Բարսայի դահիճը կրկին գործի մեջ է. Բավարիան կրկին հաղթեց «բլաուգրանային»🎥

Բարսայի դահիճը կրկին գործի մեջ է. Բավարիան կրկին հաղթեց «բլաուգրանային»🎥

14/09/2022 - 00:50

Չեմպիոնների լիգայի 2-րդ տուրում «Բավարիան» C խմբի շրջանակում` Մյունխենի «Ալյանց Արենա» մարզադաշտում, մրցեց «Բարսելոնայի» դեմ։

Առաջին կեսը գործնականում ամբողջությամբ անցավ կատալոնական ակումբի առավելությամբ, որի ֆուտբոլիստները բավական լավ տեսք ունեին։

Խավիի թիմը նախքան ընդմիջում ստեղծեց մի շարք իրական գոլային պահեր։ Հատկապես հիշատակման է արժանի Ռոբերտ Լևանդովսկիի մոտ տարածությունից կատարած հարվածը, սակայն տանտերերին փրկեց դարպասապահ Մանուել Նոյերը։

Ամեն դեպքում, առաջին կեսում այդպես էլ գոլեր չգրանցվեցին։

Երկրորդ խաղակեսում «Բավարիան» կերպարանափոխված տեսք ուներ, և Յուլիան Նագելսմանի թիմն անմիջապես միացրեց շարժիչները` շատ արագ ստանալով երկու գնդակի առավելություն։

Նախ 50-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո աչքի ընկավ Լյուկա Էրնանդեսը, ապա 54-րդ րոպեին մյունխենցիների կտրուկ գրոհը եզրափակեց Լերոյ Սանեն։

Ստանալով երկու գնդակի առավելություն` «Բավարիան» սկսեց հանգստացնել խաղը, ինչից հետո տևական ժամանակ գոլային պահեր չկային խաղում։

Հանդիպման մնացած ժամանակահատվածում «բլաուգրանան» փորձեց բեկել հանդիպման ընթացքը, սակայն «բավարական մեքենան» բավական ճշգրիտ էր պաշտպանվում` հետ մղելով «Բարսելոնայի» բոլոր գրոհները։

Ի վերջո, այս խաղում այլևս գոլեր չգրանցվեցին. «Բավարիան» հաղթեց 2:0 հաշվով։

Նշենք, որ այս խմբում կայացավ ևս մեկ հանդիպում.

«Վիկտորիա Պլզեն» 0:2 «Ինտեր»

C խումբը 2-րդ տուրից հետո ստացավ հետևյալ տեսքը.

  1. «Բավարիա» – 6 միավոր
  2. «Բարսելոնա» – 3 միավոր
  3. «Ինտեր» – 3 միավոր
  4. «Վիկտորիա Պլզեն» – 0 միավոր

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023