ԱԱ-2022. Արգենտինան հաղթեց Ավստրալիային` դուրս գալով 1/4 եզրափակիչ 🎥

ԱԱ-2022. Արգենտինան հաղթեց Ավստրալիային` դուրս գալով 1/4 եզրափակիչ 🎥

04/12/2022 - 00:58

ԱԱ-2022-ի 1/8 եզրափակիչի շրջանակում Արգենտինայի հավաքականը մրցեց Ավստրալիայի դեմ։

Ինչպես և սպասվում էր, հանդիպումը մեկնարկեց «ալբիսելեստեի» ֆուտբոլիստների առավելությամբ, ովքեր 35-րդ րոպեին Լեո Մեսսիի ջանքերով առաջ անցան հաշվի մեջ։

Նշենք, որ Մեսսին աշխարհի առաջնության փլեյ-օֆֆ փուլերում խփեց կարիերայի առաջին գոլը։

Բացի դրանից, 35-ամյա ֆուտբոլիստն աշխարհի առաջնությունների շրջանակում խփեց 9-րդ գոլն ու այդ ցուցանիշով շրջանցեց Դիգեո Արմանդո Մարադոնային, ով մրցակիցների դարպասն ուղարկել է 8 գնդակ։

Կողմերն ընդմիջման գնացին 1:0 հաշվի պայմաններում։

Երկրորդ կեսի մեկնարկում էլ Լիոնել Սկալոնիի թիմը շարունակում էր տիրել նախաձեռնությանը։

57-րդ րոպեին «ագեվազների» դարպասապահ Մեթյու Ռայանը կոպիտ սխալ թույլ տվեց սեփական տուգանային հրապարակում, ինչից հետո Խուլիան Ալվարեսը գրավեց դատարկ դարպասը` կրկնապատկելով հաշվի տարբերությունը։

77-րդ րոպեին Գրեհեմ Առնոլդի թիմը բավական անսպասելի վերադարձավ խաղ. Քրեյգ Գուդվինի հեռահար հարվածից հետո գնդակը դիպավ Էնցո Ֆերնանդեսին և հայտնվեց Էմիլիանո Մարտինեսի պաշտպանած դարպասում։

81-րդ րոպեին ավստրալացիները քիչ մնաց նաև հավասարեցնեն հաշիվը. Ազիզ Բեհիչը տպավորիչ անցում ձեռնարկեց և մոտ էր դարպասը գրավելուն, սակայն վերջին պահին նրա ոտքի տակից գնդակը հեռացրեց Լիսանդրո Մարտինեսը։

Խաղավերջում արգենտինացիները շեշտը դրել էին հակագրոհների վրա, որոնք բավական սուր էին և շատ ավելի մոտ էին հաշիվի տարբերությունը մեծացնելուն, սակայն Լաուտարո Մարտինեսը վրիպեց անչափ նպաստավոր դիրքից` հարվածելով բարձր։

90+8-րդ րոպեին «ագեվազները» մոտ էին դրամատիկ կերպով խաղը տեղափոխել լրացուցիչ ժամանակ, սակայն 18-ամյա հարձակվող Գարանգ Քոուլի հարվածից հետո փայլեց «ալբիսելեստեի» դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը` փրկելով Արգենտինային։

Ի վերջո, այս խաղում այլևս գոլեր չարձանագրվեցին. Արգենտինան հաղթեց 2:1 հաշվով։

Այսպիսով, Լիոնել Սկալոնիի թիմը նվաճեց 1/4 եզրափակիչի ուղեգիր, որի շրջանակում դեկտեմբերի 9-ին կմրցի Հոլանդիայի դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023