Էկվադորի հավաքականը, հնարավոր է, զրկվի աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունքից
Խոշոր սկանդալ է հասունանում` Էկվարդորի հավաքականի հետ կապված։
Բանն այն է, որ ինչպես տեղեկացնում է New York Times-ը, Չիլիի հավաքականը պնդում է, որ Էկվադորին պետք զրկել Քաթարում կայանալիք աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունքից։
Չիլիական կողմը հաստատում է և վստահ է, որ Էկվադորի հավաքականի աջ պաշտպան Բայրոն Կաստիլիոն կեղծել է մի շարք անձնական տվյալներ։
Չիլիի հավաքականի շահերը պաշտպանող փաստաբան Էդուարդո Կարլեզոն հայտարարել է, որ Կասիլիոն կոլումբացի է և իրավունք չի ունեցել ներկայացնել Էկվադորը։
Փաստաբանը նշել է, որ Կաստիլիոն ծնվել է ոչ թե 1998 թ. նոյեմբերի 10-ին` Պլայասում, այլ երեք տարի ավելի ուշ` Կոլումբիայի Տումակո քաղաքում։
«Մեզ մոտ կան անհրաժեշտ բոլոր փաստաղթերը, որոնք ապացուցում են, որ Կաստիլիոյի ծնողները պսակադրվել են Տումակոյում, որտեղ էլ ծնվել և մկրտվել է ապագա ֆուտբոլիստը։
Խնդիրն այն է, որ մեր ձեռքի տակ եղած բոլոր ապացույցները թափանցիկ և ճիշտ ձևով ներկայացնենք համապատասխան մարմիններին։ Նա, ով ասում է ճշմարտությունը, վախենալու ոչինչ չունի»,- նշել է Կարլեզոն։
Հաղորդվում է, որ Կարլեզոն այս ապացույցներն արդեն ուղարկել է ՖԻՖԱ-ին և պահանջում է Էկվադորի հավաքականին տեխնիկական պարտություններ գրանցել այն 8 հանդիպումներում, որոնց մասնակցել է Բայրոն Կաստիլիոն աշխարհի առաջնության ԿՈՆՄեԲՈԼ-ի գոտու որակավորման փուլի շրջանակում։
Այդ 8 խաղերից երկուսում Էկվադորի հավաքականը մրցել է Չիլիի դեմ` վաստակելով 4 միավոր (0:0, 2:0)։
Հատկանշական է, որ եթե Էկվադորի հավաքականի անվան դիմաց այդ խաղերում պարտություններ գրանցվեն, ապա աշխարհի առաջնության խմբային փուլի ուղեգիրը բաժին կհասնի Չիլիի հավաքականին։
Tyc Sports-ի տեղեկություններով, ՖԻՖԱ-ն, Էկվադորի հավաքականի հետ կապված, վերջնական որոշում կայացնելու է հունիսի 10-ին։
Mundo Deportivo-ն էլ, հղում կատարելով TV Azteca-ին, հայտնում է, որ ՖԻՖԱ-ն արդեն որոշել է Էկվադորի հավաքականին զրկել աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունքից։
Հավելենք, որ ԱԱ-2022-ի ԿՈՆՄԵԲՈԼ-ի գոտու որակավորման փուլի շրջանակում Էկվադորի հավաքականը, անցկացրած 18 խաղում, վաստսկել է 26 միավոր և զբաղեցրել 4-րդ հորիզոնականը` նվաճելով մրցաշարի խմբային փուլի ուղեգիր։
Գուստավո Ալֆարոյի թիմն աշխարհի առաջնության շրջանակում ընդգրկված է A խմբում և պետք է մրցի Քաթարի, հոլանդիայի ու Սենեգալի հավաքականների դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ որակավորման փուլ, ԱԱ-2022, Աշխարհի առաջնություն, Բայրոն Կաստիլիո, Գուստավո Ալֆարո, Էդուարդո Կարլեզո, Էկվադորի հավաքական, Մունդիալ-2022, Չիլիի հավաքական, Քաթար-2022