Յուվենտուսը Պիռլոյին  փոխարինողների մի շարք  տարբերակներ է դիտարկում

Յուվենտուսը Պիռլոյին փոխարինողների մի շարք տարբերակներ է դիտարկում

23/03/2021 - 16:41

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Անդրեա Պիռլոյի ապագան շատ մշուշոտ է, քանի որ իտալացի մասնագետի գլխին սև ամպեր են կուտակվել։

Ինչպես գրում է La Repubblica-ն, իտալական Ա սերայի 28-րդ տուրի շրջանակում «Բենևենտոյից» 0:1 հաշվով կրած պարտությունից հետո 41-ամյա մասնագետի աթոռն սկսել է անչափ երերալ։

Հատկանշական է, որ այդ խաղից հետո «Յուվենտուսի» հանդերձարանից վիճաբանության ձայներ են լսվել, հնչել են վիրավորանքներ։ Բացի այդ, վիճաբանություն է ծագել նաև «բյանկոներիների» գլխավոր մարզիչ Անդրեա Պիռլոյի և ակումբի նախագահ Անդրեա Անյելիի միջև։

Աղբյուրի փոխանցմամբ՝ «Յուվենտուսի» ղեկավարությունը հաջորդ մի քանի շաբաթների ընթացքում կվերլուծի Անդրեա Պիռլոյի աշխատանքը և վերջնական որոշում կկայացնի նրա ապագայի հարցում։

Նշվում է, որ «բյանկոներիների» նախագահ Անդրեա Անյելին ակնկալում է անհապաղ փոփոխություններ տարբեր մակարդակներում։ Խոսքը թուրինյան ակումբի խաղի որակի և ֆուտբոլիստների՝ գործին մոտենալու վերաբերմունքի մասին է։

Աղբյուրը գրում է նաև, որ «Յուվենտուսը» հաշվի է առնում Պիռլոյի անփորձ լինելու և կորոնավիրուսի համաճարակի պատճառով համաշխարհային ֆուտբոլում ստեղծված ծանր պայմանների հանգամանքները։

Սպասվում է, որ Անդրեա Պիռլոն մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը կմնա «Յուվենտուսի» գլխավոր մարզչի պաշտոնում, քանի որ ակումբը հեռու է նրան աշխատանքից ազատելու մտքից։ Պիռլոյին հեռացնելու մասին ակումբը կմտածի միայն այն դեպքում, եթե «ծեր սինյորայի» արդյունքները կտրուկ վատթարանան։

Հաղորդվում է, որ եթե հանկարծ «Յուվեի» ղեկավարությունն ընթացիկ մրցաշրջանի ընթացքում պաշտոնանկ անի Անդրեա Պիռլոյին, ապա նրան կփոխարինի Իգոր Տուդորը, ով ներկա պահին իտալացի մասնագետի օգնականն է։ Նշվում է, որ 42-ամյա խորվաթ մարզիչը Պիռլոյի մարզչական շտաբում միակ մասնագետն է, ով գլխավոր մարզչի փորձ արդեն ունի, այդ պատճառով էլ սկզբնական շրջանում հենց նա կփոխարինի Պիռլոյին։

Ներկա պահին «Յուվենտուսը» Պիռլոյի հեռանացման դեպքում որևէ երկարատև ծրագիր չունի, սակայն, ամեն դեպքում, թուրինցիները դիտարկում են մի շարք մասնագետների տարբերակներ, որոնց պատրաստ են պայմանագիր առաջարկել։

Առաջին հերթին «բյանկոներիների» հիմնական թեկնածուն իրենց նախկին գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին է, ով ակումբի ղեկին եղել է 2014-2019 թթ․։ Ալեգրիի տարբերակն ամենահավանականն է նաև այն պատճառով, որ նա հիանալի հարաբերություններ ունի «Յուվեի» սպորտային տնօրեն Ֆաբիո Պարատիչիի և ակումբի փոխնախագահ Պավել Նեդվեդի հետ։

Բացի Ալեգրիից, թուրինյան ակումբը դիտարկում է նաև Ջանպիերո Գասպերինիի («Ատալանտա»), Սիմոնե Ինձզագիի («Լացիո») և «Ինտերի» ու «Ռոմայի» նախկին գլխավոր մարզիչի Լուչիանո Սպալետիի տարբերակները։

«Յուվենտուսն», Ա սերիայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 27 խաղերից հետո, վաստակել է 55 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը՝ առաջատար «Ինտերին» զիջելով 10 միավոր։

Հիշեցնենք, որ թուրինյան ակումբը վերջերս դուրս մնաց Չեմպիոնների լիգայի խաղարկության 1/8 եզրափակչից։ «Ծեր սինյորան» ճիշտ է՝ պատասխան խաղում 3։2 հաշվով հաղթեց «Պորտուին», սակայն երկու խաղերի արդյունքում լքեց պայքարը։ Գրանցվեց ընդհանուր 4։4 հաշիվ, իսկ պորտուգալական ակումբը պայքարը շարունակեց մրցակցի հարկի տակ մեկ գնդակ ավելի խփելու շնորհիվ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023