Ֆիլիպո Ինձզագիի թիմը շոկի ենթարկեց Յուվեին՝ մատուցելով խոշոր անակնկալ🎥

Ֆիլիպո Ինձզագիի թիմը շոկի ենթարկեց Յուվեին՝ մատուցելով խոշոր անակնկալ🎥

21/03/2021 - 19:55

Իտալական Ա սերիայի 28-րդ տուրի շրջանակում «Յուվենտուսը» սեփական հարկի տակ մրցեց հետնապահների թվում ընթացող «Բենևենտոյի» դեմ։

Հանդիպման մեկնարկը հիմնականում անցավ հավասար պայքարում, սակայն թուրինյան ակումբը քիչ-քիչ սկսեց առավելություն ստանալ և նախքան ընդմիջման գնալը մի քանի անգամ կարող էր բացել խաղի հաշիվը։

39-րդ րոպեին Կրիշտիանու Ռոնալդուն նույնիսկ դարձավ գոլի հեղինակ, սակայն հանդիպման գլխավոր մրցավար Ռոզարիո Աբիսոն չեղարկեց այն՝ արձանագրելով խաղից դուրս վիճակ։

Աչքի ընկնելու լավ հնարավորություններ ունեին նաև Դանիլոն, Լեոնարդո Բոնուչին, Ալվարո Մորատան։ Վերջինս երկու անգամ նպաստավոր դիրքերից վատնեց իր պահերը։

Ամեն դեպքում, կողմերն ընդմիջման գնացին 0։0 հաշվի պայմաններում։

Երկրորդ խաղակեսում էլ Անդրեա Պիռլոյի սաներն ունեին առավելություն, գնդակին տիրում էին 68 %, ավելի շատ էին հարվածում, սակայն ոչ մի կերպ չէր հաջողվում բացել խաղի հաշիվը։

Այն, ինչ չարեցին թուրինյան ակումբի ֆուտբոլիստները, արեցին Ֆիլիպո Ինձզագիի սաները՝ պատժելով մրցակցին սեփական սխալի համար։

69-րդ րոպեին Արթուրը սեփական տուգանային հրապարակի մատույցներում սխալ փոխանցում կատարեց, ինչից օգտվեց «Բենևենտոյի» հարձակվող Ադոլֆո Գայչը։ Արգենտինացի հարձակվողն արագ կողմնորոշվեց և դիպուկ հարվածով առաջ մղեց «Բենևենտոյին»։ Հատկանշական է, որ այդ դրվագում անփույթ գործեց նաև Դանիլոն, ով չկարողացավ կասեցնել Արթուրի կատարած փոխանցումը։

Անդրեա Պիռլոն հասկանում էր, որ թիմի խաղը չի ստացվում և բաց թողած գոլից հետո իտալացի մասնագետը սկսեց փոփոխություններ կատարել՝ փորձելով այդկերպ վերադասավորել «ծեր սինյորայի» խաղը․ Ադրիեն Ռաբիոյի և Արթուրի փոխարեն խաղադաշտ մտան Վեսթոն Մակենին և Ռոդրիգո Բենտանկուրը։

Նույնիսկ այդ փոփոխություններն առանձնապես չազդեցին թուրինյան ակումբի խաղի վրա։

Միայն խաղավարտին մոտ «Յուվենտուսը» ստեղծեց միանգամից երկու երեք իրական գոլային պահեր, սակայն Կրիշտիանու Ռոնալդուն և Դանիլոն վրիպեցին, իսկ որոշ դրվագներում «Բենևենտոյի» դարպասապահ Լորենցո Մոնտիպոն պարզապես հրաշքներ էր գործում։

Ունենալով հսկայական տարածքային առավելություն՝ «Յուվենտուսը» չկարողացավ նույնիսկ խուսափել պարտությունից։

Այսպիսով, «Բենևենտոն» խոշոր անակնկալ է մատուցում՝ հաղթելով «Յուվեին» 1։0 հաշվով։

Հատկանշական է, որ Ֆիլիպո Ինձզագիի թիմն այս խաղում հաղթեց կատարած միակ դիպուկ հարվածի շնորհիվ։

Հավելենք, որ «Բենևենտոն» մինչ այս խաղն Ա սերիայի շրջանակում չէր հաղթել 11 հանդիպում անընդմեջ։ Վերջին հաղթանակը գրանցվել էր սույն թվականի հունվարի 6-ին, երբ 16-րդ տուրի շրջանակում հյուրընկալվելիս 2։1 հաշվով առավելության հասավ «Կայլարիի» նկատմամբ։

«Յուվենտուսն» այս պարտությունից հետո մնաց 55 միավորով և զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը՝ առաջնության առաջատար «Ինտերին» զիջելով 10 միավոր։

Ինչ վերաբերում է «Բենևենտոյին», ապա ակումբը վաստակեց 29 միավոր և զբաղեցնում է 16-րդ հորիզոնականը։

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023