Չելսին հետաքրքրված է մի շարք թոփ ֆուտբոլիստների ծառայություններով
«Չելսին» մտադիր է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ լրջորեն ամրապնդել կազմը։
Ինչպես տեղեկացնում է The Guardian-ը, լոնդոնյան ակումբը հետաքրքրված է մի շարք թոփ ֆուտբոլիստների ծառայություններով։
Աղբյուրի փոխանցմամբ` հարձակման գծի ամրապնդման հիմնական թեկնածուներից է «Մանչեսթեր Սիթիի» վինգեր Ռահիմ Սթերլինգը, ում «Չելսիի» կազմում է անձամբ ցանկանում տեսնել «ազնվականների» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը։
Նշվում է, որ Սթերլինգի ու «Սիթիի» միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2023 թ. հունիսի 30-ին, ինչն էլ կարող է խթանել, որ անգլիացի եզրային հարձակվողն ակումբային գրանցումը փոխելու ցանկություն հայտնի։
Այդուհանդերձ, Սթերլինգի տրանսֆերն իրագործելի կլինի միայն այն դեպքում, եթե «կապույտները» վաճառեն իրենց վինգերներից մեկին` Քրիստիան Պուլիշիչին, Հակիմ Զիեշին կամ Տիմո Վերներին։
Դեռևս հայտնի չէ նաև ակումբի կենտրոնական հարձակվող Ռոմելու Լուկակուի ապագան, ով ընդհանրապես չի արդարացնում մարզչական շտաբի սպասելիքները։
Բացի Սերլինգից, հարձակումն ուժեղացնելու համար «թոշակառուները» դիտարկում են նաև Քրիստոֆեր Նկունկուի («Լայպցիգ»), Ջոնաթան Դևիդի («Լիլ»), Դարվին Նունյեսի («Բենֆիկա») և Ուսման Դեմբելեի («Բարսելոնա») թեկնածությունները։
Հաղորդվում է, որ, ամեն դեպքում, ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Չելսիի» հիմնական նպատակը լինելու է ակումբից հեռացող կենտրոնական պաշտպաներ Անտոնիո Ռյուդիգերին ու Անդրեաս Քրիստիենսենին փոխարինելը։
Արդեն հայտնի է, որ գերմանացի պաշտպանը համալրելու է «Ռեալի», իսկ դանիացի ֆուտբոլիստը` «Բարսելոնայի» շարքերը։
Կենտրոնական պաշտպաններին փոխարինելու հիմնական թեկնածուներն են Յոշկո Գվարդիոլը («Լայպցիգ»), Խոսե Մարիա Խիմենեսը («Ատլետիկո Մադրիդ») և Ժյուլ Կունդեն («Չելսի»)։
Մեծ է հավանականությունը, որ «ազնվականների» շարքերը կլքեն նաև թիմի ավագ Սեզար Ասպիլիկուետան ու Մարկոս Ալոնսոն, որոնց հաջորդ հավանական ակումբը նույնպես կարող է դառնալ «Բարսելոնան»։
Ինչ վերաբերում է կիսապաշտպանությանը, ապա «Չելսին» մտադիր է գնել Օրելյեն Չաումենիին («Մոնակո»), սական լոնդոնյան ակումբն այդ տրանսֆերի հարցում լուրջ մրցակից ունի` ի դեմ «Ռեալ Մադրիդի», որն արդեն բանակցություններ է վարում մոնեգասկյան ակումբի հետ։
Վերջում հավելենք, որ, ըստ The Telegraph-ի տեղեկությունների, կազմի ամրապնդման համար ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ Թոմաս Տուխելին տրամադրվելու է 200 մլն ֆունտ ստերլինգ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անդրեաս Քրիստիենսեն, Անտոնիո-Կոնտե, Դարվին Նունյես, Ժյուլ Կունդե, Խոսե Մարիա Խիմենես, Հակիմ-Զիեշ, Մարկոս ԱԼոնսո, Յոշկո Գվարդիոլ, Ուսման-Դեմբելե, Չելսի, Ջոնաթան Դևիդ, Ռահիմ-Սթերլինգ, Ռոմելու-Լուկակու, Սեսար Ասպիլիկուետա, Տիմո Վերներ, տրանսֆերներ, Քրիստիան Պուլիշիչ, Քրիստոֆեր Նկունկու, Օրելյեն Չաումենի