Բորուսիան քիչ-քիչ բարելավում է դիրքերը՝ մոտենալով ՉԼ գոտուն 🎥

Բորուսիան քիչ-քիչ բարելավում է դիրքերը՝ մոտենալով ՉԼ գոտուն 🎥

27/02/2021 - 20:24

Գերմանական Բունդեսլիգայի 23-րդ տուրի շրջանակում Դորտմունդի «Բորուսիան» սեփական հարկի տակ ընդունեց հետնապահների թվում ընթացող «Արմինիային»։

Առաջին խաղակեսի ընթացքում, ինչպես և սպասվում էր, դորտմունդյան ակումբը խաղի ղեկն իր ձեռքը վերցրեց և մինչ ընդմիջման գնալը կարող էր հաղթել մրցակցին նույնիսկ խոշոր հաշվով, սակայն «իշամեղուների» ֆուտբոլիստների հարվածները կա՛մ շեղ էին ընթանում, կա՛մ կասեցվում էին մրցակցի պաշտպաների կողմից, կա՛մ էլ հյուրերի դարպասապահ Շտեֆան Օրտեգան փրկում էր իր թիմին վերահաս գոլից։

Այնուամենայնիվ, առաջին 45 րոպեների ընթացքում գոլեր չգրանցվեցին, և կողմերն ընդմիջման գնացին նույն հաշվով, որով սկսել էին հանդիպումը։

Երկրորդ խաղակեսում նույնպես նախաձեռնությունը Էդին Թերզիչի ֆուտբոլիստների ձեռքում էր, ինչն էլ շուտով արտացոլվեց դարպասի գրավման տեսքով։

48 -րդ րոպեին Ջեյդոն Սանչոյի փոխանցումն արդյունավետ եզրափակեց տանտերերի կիսապաշտպան Մահմուդ Դահուդը՝ առաջ մղելով իր թիմին։

10 րոպե անց աչքի ընկնելու հերթն արդեն Սանչոյինն էր, ով հստակորեն իրացրեց 11-մետրանոց հարվածը՝ կրկնապատկելով «դեղինների» առավելությունը։

Այս երկու գոլերից հետո, միևնույնն է, նախաձեռնողի դերում շարունակում էին մնալ Թերզիչի սաները, ովքեր էլ հանդիպման հիմնական ժամանակի ավարտից 9 րոպե առաջ 3-րդ գնդակն ուղարկեցին «Արմինիայի» դարպասը՝ ձևակերպելով հանդիպման վերջնահաշիվը՝ 3։0։ Գոլն իր անվան դիմաց գրանցեց Ռեյները, իսկ գոլային փոխանցում կատարողը Էրլինգ Հալանդն էր։

Այս հաղթանակից հետո «Բորուսիա Դորտմունդը» վաստակեց 39 միավոր և բարձրացավ Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնական։

Հավելենք, որ դորտմունդյան ակումբը Չեմպիոնների լիգայի ուղեգիր տվող 4-րդ հորիզոնականը զբաղեցնող «Այնտրախտին» արդեն զիջում է 3 միավոր, որն ընթացիկ տուրում հյուրընկալվելիս 1։2 հաշվով զիջեց «Վերդերին»։

«Արմինիան» մնաց 18 միավորով և գտնվում է վտանգավոր գոտում՝ 16-րդ հորիզոնականում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023