Կարևոր օր հայկական ֆուտբոլի համար. այսօր պետք է լինենք մեր թիմերի կողքին
Հայկական թիմերը սկսում են պայքարը Եվրոպա լիգայի խաղարկությունում: Որակավորման 1-ին փուլի առաջին հանդիպումների շրջանակում այսօր՝ հուլիսի 11-ը հագեցած օր է մեզ համար: Իրենց հանդիպումներն են անցկացնում «Փյունիկը», «Ալաշկերտը» և «Բանանցը»:
Կոչը միակն է. պետք է անպայման այցելել ստադիոններ և երկրպագել մեր թիմերին: Լեփ-լեցուն մարզադաշտերում ամեն ինչ այլ է: Սրա կարիքը մեր թիմերն իսկապես ունեն:
Խաղային օրվա առաջին հանդիպումը կայանալու է Գյումրիում՝ «Փյունիկ» – «Շկուպի»: Գյումրիի վերանորոգվող «Քաղաքային» ստադիոնը պատրաստ է ընդունել այս հանդիպումը: «Շիրակը» այս տարի եվրագավաթներին չի մասնակցում, բայց Գյումրին այս անգամ էլ ֆուտբոլային մթնոլորտը վերապրելու հնարավորություն ունի:
Գավաթակիր «Ալաշկերտը» իր հանդիպումն անցկացնելու է ՀՖՖ տեխնիկական կենտրոն ֆուտբոլի ակադեմիայում. մրցակիցը Մակեդոնիայի համանուն թիմն է: Հուսանք, որ ֆուտբոլի ակադեմիայի տրիբունաները «Արարատ-Արմենիա» – ԱԻԿ հանդիպման նման լեփ-լեցուն կլինեն:
Ուշ երեկոյան էլ իր հանդիպումը կանցկացնի Երևանի «Բանանցը»՝ Սերբիայում հյուրընկալվելով «Չուկարիչկիին»:
Հանդիպումները ժամային առումով այնպես են դասավորված, որ բոլոր երեքին հետևելու հնարավորություն կա:
Այսօր մեր ֆուտբոլի համար իսկապես կարևոր օր է:
17:30. Գյումրու «Քաղաքային» ստադիոն. «Փյունիկ» – «Շկուպի»
19:00. Երևանի, ՀՖՖ տեխնիկական կենտրոն ֆուտբոլի ակադեմիա. «Ալաշկերտ» – «Մակեդոնիա»
22:30. «Չուկարիչկի» – «Բանանց»