Լապորտա. «Չեմ պատրաստվում ակումբը գրավ դնել նույնիսկ հանուն աշխարհի լավագույն ֆուտբոլիստի»
«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան օգոստոսի 6-ին մեծ մամուլի ասուլիս է տվել` պարզաբանելով նաև Լեո Մեսսիի հետ կապված իրավիճակը.
«Ֆինանսական fair-play-ի պատճառով` մենք չենք կարող մեզ թույլ տալ Մեսսիի հետ պայմանագիր կնքել։ Մենք ստիպված էինք հետևել մի պայմանագրի, որն առաջիկա կես դարում ակումբի համար կծառայի որպես եկամտի աղբյուր` հեռուստահեռարձակումների իրավունքի համար։
Ես չեմ ցանկանում ինչ-որ մեկի համար ակումբը գրավ դնել նույնիսկ հանուն հանուն աշխարհի լավագույն ֆուտբոլիստի, ում «Բարսելոնան» մշտապես երախտապարտ կլինի։ Մենք ունենք ֆուտբոլային համայնք, որի համար ակումբն ամենաառաջնայինն է։
Որպեսզի ձեզ համար հասկանալի լինի, ապա նշեմ, որ մեզ համար գործում է աշխատավարձի 4×1 կանոնը, և եթե վճարեինք ևս 25 մլն եվրո աշխատավարձ, ապա ստիպված պետք է 100 մլն եվրոյով կրճատեինք մեր ծախսերը, ինչն ենթադրում էր բազմաթիվ ֆուտբոլիստների վաճառք։
Ակումբի սպորտային ղեկավարությունն աշխատում է աշխատավարձի ընդհանուր բյուջեն կրճատելու ուղղությամբ։ Այդ հարցում մենք մի շարք ֆուտբոլիստների հետ համաձայնություն ունենք, իսկ որոշների հետ էլ այնքան էլ հեշտ հարաբերություններ չեն ձևավորվել։
Մենք գտնվում ենք շատ վտանգավոր իրավիճամում, որը շատ ռիսկեր է պարունակում ակումբի համար, իսկ իրավիճակը հարթելու համար ժամանակ է հարկավոր։
Մեսսիի համար նախատեսված աշխատավարձը կխլեր մեր բյուջեի 110%-ը։ Ինչո՞ւ հաջողվեց պայմանագիր կնքել Դեպայի, Ագուերոյի կամ Էմերսոնի հետ։ Քանի որ նրանք տեղափոխվելով ակումբ` համաձայնեցին մեր առաջարկած պայմաններին։ Այս ֆուտբոլիստների տեղափոխությունն անհամեմատելի է Լեո Մեսսիի պայմանագիրի գրանցման հարցի համեմատ։
Ակումբի պարտքն ավելի շատ է, քան նախատեսվում էր։ Ակումբը վեր է բոլորի` ֆուտբոլիստների, մարզիչների և տնօրենների շահերից»,- նշել է Ժոան Լապորտան, ում խոսքերը մեջբերում է լրագրող Գիլեմ Բալագեն։
Հիշեցնենք, որ օգոստոսի 5-ին հայտնի դարձավ, որ Լեո Մեսսին այլևս չի շարունակելու ելույթները «Բարսելոնայում», քանի որ, կապված Լա լիգայի տնտեսական ու համակարգային խոչընդոտների հետ, կատալոնական ակումբը չի կարող գրանցել արգենտինացի ֆուտբոլիստի հետ պայմանագիրը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Գիլեմ Բալագե, Ժոան Լապորտա, Լեո Մեսսի