Բարսելոնան և Ատլետիկոն խոշոր նվեր են մատուցում Ռեալին 🎥

Բարսելոնան և Ատլետիկոն խոշոր նվեր են մատուցում Ռեալին 🎥

08/05/2021 - 20:06

Իսպանական Լա լիգայի 35-րդ կենտրոնական հանդիպման շրջանակում «Բարսելոնան» «Նոու Կամպ» մարզադաշտում մրցեց «Ատլետիկո Մադրիդի» դեմ։

Առաջին խաղակեսի սկզբնամասը հիմնականում անցավ հավասար պայքարում․ կողմերը ցուցաբերում էին ակտիվություն, սակայն բանը գոլային պահերին չէր հասնում։

Խաղակեսի միջնամասից սկսած՝ «հնդկացիները» սկսեցին տիրել նախաձեռնությանը։ Վտանգավոր պահերը «Բարսելոնայի» դարպասին սկսեցին հաջորդել մեկը մյուսին, սակայն նախքան ընդմիջման գնալը մադրիդյան ակումբի ֆուտբոլիստները մի շարք իրական գոլային պահեր վատնեցին, իսկ Մարկ-Անդրե Տեռ Շտեգենը որոշ դրվագներում հրաշքներ գործեց՝ փրկելով իր թիմին։

Ինչ վերաբերում է կատաալոնական ակումբին, ապա տան տերերը հիմնականում շեշտը դրել ին պաշտպանության վրա և հաջողությամբ կատարեցին իրենց առջև դրված խնդիրը։

Ամեն դեպքում, կողմերն ընդմիջման գնացին 0։0 պայմաններում։

Երկրորդ խաղակեսում հակառակ պատկերն էր դաշտում․ «Ատլետիկոյի» ֆուտբոլիստները նախաձեռնությունը զիջել էին «կապտանռնագույններին»՝ ապավինելով հակագրոհների վրա։

Ռոնալդ Կումանի սաները ստանալով խաղային առավելություն՝ որոշ դրվագներում բավական վտանգավոր պահեր ստեղծեցին Յան Օբլակի պաշտպանած դարպասի ուղղությամբ։

Հատկապես հիշատակման է արժանի 66-րդ րոպեին Լեո Մեսսիի իրացրած տուգանային հարվածը, որից հետո սլովենացի դարպասապահը փրկեց իր թիմին։

Հանդիպման վերջնամասն էլ անցավ հավասար պայքարում, և ի վերջո, ակումբներն այս խաղում չգտան մրցակցի դարպասի բանալին։

Այսպիսով, «Բարսելոնա» – «Ատլետիկո» հանդիպումն ավարտվեց 0։0 հաշվով։

Այս ոչ-ոքիից հետո կատալոնական ակումբը վաստակեց 75 միավոր, շրջանցեց «Ռեալին»՝ ժամանակավորապես բարձրանալով 2-րդ հորիզոնական։

«Ատլետիկո Մադրիդն» էլ վաստակեց 77 միավոր և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը։

«Արքայական» ակումբի ակտիվում կա 74 միավոր, սակայն «Ռեալն» ընթացիկ տուրում դեռևս չի անցկացրել իր հանդիպումը։ Զինեդին Զիդանի թիմը մայիսի 9-ին Մադրիդում կմրցի «Սևիլիայի» դեմ և հաղթանակի դեպքում կգլխավորի մրցաշարային աղյուսակը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023