Գործարքը կայացած է. Դարվին Նունյեսը տեղափոխվում է Լիվերպուլ

Գործարքը կայացած է. Դարվին Նունյեսը տեղափոխվում է Լիվերպուլ

11/06/2022 - 20:41

«Բենֆիկայի» հարձակվող Դարվին Նունյեսը կարիերան կշարունակի «Լիվերպուլի» կազմում։

Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, ուրուգվայցի հարձակվողի տրանսֆերի հարցում վերջին բանակցությունները տեղի են ունեցել այսօր` հունիսի 11-ին` Պորտուգալիայում, ինչից հետո երկու ակումբները հասել են վերջնական համաձակնության։

Մերսիսայդյան ակումբը Նունյեսի տրանսֆերի դիմաց «արծիվներին» կվճարի երաշխավորված 80 մլն եվրո, որին հետագայում հավելավճարների տեսքով կավելանա ևս 20 միլիոն եվրո։

22-ամյա ֆուտբոլիստը «Լիվերպուլի» հետ կնքելու է 5 տարվա պայմանագիր, իսկ նրա տարեկան աշխատավարձը լինելու է 8 մլն եվրո։

Այժմ երկու ակումբները պատրաստում են գործարքի անհրաժեշտ փաստաթղթերը, որոնք ստորագրելուց հետո Նունյեսը «Լիվերպուլի» համար բուժզննում կանցնի։

Սպասվում է, որ կողմերը տրանսֆերի մասին պաշտոնապես կհայտարարեն հունիսի 12-ից հետո, քանի որ երիտասարդ հարձակվողն այժմ գտնվում է Ուրուգվայի հավաքականի ճամբարում, որի կազմում այդ օրն ընկերական հանդիպում պետք է անցկացնի Պանամայի դեմ։

Աղբյուրի փոխանցմամբ` Նունյեսը, ամենայն հավանականությամբ, Անգլիա կմեկնի հունիսի 13-ին

Նշենք, որ, հավելավճարները ներառյալ, այս գործարքը կդառնա «Լիվերպուլի» պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը և մերսիսայդյան ակումբի համար կարժենա 100 մլն եվրո։

Այժմ «Լիվերպուլի» ամենաթանկարժեք տրանսֆերը Վիրջիլ վան Դեյկի գործարքն է, երբ «Լիվերպուլը» 2018 թ. հունվարին հոլանդացի պաշտպանի դիմաց «Սաութհեմպտոնին» վճարեց 84.65 մլն եվրո։

Հավելենք, որ Դարվին Նունյեսը «Բենֆիկայի» կազմում հանդես էր գալիս 2020 թ. սեպտեմբերից, որի մարզաշապիկով անցկացրել է 84 հանդիպում` դառնալով 47 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022