտրել 8–14 տարեկանների մեջ։ Ի դեպ, առանց մարզերում ֆուտբոլի զարգացման, մենք ոչ մի զգալի հաջողություն չենք ունենա։ Յուրաքանչյուր հավաքականում ամենաքիչը 4–5 խաղացող պետք է լինի մարզերից, եթե ոչ ավել։ Ես չեմ հավատում, որ մենք կունենանք ուժեղ առաջնություն, բայց ունենալ Չեխիայի, Դանիայի, Իսլանդիայի, Խորվաթիայի նման ուժեղ հավաքական, պարտավոր ենք։ Պարզապես մեր ֆուտբոլիստները պետք է խաղան եվրոպական թիմերում, ոչ թե Ղազախստանում։
Չգիտեմ՝ 2040–50 թվականներին կլինե՞նք Եվրոպայի մրցանակակիր, թե՞ ոչ, բայց որ 5–7 տարում կարելի է ունենալ 17 տարեկանների հավաքական, որը հավասար կխաղա աշխարհի բոլոր հասակակից հավաքականների հետ, հավատում եմ։

Ստեղծվել է ԲԿՄԱ-ն։ Շատ լավ է, բայց կարելի է ուրիշ մեթոդով լուծել այդ հարցը։ Ճիշտն ասած մի քիչ համարձակ, բայց քննարկելի․․․ Որը մի քանի կարևոր հարց միանգամից կլուծեր հայկական ֆուտբոլում։
Որպեսզի երկար նախաբան չգրեմ, կամ պատասխանից հետո երկար վերջաբան, ասեմ՝ ԲԿՄԱ-ի խաղացողներին կընտրեի հենց բանակից, սակայն դրա իրագործումն առանձին թեմա է։
Մի խոսքով՝ մեր հիմնական խնդիրը հայկական ֆուտբոլում համարում եմ ոչ թե մինչև 17,19,21 տարեկանների և ոչ էլ ազգային հավաքականի արդյունքները, այլ 8–14 տարեկանների գրագետ մարզումնները և ամենակարևորը այդ տարիքում սելեկցիոն աշխատանքը։

Հ․Գ․ Ի դեպ՝ տեքստը համակարգչով հավաքել է տղաս, ով 13 տարեկանում թողել է ֆուտբոլը, ինչի համար եղել են ինչպես սուբյեկտիվ, այնպես էլ օբյեկտիվ պատճառներ։ Այժմ սովորելով 11-րդ դասարանում՝ արդեն 4–5 տեղից աշխատանքի հրավեր է ստացել՝ որպես ծրագրավորող, բայց դեռևս պետք է շարունակի ուսումը։

Յուրա Սիմոնյան

#

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023