Լոռին չի շարունակի մրցելույթները  VBet Հայաստանի Պրեմիեր լիգայի շրջանակում

Լոռին չի շարունակի մրցելույթները VBet Հայաստանի Պրեմիեր լիգայի շրջանակում

16/03/2021 - 23:25

Մարտի 16-ին VBet Հայաստանի Պրեմիեր լիգայի 18-րդ տուրի շրջանակում պետք է կայանար «Արարատ» – «Լոռի» հանդիպումը, սակայն այն այդպես էլ չմեկնարկեց։

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, Վանաձորը ներկայացնող ակումբի ֆուտբոլիստները մրցավարի՝ խաղի մեկնարկն ազդարարող սուլիչից հետո լքել են խաղադաշտը:

Հանդիպման պատվիրակը և գլխավոր մրցավարը սպասել են 10 րոպե՝ հնարավորություն տալով «Լոռի ՖԱ»-ի ֆուտբոլիստներին վերադառնալ խաղադաշտ: «Լոռի ՖԱ» ֆուտբոլիստները, առանց «Լոռի ՖԱ» ակումբի կողմից որևէ հիմնավոր պատճառ ներկայացնելու, չեն վերադարձել խաղադաշտ, ինչի հետևանքով էլ հանդիպումը չի կայացել:

Միջադեպի կապակցությամբ, համաձայն ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտեի հոդված 33-ի կետ 12-ի, կներկայացվի միջնորդություն ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտեին, որի նիստի ընթացքում էլ կկայացվի հանդիպման վերաբերյալ վերջնական որոշումը:

Խաղից հետո «Լոռիի» հիմնադիր Թովմաս Գրիգորյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել՝ հայտարարելով ակումբի՝ VBet Հայաստնաի Պրեմիեր լիգայից դուրս գալու մասին․

«Հարգելի հայրենակիցներ, ֆուտբոլային ընտանիքի ներկայացուցիչներ.

Այսօր շատ ցավալի օր է ինձ համար։ «Լոռի» ֆուտբոլային ակումբը ոչ սպորտային որոշում կայացրեց’ չսկսելով հանդիպումը Երևանի «Արարատի» հետ, ինչի համար ներողամտությունս եմ հայցում «Լոռիի» երկրպագուներից, ստադիոնում և հեռուստաէկրանների մոտ հավաքված ֆուտբոլասերներից։

Բայց սա անելանելի քայլ էր, քանի որ ՀՖՖ-ն արհամարհական կեցվածք է ընդունել «Լոռի» ակումբի նկատմամբ: Մեր երկու դիմումներից մեկը` ՀՖՖ բողոքարկման կոմիտե, քննարկվում է 8 ամիս անց, սակայն ՀՖՖ-ն կրկին չի բարեհաճում հրապարակել կոմիտեի որոշումը։

Նման անառողջ մթնոլորտում չեմ պատրաստվում շարունակել պայքարը ՀՖՖ-ի գծած սցենարով, որտեղ նրանց համար ակումբները բաժանված են յուրայինների և օտարների։ Ծանր է կայացնել այս անմարդկային որոշումը. «Լոռին» կյանք է, մարզը ապրում է ֆուտբոլով, թիմը պայքարում է ամենաբարձր մրցանակային տեղերի համար։ Այս պարագայում չի մնում այլ քայլ՝ պայքարելու ՀՖՖ-ի անարդարությունների դեմ, ուստի որոշում եմ կայացրել` դադարեցնել Լոռի թիմի մասնակցությունը ՀՀ առաջնությունում»,- գրված է պաշտոնական հայտարարության մեջ։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023