Մարսելի երկրպագուն հացադուլ է սկսել` պահանջելով, որ ակումբը վաճառի պաշտպաններից մեկին
Ֆրանսիական Լիգա 1-ի 27-րդ տուրում «Մարսելը» սեփական հարկի տակ մրցեց «Ստրասբուրի» դեմ. գրանցվեց 2:2 հաշիվը։
Պրովանսյան ակումբի կազմից այդ հանդիպմանը մասնակցել է նաև կենտրոնական պաշտպան Լեոնարդո Բալերդին, ով 29-րդ րոպեին պատժվեց կարմիր քարտով` հեռացվելով դաշտից։
Ինչպես հայտնում է RMC Sport-ն, այդ ամենն առաջացրել է ակումբի երկրպագուներից մեկի խիստ դժգոհությունը։
Աղբյուրի փոխանցմամբ` երկրպագուն մարտի 13-ին գնացել է «Մարսելի» գլխավոր գրասենյակի մոտ, որտեղ նստացույց է սկսել։
Այդ երկրպագուն իր հետ մի շարք պաստառներ է տարել, որոնց վրա գրված է «Բալերդի, հեռացի՛ր», «ես հացադուլ եմ սկսում», «Մարսելի բնակիչները քեզ այլևս չեն ցանկանում տեսնել» և այլ արտահայտություններ։
«Նա այլևս չպետք է խաղա «Մարսելում»։ Իմ արածը վատ բան չէ։ Ես առանց որևէ հայհոյանքի և վիրավորանքների ինձ հետ բերել եմ բոլոր մարսելցիների ուղերձը»,- նշել է երկրպագուն։
Հավելենք, որ Լեոնարդո Բալերդին «Մարսելի» կազմում հանդես է գալիս 2020 թ. հուլիսից` անցկացրած 85 խաղում դառնալով 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լեոնարդո Բալերդի, Լիգա-1, Օլիմպիկ Մարսել