Գործարքը կայացած է. Հալանդը տեղափոխվում է Մանչեսթեր Սիթի
«Բորուսիա Դորտմունդի» հարձակվող Էրլինգ Հալանդը կարիերան կշարունակի «Մանչեսթեր Սիթիի» կազմում։
Ինչպես տեղեկացնում է հանրահայտ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «քաղաքաբնակները» նորվեգացի տրանսֆերի հարցում «Բորուսիայի» հետ հասել են վերջնական համաձայնության։
«Սիթին» «իշամեղուների» ղեկավարությանն արդեն տեղյակ է պահել, որ ակտիվացնելու է Հալանդի պայմանագրում առկա հրաժարագնի կետը և տրանսֆերի դիմաց կվճարի 75 մլն եվրո։
Այժմ գործարքը փաստաթղթային փուլում է. կողմերն առաջիկա օրերին կստորագրեն դրանք։
Աղբյուրի փոխանցմամբ` անցնող շաբաթվա ընթացքում երկու ակումբները պաշտոնապես կհայտարարեն գործարքի մասին։
Հաղորդվում է, որ 21-ամյա ֆուտբոլիստն ու նրա ընտանիքը ցանկանում են, որ նախքան Բունդեսլիգայի ընթացիկ խաղարկության ավարտը, որի վերջին տուրը կկայանա մայիսի 14-ին, հայտարարվի տրանսֆերի մասին, որպեսզի Էրլինգ Հալանդը «Հերտայի» դեմ կայանալիք տնային խաղում հասցնի հրաժեշտ տա «Բորուսիայի» երկրպագուներին, որոնց հետ բավական ջերմ հարաբերություններ ունի։
Հավելենք, որ Էրլինգ Հալանդը «Մանչեսթեր Սիթիի» հետ պայմանագիրը կնքելու է մինչև 2027 թ. հունիսի 30-ը, իսկ նրա շաբաթական աշխատավարձը չի գերազանցելու 375 հազ. ֆունտ սթերլինգը։
Նշենք, որ հենց այդքան է վաստակում մանկունյական ակումբի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը` Կևին դե Բրույնեն։
Հիշեցնենք, որ Էրլինգ Հալանդը «Բորուսիա Դորտմունդի» կազմում հանդես է գալիս 2020 թ. հունվարից, որի մարզաշապիկով մինչ օրս անցկացրել է 88 հանդիպում` դառնալով 85 գոլի և 23 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բորուսիա-Դորտմունդ, Էրլինգ Հալանդ, Մանչեսթեր-Սիթի, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո