ԱԱ-2022. Թեժ 1/8 եզրափակիչների վերլուծություն. Մաս N1

ԱԱ-2022. Թեժ 1/8 եզրափակիչների վերլուծություն. Մաս N1

07/12/2022 - 13:13

ԱԱ-2022-ն քիչ-քիչ մոտենում է տրամաբանական ավարտին։ Արդեն հայտնի են դարձել 1/4 եզրափակիչի բոլոր զույգերը։

17 օր անընդմեջ ֆուտբոլ դիտելուց հետո մունդիալի շրջանակում երկու օր ընդմիջում է լինելու։ Կվերալիցքավորվենք, մի փոքր կկարոտենք ֆուտբոլային կրքերին, իսկ մինչ այդ մաս-մաս կվերլուծենք 1/8 եզրափակիչի բոլոր հանդիպումները։

Նիդեռլանդներ 3:1 ԱՄՆ

Նիդեռլանդների հավաքականը Լուի վան Գալի գլխավորությամբ, 2021 թ. սկսած, դեռևս պարտություն չի կրել։ Այդ ընթացքում «նարնջագույնները» 14 հաղթանակ են տոնել և գրանցել 5 ոչ-ոքի։

ԱՄՆ-ի դեմ հաղթանակը Լուի վան Գալի համար եղավ 8-րդն՝ առանց 11-մետրանոց հարվածաշարի։ Նա ընդամենը մեկ անգամ է պարտվել աշխարհի առաջնություններում 2014 թվականի կիսաեզրափակիչ փուլում՝ զիջելով Արգենտինային 11-մետրանոց հարվածաշարում։


Հոլանդացիները բավական լավ մարզավիճակով էին եկել`մրցելու երիտասարդ ԱՄՆ-ի դեմ, որի նպատակն էր հաղթել ու դուրս գալ հաջորդ փուլ, սակայն Գրեգ Բերալթերի սաները չկարողացան կոտրել Վան Գալի կառուցած պատը։

Խաղում մի շարք հետաքրիր բաներ եղան, որոնց աչքաթող անել պետք չէ՝ հասկանալու համար, թե ինչպես հաղթեց Նիդեռլանդները։

Վան Գալի թիմը խաղում էր 3-5-2 կամ 3-4-1-2 դասավորությամբ։ «Նարնջագույնները» նախաձեռնությունը տվել էին ԱՄՆ-ին, ինչը սպասելի է այսօրվա Նիդեռլանդների համար։

Պաշտպանվելիս հոլանդացիները անհատական պրեսինգի էին ենթարկում ամերիկացիներին։ Կոդի Գակպոն, Մեմֆսի Դեպայն ու Դևի Կլասենը ակտիվ ճնշում էին կենտրոնական պաշտպաններին, ովքեր ուզում էին գրոհ սկսել։

ԱՄՆ-ի երիտասարդ կիսապաշտպանները՝ Յունուս Մուսան, Տայլեր Ադամսը և Վեսթոն Մաքենին փորձում էին նահանջել և գրոհ սկսել, բայց հոլանդացիները անհատական խիտ պրեսինգի էին դիմում՝ իրենց նշանառության տակ առած ֆուտբոլիստին մինչև վերջ վերահսկելով, այդ պատճառով էլ գրոհը շատ հաճախ ԱՄՆ-ն սկսում էր բարձրից, որտեղ էլ Վիրջիլ վան Դայկը, Նաթան Ակեն ու երբեմն էլ Ֆրենկի դե Յոնգը օդային պայքարում հաղթում էին՝ այսպես ստիպելով Բերալթերի թիմին կորցնել գնդակը։ Նաև սրա պատճառով էր, որ ԱՄՆ-ն չէր կարողանում օգտագործել դաշտի կենտրոնական հատվածը։ Հոլանդացիները խտացնում էին դաշտի կետրոնը, իսկ եզրում քանակական առավելություն էին ստեղծում։

Սակայն, նախաձեռնությունը ամբողջությամբ թողնելով ԱՄՆ-ին՝ պետք էր սպասել նրանցից վտանգավոր գրոհներ։ Երկրորդ խաղակեսում Բերալթերը մի քանի տակտիկական փոփոխություններ կատարեց։ Խաղասկզբի 4-3-3 մարտավարությունը երկրորդ կեսում փոխվեց՝ դառնալով 4-2-3-1։

Այս քայլով Բերալթերը փորձում էր գրոհն սկսելու պահին քանակական առավելություն ստանալ։ Ջիովանի Ռեյնայի դաշտ դուրս գալն էլ նշանակում էր, որ Քրիստիան Պուլիշիչն ավելի շատ ազատություն կստանա։ Նա սկսեց կենտրոնում հաճախ հայտնվել։ Ամերիկացիների կիսապաշտպանությունը երկրորդ կեսում սկսեց ավելի արագ գործել, բայց այստեղ պետք է ընդգծել այն, որ Վան Գալը երկրորդ կեսում ավելի ապահով սկսեց խաղալ՝ շեշտը դնելով պաշտպանության վրա։

Դևի Կլասենի փոխարեն դաշտ մտավ Տյոյն Կոպմեյներսը, ով խաղալու էր Մարտեն դե Ռոնի դիրքում և Դե Յոնգի հետ փորձելու էր փակել մնացած բաց հատվածները։

ԱՄՆ-ը ճնշումը հետզհետե սկսեց ավելի մեծանալ, սակայն վտանագավոր պահեր այդքան էլ շատ չունեցավ։ 76-րդ րոպեին Հաջի Ռայթը գրավեց Անդրիս Նոպերտի դարպասը։ Գոլից հետո հոլանդացիները փոքր թմբիրի մեջ ընկան, սակայն մի քանի արագ հակագրոհները ամեն ինչ տեղը գցեցին, և սրա արդյունքում էլ ձախ լատերալ Դեյլի Բլինդի փոխանցումից հետո աջ եզրային վինգեր Դենզել Դումֆրիսը վերջակետ դրեց խաղին՝ հաշիվը դարձնելով 3:1։

Արգենտինա 2:1 Ավստրալիա

Արգենտինայի հավաքականը կարողացավ շատ ավելի լավ պաշտպանվելով հաղթել Ավստրալիային՝ համեմատած խմբային փուլի 3 խաղերի։

Լիոնել Սկալոնիի թիմը երկու անընդմեջ 2-0 հաշվով հաղթանակ էր գրանցել և Ավստրալիայի դեմ ևս պատրաստվում էր հաղթել նույն հաշվով, սակայն, խաղը ցույց տվեց, որ «ալբիսելեստեն» ավելի ուժեղ էր, ուժեղ նաև այն պատճառով, որ թիմում կա Լեո Մեսսիի պես ֆուտբոլային հանճար։


«Ալբիսելեստեն» կիրառեց այն նույն մարտավարությունը, որը կար Սաուդյան Արաբիայի դեմ ֆիասկոյից հետ` 4-1-2-3 դասավորություն, որը ավելի շատ նման էր 4-4-2-ի, սակայն հարձակման ժամանակ հարավամերիկացիները շատ ավելի հետաքրքիր լուծումներ էին փորձում ի կատար ածել, որի մասին այժմ կխոսենք։

Ավստրալացիները նախընտրել էին 4-4-2 կոմպակտ մարտավարությունը։ Սրա շնորհիվ Գրեհեմ Առնոլդի թիմը կարողանում էր միջին գծում երկշերտ պաշտպանությամբ թույլ չտալ արգենտինացիներին գնդակ ստանալ։

Սկալոնին փորձեց խաղալ 3-1-6 դասավորությամբ, ինչը հնարավորություն տվեց Արգենտինայի կենտրոնական պաշտպաններին գրոհն սկսել բարձրից փոխանցումներով։ Այսպես ավստրալացիների երկշերտ միջին գիծը կենտրոնանում էր արգենտինացի 4 ֆուտբոլիստների շուրջ՝ ազատություն թողնելով եզրայիններին՝ Նահուել Մոլինային և Մարկոս Ակունյային։

Ճիշտ է, այսպես ստացվում էր գրոհ սկսել, բայց հետագա ընթացքը հաջող չէր ընթանում Մեսսիի և խաղընկերների համար։

Ավստրալիայի երկու հարձակվողները լարվածության մեջ էին պահում մրցակցի կենտրոնական պաշտպաններին՝ թույլ չտալով սրող փոխանցումներ կատարել, հատկապես, ցածրից, քանի որ բարձրից փոխանցումները դեպի տուգանային հրապարակ չեզոքացվում էր բարձրահասակ ավստրալացիների շնորհիվ։ Այս ամենից հետո Սկալոնին փորձեց Պապու Գոմեսին բերել աջ եզր և Մոլինայի ու Ռոդրիգո դե Պաուլի հետ քանակական առավելություն ստեղծել եզրում՝ ազատություն տալով Լիոնել Մեսսիին։

Ավստրալացիների ամուր ու սեղմված պաշտպանությունը կանգուն էր անգամ Մեսսիի գոլից հետո, որն էլ անհատական բարձր վարպետության շնորհ էր, իսկ մարտավարական առումով Ավստրալիային փայլուն առաջին կես անցկացրեց՝ չեզոքացնելով հարավամերիկացիների գրեթե բոլոր փոխանցումները։

Նոր-նոր էր մեկնարկել երկրորդ կեսը, երբ «ագեվազների» դարպասապահ Մեթյու Ռայանը 57-րդ րոպեին գոլ նվիրեց արգենտինացիներին, ինչից հետո Խուլիան Ալվարեսը կրկնապատկեց «ալբիսելստեի» առավելությունը։

Զարմանալ կարելի է, թե ինչպես է հնարավոր նման բարձր մակարդակի խաղում թույլ տակ այդպիսի կոպիտ սխալ։

Բաց թողած երկրորդ գոլից հետո Ավստրալիան ստիպված էր ավելի ագրեսիվ լիներ առջևի գծում և այդպես էլ եղավ։

Երկրորդ կեսում «ագեվազներն» սկսեցին ավելի բարձր դիմավորել մրցակցին և բռնել նրանց սխալի վրա։ Պրեսինգը բարձր չէր, քանի որ արգենտինացիները կարող էին կայծակնային գրոհ կազմակերպել։

Ավստրալիան ստիպված էր ամեն սխալ կամ ոչ ճիշտ կատարած փոխանցման դեպքում միայն պրեսինգ կիրառել։ Այդ սցենարը «ալբիսելեստեի» համար կատարյալ էր, սակայն, երկրորդ գոլից հետո Գրեհեմ Առնոլդը մի քանի փոփոխություններ կատարեց, որը նման էր վաբանկի։

Դաշտ դուրս եկան Ջեյմի Մաքլարենը, Գարանգ Քուոլը և Ֆրան Կարաչիչ, ինչից հետո ավստրալացիների հարձակման գիծում սկսեցին հանդես գալ 3 ֆուտբոլիստ։

Մաքլարենը փորձելու էր կառչել օդային
փոխանցումներից, իսկ Քուոլը`Արգենտինայի աջ եզրի վրա ճնշում գործադրել։

Գրեհեմ Առնոլդն այլևս մոռացավ 4-4-2 կոմպակտ դասավորությունը և ավելի ազատ սկսեց գործել, ինչը թույլ տվեց ավստրալացիներին ավելի շատ հնարավորություն ունենալ, և սրա արդյունքում էլ 77-րդ րոպեին Էնցո Ֆերնանդեսից անդրադարձած գնդակը հայտնվեց Արգենտինայի դարպասում։

Ավստրալացիները շարունակեցին «խայթել» Սկալոնիի թիմին, բայց գործը կիսատ մնաց։
«Ագեվազներն» արժանապատիվ ֆուտբոլ խաղացին և հիանալի պաշտպանություն էին կանգնեցրել, սակայն միայն ամուր պաշտպանությունը հաղթանակի գրավական չի կարող լինել, այն էլ նման թիմերի դեմ խաղում։

Ֆրանսիա 3:1 Լեհաստան

Ֆրանսիայի հավաքականը խմբային փուլում բավական որակյալ խաղից հետո փլեյ-օֆֆ փուլը շարունակեց նույն կերպ։

Մրցակիցը Լեհաստանի հավաքականն էր, որը կարողացել էր Մեքսիկային ու Սաուդյան Արաբիային գերազանցել ու երկրորդ հորիզոնականով դուրս գալ հաջորդ փուլ, սակայն փլեյ-օֆֆ հասցնելուց նրանք սահմանափակվեցին միայն այդքանով։

Բոլորը գիտակցում էին, որ «եռագույնները» ոչ միայն տվյալ խաղի, այլև մրցաշարի գլխավոր ֆավորիտներից մեկն է, և որ Լեհաստանը պետք է հնարավորինս ամեն ինչ անի` Դիդիե Դեշամի նախապես ծրագրածը խափանելու համար։

Ֆրանսիայի ընտրանին դաշտ էր դուրս եկել գրեթե նույն կազմով ու մարտավարությամբ` չնայած համեմատելով խմբային փուլի մրցակիցների դեմ խաղերին Կիլիան Մբապեն ու խաղընկերները շատ ավելի ազատ ֆուտբոլ էին նախընտրել այս անգամ։

Ֆրանսիան, ինչպես գրեթե բոլոր խաղերում, դաշտ էր դուրս եկել 4-2-3-1 սխեմայով, որը ժամանակ առ ժամանակ` հատկապես խաղի սկզբնամասում, վերածվում էր էր 4-1-1-4-ի։

Լեհաստանն էլ իր հերթին խնդիր էր դրել առաջին կեսում գնդակ բաց չթողնել և հնարավորինս զսպել հարձակման եզրերն ու կենտրոնը։ Զսպելու համար Չեսլավ Միխնիևչի թիմը պաշտպանվում էր 5-4-1 սխեմայով` առջևում թողնելով «Բարսելոնայի» ռմբարկու Ռոբերտ Լևանդովսկիին, ով պետք է գրոհի սկզբնական մասում բարձրից մենապայքարներով հաղթեր Պյոտր Զելենսկու հետ, սակայն ֆրանսիական պրեսինգը սեղմող էր, և երբեմն այդ փոխանցումները նմանվում էին գնդակը պարզապես հեռացնելուն։

Առաջին խաղակեսի սկբնամասում Ֆրանսիան Օրելյեն Չուամենիի միջոցով էր փորձում խաղն սկսել, իսկ Անտուան Գրիզմանը, նախորդ խաղերի համեմատ, ավելի քիչ էր խորքից խաղում, որովհետև մրցակիցը չէր էլ ստիպում նրան այդպես վարվել, ինչը մեծ սխալ էր լեհերի մարտավարության մեջ։

Հարձակման աջ և ձախ եզրում սրություն էին ապահովում Մբապեն և Ուսման Դեմբելեն, իսկ Գրիզմանը, իր վրա հավաքելով հենակետայիններին, ազատ տարածություն էր բացում թե՛ Օլիվիե Ժիրուի, թե՛ հակադիր եզրում գտնվող խաղացողների համար։ Օրինակ, երբ նա տեղափոխվում էր գրոհի աջ եզր, ձախ եզրում քանակական առավելություն էին ստանում ֆրանսիացիները։

Առաջին կեսի երկրորդ հատվածում, երբ այդքան էլ չէր ստացվում Չուամենիի ու Գրիզմանի միջոցով խաղին սրություն տալը, Դեշամը նախընտրեց պարզ ֆուտբոլ խաղալ։

