Հայաստանի հավաքականը մեկնեց Շվեյցարիա
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, մարտի 22-ի առավոտյան ՀՖՖ պատվիրակությունը (Հայաստանի ազգային հավաքականի՝ Հայաստանում հանդես եկող ֆուտբոլիստները, մարզչական և ադմինիստրատիվ կազմերը) չարտերային ուղերթով մեկնեցին Ցյուրիխ:
Առողջական խնդիրների պատճառով Շվեյցարիա չի մեկնել 17-ամյա պաշտպան Էրիկ Սիմոնյանը: Շվեյցարիա մեկնող ֆուտբոլիստների ցուցակում չեն նաև ազգային հավաքականի՝ նախապես հրապարակված ընդլայնված կազմում ընդգրկված Յուրի Գարեգինյանը, Պետրոս Ավետիսյանը և Արման Հովհաննիսյանը, որոնք անհրաժեշտության դեպքում դեռ կարող են միանալ հավաքականին Երևանում՝ Լիխտենշտեյին դեմ հանդիպումից հետո:
ՀՖՖ պատվիրակությունը Ցյուրիխից կուղևորվի Շվեյցարիայի մեկ այլ քաղաք՝ Սեն Գալեն: Այստեղ թիմին կմիանան ազգային հավաքականի՝ արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստները, բացառությամբ Էդուարդ Սպերցյանի: «Կրասնոդարի» 20-ամյա կիսապաշտպանը դեռևս ապաքինվում է վնասվածքից և չի կարողանա մասնակցել Լիխտենշտեյնի դեմ հանդիպմանը: Ֆուտբոլիստի վնասվածքից վերականգնման գործընթացը չընդհատելու համար «Կրասնոդարի» և ՀՖՖ-ի միջև ձեռք է բերվել համաձայնություն, ըստ որի Սպերցյանը բուժումը կշարունակի Կրասնոդարում: Ամենայն հավանականությամբ, Սպերցյանը կկարողանա Երևան ժամանել միայն Լիխտենշտեյնի դեմ հանդիպումից հետո: Նրա մասնակցությունը Իսլանդիայի և Ռումինիայի դեմ հանդիպումներին դեռևս հարցականի տակ է:
Այսպիսով, Լիխտենշտեյնի դեմ հանդիպմանը Հայաստանի ազգային հավաքականի կազմում կնախապատրաստվեն հետևյալ 27 ֆուտբոլիստները.
Դարպասապահներ
Դավիթ Յուրչենկո – «Ալաշկերտ»
Անատոլի Այվազով – «Ուրարտու»
Արսեն Բեգլարյան – «Ուրարտու»
Պաշտպաններ
Հովհաննես Համբարձումյան – «Անորտոսիս» (Կիպրոս)
Կամո Հովհաննիսյան – «Կայրաթ» (Ղազախստան)
Վարազդատ Հարոյան – «Աստանա» (Ղազախստան)
Անդրե Չալըշըր – «Ապոլոն Սմիրնիս» (Հունաստան)
Տարոն Ոսկանյան – «Ալաշկերտ»
Սերոբ Գրիգորյան – «Փյունիկ»
Հայկ Իշխանյան – «Շիրակ»
Ժոաո Ժորդի Մոնրոյ Արարատ – «Նոա»
Հակոբ Հակոբյան – «Ուրարտու»
Կիսապաշտպաններ
Էդգար Բաբայան – «Ռիգա» (Լատվիա)
Գևորգ Ղազարյան – «Լամիա» (Հունաստան)
Տիգրան Բարսեղյան – «Աստանա» (Ղազախստան)
Վահան Բիչախչյան – «Ժիլինա» (Սլովակիա)
Խորեն Բայրամյան – «Ռոստով» (Ռուսաստան)
Սոլոմոն Իմե Ուդո – «Շախտյոր Կարագանդա» (Ղազախստան)
Արտակ Գրիգորյան – «Ալաշկերտ»
Վբեյմար Անգուլո – «Արարատ-Արմենիա»
Կարեն Մուրադյան – «Արարատ»
Արամ Քոչարյան – «Լոռի ՖԱ»
Ժիրայր Շաղոյան – ԲԿՄԱ
Հարձակվողներ
Սարգիս Ադամյան – «Հոֆենհայմ» (Գերմանիա)
Նորբերտո Բրիասկո Բալեկյան – «Ուրական» (Արգենտինա)
Ալեքսանդր Կարապետյան – «Արարատ-Արմենիա»
Արթուր Միրանյան – «Ուրարտու»
Հիշեցնենք, որ մարտին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի 3 հանդիպում: Մարտի 25-ին՝ ժամը 23:45-ին (Երևանի ժամանակով)՝ Վադուցի «Ռեյնպարկ» մարզադաշտում, կկայանա Աշխարհի 2022 թ. առաջնության ընտրական փուլի J խմբի առաջին տուրի Լիխտենշտեյն-Հայաստան հանդիպումը: Մարտի 28-ին՝ ժամը 20:00-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, կկայանա երկրորդ տուրի Հայաստան-Իսլանդիա հանդիպումը, իսկ մարտի 31-ին՝ ժամը 20:00-ին՝ Հայաստան-Ռումինիա հանդիպումը: