Սևիկյանի հայրը կվճարի իր որդու հրաժարագնի մի մասը
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Պարի ՆՆ»-ի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը կարիերան կշարունակի հունգարական «Ֆերենցվարոշի» կազմում։
Իսնայդեր Իվան Կարպովը հայտնում է, որ հայազգի ֆուտբոլիստի հայրը` Մարտիրոս Սևիկյանը, վճարելու է իր որդու հրաժարագնի մի մասը։
Աղբյուրի փոխանցմամբ` Նիժնի Նովգորոդը ներկայացնող ակումբի և 22-ամյա ֆուտբոլիստի միջև գործող պայմանագրում առկա է հրաժարագնի կետ, որն էլ ակտիվացրել է «Ֆերենցվարոշը»։
Հունգարական ակումբը գործարքի դիմաց «Պարի ՆՆ»-ին վճարելու է 1,1 մլն եվրո։
Հաղորդվում է, որ Սևիկյանի հայրը գործարքն իրականացնելու համար ներդրել է 300 հազար եվրո, իսկ գումարի մնացած մասը կվճարի «Ֆերենցվարոշը»։
Գործարքը պաշտոնապես կհաստատվի միայն այն ժամանակ, երբ «Ֆերենցվարոշը» ամբողջությամբ վճարի նախատեսված գումարը։
Նշվում է, որ «Պարի ՆՆ»-ը չի ցանկացել վաճառել Սևիկյանին և ժամանակ առ ժամանակ նրան առաջարկել է երկարաձգել գործող պայմանագիրը` թարմացնելով նաև հրաժարագնի կետ։
Այդուհանդերձ, Մարտիրոս Սևիկյանը, «Պարի ՆՆ»-ի ղեկավարությանը պահանջել է, որպեսզի թույլ տա իր որդուն հեռանալ ակումբից։
Հատկանշական է, որ Սևիկյանի ծառայություններով հետաքրքրված են եղել նաև «Կրասնոդարն» ու ԲԿՄԱ-ն, սակայն հայազգի ֆուտբոլիստը նպատակ է ունեցել տեղափոխվել եվրոպական որևէ առաջնություն։
Սևիկյանի ընտրության հարցում կարևոր խթան է հանդիսացել նաև այն, որ «Ֆերենցվարոշը» մասնակցում է Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆ փուլի և 1/16 եզրափակիչի շրջանակում մրցելու է «Օլիմպիակոսի» դեմ։
Հավելենք, որ 22-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի շրջանակում անցկացրել է 24 հանդիպում` դառնալով 7 գոլի հեղիանկ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԲԿՄԱ, Էդգար Սևիկյան, Իվան Կարպով, Կրասնոդար, Հունգարիայի Բարձրագույն առաջնություն, Մարտիրոս Սևիկյան, Նիժնի Նովգորոդ, Պարի ՆՆ, ՌՊԼ, ՖԵրենցվարոշ