Թիմն սկսեց ավելի շատ եզրերով գրոհել և հակագրոհների ժամանակ էր, որ Ֆրանսիան կենտրոնում էր գործում, սակայն հակագրոհներ, որպես այդպիսին, ընդամենը մեկ-երկու անգամ եղան խաղի այդ հատվածում։ Գոլն էլ ծնվեց հենց հարձակման ձախ եզրից` գնդակը տեղափոխելով կենտրոն, փոխանցելով գոլահար Ժիրուին, ով իր 52-րդ գոլը հեղինակեց Ֆրանսիայի ընտրանու կազմում, ով այդ ցուցանիլով շրջանցեց Թիերի Անրիին ու դարձավ «եռագույնների» բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն։

Լեհաստանը մինչ գոլը բավական ակտիվ էր խաղում և մի քանի հնարավորություն ունեցավ, անգամ մեկ գրոհի ընթացքում երեք անգամ «սպիտակ արծիվները» չկարողացան գրավել մրցակցի դարպասը։ Ֆրանսիացիների պաշտպաններն էին «սեյվեր» անում Ուգո Լյորիսի փոխարեն, իսկ բաց թողած գոլից հետո Միխնչևի թիմի մի փոքր մարեց։

Երկրորդ խաղակեսում Դեշամը գնաց այլ քայլի. Ֆրանսիան սկսեց երզրով ավելի շատ գրոհել և օդային փոխանցումներ կատարել դեպի մրցակցի տուգանային հրապարակ։

Լեհաստանն էլ փորձում էր գնդակը «նվիրել» «եռագույններին» ու սպասել հարմար պահի` հաշիվը հավասարեցնելու համար, սակայն Մբապեն իր խաղային բարձր որակները ցույց տվեց դարպասապահ Վոյցեխ Շյեսնիին ու կրկնապատկեց ֆրանսիացիների առավելությունը։

Այս գոլով Ֆրանսիան գրեթե հաղթանակ ապահովեց. մնում էր խաղն ավարտել։ Խաղավերջում Մբապպեն ևս մեկ` էլ ավելի գեղեցիկ գոլ խփեց։

Ֆրանսիայի հավաքականը, խաղասկզբի առաջին հատվածում հասկանալով մրցակցի ուժեղ ու թույլ կողմերը, խաղի մյուս հատվածներում ուղղակի հաղթեց գրեթե ամեն ինչով։

Լեհաստանի ընտրանին էլ խաղի վերջում 11-մետրանոց վաստակեց, որը Լևանդովսկին առաջին անգամ վրիպեց, սակայն երկրորդ փորձից գնդակը հայտնվեց Ուգո Լյորիսի պաշտպանած դարպասը` «թրջելով» հաշիվը։


«Եռագույնները» շատ ավելի հաճելի ֆուտբոլ ցույց տվեցին ու դուրս եկան քառորդ եզրափակիչ, որի շրջանակում մրցելու է «երեք առյուծների»` Անգլիայի դեմ։

Անգլիայի ընտրանին իր երիտասարդ կազմով Եվրո-2020-ից հետո ավելի համարձակ, ագրեսիվ ու գրավիչ խաղ է ցուցադրում ընթացիկ մունդիալի շրջանակում։

Այժմ անդրադառնանք Անգլիայի` Սենեգալի հավաքականի նկատմամբ տոնած հաղթանակին։

Անգլիա 3:0 Սենեգալ

Անգլիայի հավաքականը շարունակում է հաղթել՝ երրորդ հանդիպումն անառիկ պահելով սեփական դարպասը։

Սենեգալի դեմ խաղում Գարեթ Սաութգեյթը չփոխեց իր խաղային մոտեցումը և կրկին դաշտ դուրս բերեց 4-3-3 սխեման, որ շատ ճկուն կերպով կարողանում էր վերափոխվել՝ դառնալով 4-1-4-1։

Սենեգալի ընտրանին նախապատվությունը տվել էր 4-4-2 սխեմային, որը, հատկապես պաշտպանվելիս, ակնհայտ երևում էր։

