Բրազիլիա – Արգենտինա հանդիպումը հետաձգվել է
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, աշխարհի 2022 թ. առաջնության Հարավային Ամերիկայի գոտու որակավորման փուլի 8-րդ տուրի Բրազիլիա – Արգենտինա հանդիպումն ընհատվել է առողջապահական խնդիրների պատճառով. «ալբիսելեստեի» 4 ֆուտբոլիստներ` Ջովանի Լո Չելսոն, Քրիստիան Ռոմերոն, Էմիլանո Բուենդիան և Էմիլիանո Մարտինեսը կասկածվում են, որ Բրազիլիայի պետական սահմանը հատել են իրավախախտումներով։
Ինչպես տեղեկացնում է ԿՈՆՄեԲՈԼ-ի մամուլի ծառայությունը, հանդիպման դադարեցումից հետո այն հետաձգվել է։
«Մրցավար Խեսուս Վալենսուելայի որոշմամբ Բրազիլիա – Արգենտինա հանդիպումը հետաձգվել է։
Մրցավարն ու հանդիպման պատվիրակը ՖԻՖԱ-ի կարգապահական կոմիտեին հաշվետվություն կուղարկեն, որն էլ կորոշի մեր հետագա քայլերը»,- նշված է ԿՈՆՄԵԲՈԼ-ի պաշտոնական հայտարարության մեջ։
Հատկանշական է, որ այս ամենն սկսվել է այն բանից, որ վերոնշյալ 4 ֆուտբոլիստները Մեծ Բրիտանիայից Բրազիլիա ժամանելու պահին երկրի միգրացիոն ծառայության աշխատակիցներին սխալ տեղեկություններ են հայտնել` ասելով, թե վերջին ժամանակներում չեն եղել Մեծ Բրիտանիայում։
Բանն այն է, որ Մեծ Բրիտանիայից Բրազիլիա ժամանած բոլոր անձինք, համաճարակային իրավիճակից ելնելով, պետք է անցնեն 14-օրյա կարանտին։
Այդ ամենի հետ կապված էլ` Բրազիլիա – Արգենտինա հանդիպման մեկնարկից 4 րոպե անց մարզադաշտ են ներխուժել Բրազիլիայի առողջապահության վերահսկման ազգային գործակալության` Anvisa-ի, և ոստիկանության ներկայացուցիչները, ինչից հետո հանդիպումը դադարեցվել։
Մինչ այդ էլ Anvisa-ն դիմել էր Բրազիլիայի ոստիկանությանը` տվյալ ֆուտբոլիստների ձերբակալման և արտաքսման համար, սակայն ոստիկանների` հյուրանոց ժամանելու պահին նրանք եղել են Արգենտինայի հավաքականի ավտոբուսում և մեկնում էին Բրազիլիայի ընտրանու դեմ հանդիպմանը։
Վերջում հավելենք, որ Արգենտինայի հավաքականի Twitter-ի պաշտոնական էջը հայտնել է, որ «ալբիսելեստեն» արդեն վերադարձել է Արգենտինա` պատրաստվելու ԱԱ-2022-ի որակավորման փուլի 9-րդ տուրի շրջանակում սեպտեմբերի 10-ին Բոլիվիայի դեմ կայանլիք տնային հանդիպմանը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ որակավորման փուլ, ԱԱ-2022, Արգենտինայի հավաքական, Բրազիլիայի հավաքական, Էմիլիանո Բուենդիա, Էմիլիանո Մարտինես, ԿՈՆՄԵԲՈԼ, Ջովանի Լո Չելսո, Քրիստիան Ռոմերո