Ընթերցողի կարծիք․ Ինչո՞ւ է Բարսելոնան հայտնվել ճգնաժամում

Ընթերցողի կարծիք․ Ինչո՞ւ է Բարսելոնան հայտնվել ճգնաժամում

15/12/2020 - 00:31

«Բարսելոնան» պարզապես ակումբ չէ․ այն անկախության, ազատության գաղափարախոսության կապտանռնագույն մարմնավորումն է, որի ճգնաժամը մի լայն հասարակության շերտի գաղափարական  ճգնաժամ է։

Նախորդ տրանսֆերային պատուհանի ժամանակ Լեո Մեսսին ցանկություն էր հայտնեց ակումբից հեռանալու մասին․․․ Կատալոնիայի օդը այդ տեղեկատվությունից հետո սկսեց դողալ անպաշտպան մանկան պես․ մթնոլորտը լցվեց ի՞նչ, ինչպե՞ս թե, ինչո՞ւ հարցերով, իսկ իրականում դա խնդիրների կուտակումից պոռթկումն էր, ինչպես եռացող ջուրը, որ եթե ժամանակին չհետևես կթափվի, կայրի․․․ 

Մի պահ մոռանանք այս մրցաշրջանի պարտությունները, վատ ելույթները։ Ամենավատն այն է, որ այս ամենը նույնիսկ զարմանալի չէ։ Ակումբն այժմ նման է բաց օվկիանոսում հայտնված մի անպաշտպան նավակի, որը չգիտի՝ ուր է գնում  կամ ինչի համար։ Չկա ուղղություն, չկա ղեկավարություն, չկա ծրագիր, թե ինչպես դուրս գալ այս անորոշ իրավիճակից։ Ժամանակավոր նախագահ Կառլոս Տուսկետսը չունի բավականաչափ իշխանություն, Ռոնալդ Կումանը չի կարողանում կատարել իր առջև դրված խնդիրը, Լեո Մեսսիի ապագան անորոշ է ակումբում։ 

17 միավոր 11 մեկնարկային խաղերում  ամենավատ ցուցանիշն է 1994 թվականից ի վեր,  ՉԼ-ում  Բարսելոնան սեփական հարկի տակ 38 խաղ չէր պարտվում, իսկ մի քանի օր առաջ «Յուվենտուսն» ընդհատեց այդ տպավորիչ ցուցանիշը։

Բոլորը սպասում են, թե ի՞նչ է լինելու, թե ո՞վ է հունվարին ընտրվելու նախագահ, թե արդյո՞ք Մեսսին կերկարաձգի պայմանագիրը, որի ժամկետը լրանում է 2021-ի հունիսին, թե արդյո՞ք ընտրված նախագահին կահաջողվի լուծել ակումբի հսկայական ֆինանասկան խնդիրները։ 

Նկարում  աջից Կառլոս Տուսկետսն է։

Ինչո՞ւ և ինչպե՞ս երբեմնի փառահեղ ակումբը հայտնվեց անդունդի եզրին

«Բարսելոնայի ճգնաժամը ուղղակի մարզական չէ, այն նաև ինստիտուցիոնալ է, տնտեսկան է, սոցիալական է, և այս ամենը տեղի ունեցան միաժամանակ։ Այս համաճարակի պայմաններում ակումբը հայտնվել է անդունդի եզրին։ «Բարսելոնան» ծանր ժամանակներ է ապրում»,- ասաց իսպանական ֆուտբոլի պատմաբան Անխել Իտուռիագան։ 

Իտուռիագան մի շարք գրքերի հեղինակ է՝ «Բարսա․ Եվրոպայի Արքան», ունի նաև առանձին աշխատություններ ակումբի ֆուտբոլիստների և ղեկավարների մասին, այնպես որ գրողը լավ իրազեկված է ակումբի ներքին խոհանոցից։

««Բարսելոնայի» խնդիրների բազմաշերտ լինելը կապված է նրա իդեալոգիայի հետ։ «Բարսելոնան» «mes que un club» (ավելին, քան ակումբ) է, այն ուղղակիորեն խորը արմատներով կապված է Կատալոնիայի հասարակության, Կատալոնիայի քաղաքականության հետ և դա է պատճառը, որ ակումբի հետ կապված ցանկացած իրադարձություն ավելի լայն արձագանք է ստանում, նրա խնդիրներն ավելի բազմազան են լինում, քան կարող են լինել օրինակ «Մանչեսթեր Յունայթեդինը» «Ռեալինը» կամ «Միլանինը»։ «Բարսելոնան» բոլոր կատալոնացիների ակումբն է»,- նշել է Իտուռիագան։

Իտուռիագան ասում է նաև, որ երբ ակումբը հայտնվել է ինստիտուցիոնալ ճգնաժամի մեջ այն արտացոլվել է խաղադաշտում։ Այսինքն, «Ռոմայից», «Լիվերպուլից», «Բավարիայից» կրած ծանր պարտությունները այդ ճգնաժամի մասին աղաղակող փաստերն են։

«Այնպիսի ակումբում, ինչպիսին «Բարսելոնան» է բոլոր  խնդիրները այնպիսի արձագանք են ստանում, որ այն ուղղակիորեն ազդում է հանդերձարանի վրա։ Ակումբի ողջ պատմության ընթացքում բոլոր մարզական ճգնաժամերին նախորդել է ֆինանսական, ինստիտուցիոնալ խնդիրները։ Վերջին տարիներին «Բարսելոնան» Չեմպիոնների Լիգայում շատ վատ արդյունքեր է գրանցում, ու այդ ամենը վերը նշվածի պայթյունն էր խաղադաշտում, բայց մինչ այդ, այն պայթում է սոցիալական, ֆինանսական, ինստիտուցիոնալ մակարդակներում, հետո միայն տեղափոխվում  խաղադաշտ։ Ու այս ամենը դրդում է հասարաությանը (երկրպագուներին) դիմել գործողությունների»,- նշում է Անխել Իտուռիագան։

Խաղադաշտում Իտուռիագայի նշած պայթյունը տեղի ունեցավ օգոստոսին, երբ «Բավարիան» չնկատեց «Բարսելոնային» ՝ հաղթելով 2։8 հաշվով։ Հասարակությունը անվստահություն հայտնեց Բարտոմեուն, ինչի հետևանքը եղավ վերջինիս հրաժարականը հոկտեմբերին։

«Ակումբի նախկին նախագահ Խոսեպ Լուիս Նունյեսի ու նախկին գլխավոր մարզիչ  Յոհան Կրոյֆից հետո ի հայտ եկան ակումբի ղեկավարման երկու տարբեր ուղղություններ, կամ եթե կուզեք՝ տեսություններ։  Առաջին կողմը ավելի շատ մտահոգված է ակումբի ֆինանսական վիճակով, կարճ ասած՝ ավելի կոնսերվատիվ է, քիչ ծախսող տրանսֆերների վրա ու ոչ միայն, հազվադեպ է դիմում կառուցվածքային փոփոխությունների, այս ուղղությունը ավելի շատ հայտնի է «նունիզմ» անունով։  Երկրորդ կողմը՝ «Կրոյֆիզմը», ասում է, որ եթե դուք ծախսեք, ապա դրան կհետևի նաև նոր ֆինանսների մուտքը ակումբ։  Արդեն 30 տարի է, այս երկու ուղղություններն են իրար փոփոխելով ղեկավարում ակումբը և գուցե կողքից սա դժվար հասկանալի է, բայց ակումբը ներսից ճանաչելու համար այս ամենը հարկավոր է»,- շարունակում է Իտուռիագան։

Բարտոմեուն, ով ավելի շատ «Կրոյֆիզմի» տեսության ջատագով էր հեռացավ, բայց խնդիրները մնացին, ու չնայած նրա հեռանալուն, Լեո Մեսսիի հեռանալու մասով դիրքորոշումը մնում է անփոփոխ։  Կատալոնական թերթերը քիչ-քիչ փոխում են իրենց հռետորաբանությունը ավագի մասին խոսելիս։ Ցանկացած խաղում Բարսելոնայում սպասում են հրաշքի Մեսսիից, բայց նա վաղուց 26 տարեկան չէ ու Կատալոնիայում կարծիք է շրջանառվում, որ գուցե արժեր բաց թողնել ամռանը Լեոին․․․  

Արգենտինացին ամեն կերպ ցույց է տալիս, որ երջանիկ չէ ակումբում ու այստեղ հարցը, իհարկե, գումարը չէ։  Թիմի ավագն այն մարդն է, ով կարող է մի ելույթով շատ բան շրջել ակումբում, բայց նա լուռ է։ Լեոն չշփվեց լրագրողների հետ ո՛չ հոկտեմբերին «Ռեալից» կրած պարտությունից հետո և ո՛չ էլ վերջերս «Յուվենտուսին» զիջելուց հետո։

Կատալոնիան պետք է ծափերով, լեփ-լեցուն «Նոու Կամպով» ճանապարհի լեգենդին։ Պետք չէ ամեն ինչ անել, որ Մեսսին մնա, պետք է ամեն ինչ անել, որ Լեոն ըստ արժանվույն հեռանա։ Հաճախ բաժանումը, նոր բանի սկիզբ է։ Նոր «Բարսելոնայի», նրա վերածննդի համար այս բաժանումը ուղղակի կենսական է ու դա ամենալավը հասկանում է, իհարկե, թիմի լեգենդը։

Կարեն Պողոսյան

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023