Հանդիպման սկզբնամասում անգլիացիների գրոհները չէին ստացվում։ Կենտրոնական պաշտպանները փորձում էին ազատ տարածություն գտնել՝ առջևի գիծ փոխանցելու համար, բայց ապարդյուն, իսկ Դեկլան Ռայսն ուներ կոնկրետ վերահսկողություն, և գրոհի սաղմնային փուլում նա գրեթե չէր դիպչում գնդակին, ինչը նշանակում էր,որ տվյալ դեպքում գրոհները «ճիշտ հունի վրա դրված չէին լինում»։

Տվյալ պարագայում շատ կարևոր էր Ջորդան Հենդերսոնի նահանջը։ Առաջին կեսի միջնամասում Հենդոն մի փոքև նահանջեց, և քանակական առավելություն ստեղծելու շնորհիվ «երեք առյուծները» հաջողում էին գրոհի սկզիբը։

Մի շատ կարևոր հանգամանք էր նաև Հարի Քեյնի աշխատանքը։ Նա ընդծված դիրք չուներ խաղադաշտում, և երբ գնդակը եզրում էր, նա մոտենում էր կիսաեզր, որպեսզի նախ մրցակիցներին իր վրա «հավաքի», հետո քանակական առավելության շնորհիվ տարածություն բացի խաղընկերների համար, ինչը շատ հաճախ ստացվում էր։

Սենեգալը խաղի սկզբում ագրեսիվ պրեսինգի էր դիմում։ Անհատական պաշտպանությամբ ու հենակետայինների վրա «նստելով»՝ Ալիու Սիսեի թիմը կասեցնում էր Անգլիայի գրոհները։

Հարձակվողները շատ մոտ էին գործում պաշտպաններին՝ թույլ չտալով նրանց երկար մտածել։

Անգլիացիները շատ հաճախ օդային և երկար փոխանցումների միջոցով էին փորձում գնդակն առաջ ուղարկել և այդպես կորցնում այն, սակայն, որքան լավն էր Սենեգալի համակարգված պաշտպանությունը, նույնքան վատն էր` հատկապես դիրքային գրոհը։

Ալիու Սիսեի սաները գրոհն սկսելու ու մտածելու ժամանակ չէին ունենում, որովհետև անգլիացիները բարձր պրեսինգ էին կիրառում։

Երեք հարձակվողները և Հենդերսոնն ու Ջուդ Բելինհգեմը մրցակցի կիսադաշտից էին պրեսինգ կիրառում, ինչը խուճապ էր առաջացնում, ու, ընդհանրապես, Սենեգալը խաղի սկզբնամասում հաճախ էր կորցնում գնդակը լարվածության պատճառով, ինչը նման խաղերում չի ներվում։

40-րդ րոպեին Հենդերսոնը աչքի ընկավ գոլով, որից հետո Սենեգալը պարզապես քանդվեց։ Խաղասկզբի կոմպակտ ու ագրեսիվ խաղը պաշտպանվելիս այլևս հաղթանակի երաշխիք չէր կարող լինել, եթե թիմը որակյալ գրոհներ չէր կարողանում կազմակերպել։

Դրան էլ հաջորդեց, որ Սենեգալը գոլ ընդունեց նաև ընդմիջումից վայրկյաններ առաջ, և խաղը կարծես ավարտվեց։

Երկրորդ խաղակեսում Անգլիան լիովին տնօրինեց գնդակը, ինչի հետևանքով Սենեգալը ազատ տարածություններ թողեց կենտրոնում, իսկ երիտասարդ «երեք առյուծները» պատժեցին դրա համար. Բուկայո Սական ջախջախիչ դարձրեց հաշիվը՝ 3:0։ Խաղի հետագա հատվածում աֆրիկացիները խաղը ուղղակի ավարտեցին` առանց որևէ բան առաջարկելու։

Այսպիսով, անգլիան նույնպես քառորդ եզրափակիչում է։

Այս հոդված երկրորդ հատվածում կանդրադառնանք նաև 1/8 եզրափակիչի մյուս չորս հանդիպումներին։

Սամվել Մխիթարյան

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , , , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023