Բարսելոնան ու Ատլետիկոն համաձայնության են հասել Գրիզմանի հարցում

Բարսելոնան ու Ատլետիկոն համաձայնության են հասել Գրիզմանի հարցում

05/10/2022 - 16:46

Անտուան Գրիզմանը, ում տրանսֆերային իրավունքները շարունակում են պատկանել «Բարսելոնային», շատ մոտ է «Ատլետիկո Մադրիդիի» լիիրավ անդամ դառնալուն։

Ինչպես տեղեկացնում է Marca-ն, երկու ակումբները ֆրանսիացի հարձակվողի տրանսֆերի հարցում հասել են համաձայնության։

Աղբյուրի փոխանցմամբ` նախկին 40 մլն եվրոյի փոխարեն, «հնդկացիները» գործարքի դիմաց «բլաուգրանային» կվճարեն 20 մլն, որին հետագայում ևս 2 մլն կավելանա հավելավճարների տեսքով։

Ինքը` Գրիզմանը, հանուն «Ատլետիկոյում» մրցելույնթերը շարունակելու, համաձայնել է աշխատավարձի 30%-ի նվազման։ Նա 2022/23 մրցաշրջանից կվաստակի տարեկան 7 մլն եվրո աշխատավարձ։

Սպասվում է, որ 31-ամյա հարձակվողը մադրիդյան ակումբի հետ կնքելու է 4 տարվա պայմանագիր։

Հաղորդվում է, որ կողմերի միջև համաձայնությանը նպաստել են հատկապես «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի և անձամբ Գրիզմանի դիրքորոշումները։

Նշվում է, որ «Բարսելոնան» ու «Ատլետիկո Մադրիդը» վերջնակապես չեղարկել են կողմերի միջև վարձակալական պայմանագրում առկա այն կետն, ըստ որի, «հնդկացիները» պարտավորվում էին 40 մլն եվրոյի դիմաց գնել Գրիզմանի տրանսֆերային ամբողջական իրավունքները, եթե ֆրանսիացի հարձակվողը 2021/22 և 2022/23 մրցաշրջաններում ակումբի հանդիպումների 50%-ի ժամանակ նվազագույնը 45 րոպե անցկացներ խաղադաշտում։

«Ատլետիկոն» չէր ցանկանում Գրիզմանի տրանսֆերի դիմաց վճարել 40 մլն եվրո, այդ պատճառով ակումբի մարզչական շտաբը վերջերս նրան դաշտ էր դուրս բերում միայն հանդիպումների 60-րդ րոպեից հետո, ինչը դարձել էր լուրջ քննարկումների առիթ, ընդհուպ` «Բարսելոնան» պատրաստվում էր դատական հայց ներկայացնել մադրիդցիների դեմ։

Հիշեցնենք, որ Անտուան Գրզիմանն «Ատլետիկո Մադրիդի» կազմում հանդես է եկել 2014-19 թթ., ինչից հետո 120 մլն եվրոյի դիմաց տեղափոխվել է «Բարսելոնա», որի մարզաշապիկով անցկացրած 102 խաղում դարձել է 35 գոլի և 17 գոլայւն փոխանցման հեղինակ։

Այդուհանդերձ, 2021 թ. ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ 31-ամյա ֆուտբոլիստը վարձավճարով վերադարձավ «Ատլետիկո»։

Ինչ վերաբերում է ֆրանսիացի հարձակվողի` «Ատլետիկոյում» ունեցած մրցելույթներին, ապա նա «հնդկացիների» կազմում դաշտ է դուրս եկել 303 անգամ` դառնալով 144 գոլի և 58 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023