Բրեշիան թրիլլերային խաղում հաղթեց Պերուջային` նվաճելով Բ սերիայի փլեյ-օֆֆ-ի կիսաեզրափակիչ🎥
Կայացավ Բ սերիայի փլեյ-օֆֆ-ի 1/4 եզրափակիչի երկրորդ դիմակայությունը, որի շրջանակում միմյանց դեմ մրցեցին 5-րդ ու 8-րդ հորիզոնականները զբաղեցրած «Բրեշիան» ու «Պերուջան»։
Հանդիպումը բավական անսպասելի մեկնարկ ունեցավ, քանի որ արդեն 10-րդ րոպեին Քրիստիան Կուանն առաջ մղեց «Պերուջային»։
Նախքան ընդմիջման գնալը «Բրեշիան» ուներ տարածքային շոշափելի առավելություն, ինչի արդյունքում Էուջենիո Կորինիի սաները 45+6-րդ րոպեին խփեցին պատասխան գնդակը. 11-մետրանոցից աչքի ընկավ Մարկո Պայաչը։
Կողմերն ընդմիջման գնացին 1:1 հաշվի պայմաններում։
Երկրորդ կեսում տանտերերի խաղային առավելությունն ավելի ակնհայտ էր, սակայն «Պերուջային» հաջողվեց պահպանել ոչ-ոքի արդյունքն ու հանդիպումը տեղափոխել լրացուցիչ ժամանակ։
Լրացուցիչ առաջին խաղակեսը հիմնականում անցնում էր հանգիստ պայքարում, սակայն 102-րդ րոպեին հյուրերը Մաթոսի ջանքերով բավական անսպասելի առաջ անցան հաշվի մեջ։
Թվում էր` խփած գոլից հետո Մասիմիլիանո Ալվինիի թիմը հանդիպումը կմոտեցնի հաղթական ավարտին, սակայն այդ սցենարի հետ համաձայն չէին «Բրեշիայի» ֆուտբոլիստները, ովքեր լրացուցիչ երկրորդ խաղակեսում ոչ միայն հավասարեցրին հաշիվը, այև հաղթանակ կորզեցին. 107-րդ ու 118-րդ րոպեներին աչքի ընկան համապատասխանաբար Ֆլորիան Այեն ու Ֆլավիո Բյանկին։
Ի վերջո, «Բրեշիան», թրիլլերային սցենարով ընթացած խաղում հաղթեց, 3:2 հաշվով ու նվաճեց Բ սերիայի փլեյ-օֆֆ-ի կիսաեզրափակիչի ուղեգիր, որի շրջանակում մրցելու է «Մոնցայի» դեմ։
Կիսաեզրափակիչ մյուս զույգն էլ կազմել են «Բենևենտոն» ու «Պիզան»։
Հավելենք, որ կիսաեզրափակիչները բաղկացած են լինելու երկու դիմակայություններից, որոնց առաջին հանդիպումները կկայանան մայիսի 17-ին ու 18-ին, պատասխան հանդիպումները` մայիսի 21-ին ու 22-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Բ-Սերիա, Բենևենտո, Բրեշիա, Էուջենիո Կորինի, Մարկո Պայաչ, Մոնցա, Պերուջա, Պիզա, Ֆլավիո Բյանկի, Ֆլորիան Այե