Ա Սերիա.  Նապոլին ու Ատալանտան չպարզեցին հաղթողին, դրամա Յուվեի դաշտում ?

Ա Սերիա. Նապոլին ու Ատալանտան չպարզեցին հաղթողին, դրամա Յուվեի դաշտում ?

31/10/2019 - 13:34

Մոտենում է ավարտին իտալական Ա Սերիայի 10-րդ տուրը։ Երեկ կայացավ 7 հանդիպում

Նախ Երևանի ժամանակով 22:00-ին իրար դեմ էին դուրս եկել Չեմպիոնների լիգայի գոտում գտնվող «Նապոլին» և «Ատալանտան»։

Խաղն ավարտվեց 2:2 հաշվով։ 16-րդ րոպեին «Նապոլիին» հաջողվեց առաջ անցնել հաշվի մեջ. աչքի ընկավ Նիկոլա Մաքսիմովիչը։ Սակայն, մինչև ընդմիջման գնալը Ռեմո Ֆրոյլերը հավասարեցրեց հաշիվը։

Երկրորդ խաղակեսի միջնամասում տանտերերին հաջողվեց կրկին առաջ անցնել հաշվի մեջ։ 71-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Արկադիուշ Միլիկը։

Խաղավարտից 4 րոպե առաջ Յոսիպ Իլիչիչն իր գոլով 1 միավոր վաստակեց «Ատալանտայի» համար։


Մրցաշարային աղյուսակի առաջատար «Յուվենտուսը» «Ալյանց» մարզադաշտում ընդունել էր հետնապահների թվում ընթացող «Ջենովային»։

Հանդիպումը դրամատիկ ընթացք ունեցավ։ Նախ հանդիպման 36-րդ րոպեին Լեո Բոնուչչին անկյունայինի խաղարկումից հետո բացեց հաշիվը։

Ընդամենը 5 րոպե անց Տիագո Մոտտայի սաներին հաջողվեց հավասարեցնել հաշիվը։ Աչքի ընկավ Քրիստիան Կուամեն` 1:1։

51-րդ րոպեին հյուրերի կիսապաշտպան Ֆրանչեսկո Կասատան հեռացվեց խաղադաշտից` ստանալով երկրորդ դեղին քարտը։ Այնուհետև, 58-րդ րոպեին ոչ սպորտային պահվածքի համար կարմիր քարտ ստացավ նաև «Ջենովայի» պահեստային դարպասապահ Ֆեդերիկո Մարկետին։

Թվում էր` «Յուվեին» չի հաջողվելու կոտրել 10 հոգով մնացած «Ջենովայի» դիմադրությունը, բայց դեռ ամեն ինչ առջևում էր։

Մրցավարի կողմից ավելացված 3-րդ րոպեին Կրիշտիանու Ռոնալդուն դարձավ գոլի հեղինակ, որը VAR-համակարգը չարձանագրեց։ Րոպեներ անց, «Յուվեի» խաղացողները վաստակեցին 11 մետրանոց, որն անվրեպ իրացրեց նույն Ռոնալդուն` պարգևելով հաղթանակ իր թիմին։

Իսկ մայրաքաղաքային «Ռոմային» առանց Հենրիխ Մխիթարյանի վերջապես հաջողվեց հաղթանակ տանել։

Հռոմեական ակումբին հաջողվեց 10 հոգով հյուրընկալվելիս վստահ հաղթանակ տանել «Ուդինեզեի» նկատմամբ։ Գոլերի հեղինակներ դարձան Նիկոլո Ձանյոլոն, Քրիս Սմոլինգը, Ջասթին Կլյուվերտը, Ալեքսանդր Կոլարովը։ «Ռոմայի» կազմում 34-րդ րոպեին կարմիր քարտի արժանացավ Ֆեդերիկո Ֆասիոն։

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դեռևս ապաքինվում է վնասվածքից։

Մյուս խաղերում գրանցվեցին հետևյալ արդյունքները.

«Կալյարի» 3:2 «Բոլոնիա»

«Սամպդորիա» 1:1 «Լեչչե»

«Սասուոլո» 1:2 «Ֆիորենտինա»

«Լացիո» 4:0 «Տորինո»

Մրցաշարային աղյուսակը 26 միավորով գլխավորում է «Յուվենտուսը», «Ինտերը» 1 միավոր պակաս ունի, իսկ «Ատալանտան» և «Ռոման» 21 և 19 միավորով 3-րդ և 4-րդ հորիզոնականում են համապատասխանաբար։

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023