Պատմության մեջ առաջին անգամ խաղը նման պատճառով հետաձգվում է․ BBC
Մայիսի 2-ն նախատեսված Մանչեսթեր Յունայթեդ – Լիվերպուլ հանդիպումը, որ կարող էր դառնալ չեմպիոնական Մանչեսթեր Սիթիի համար, հետաձգվել է երկրպագուների անկարգությունների պատճառով։
Բոլորն անհամբեր սպասում էին այս հանդիպմանը, սակայն երկրպագուներն այլ ծրագրեր ունեին․խաղը նախատեսված էր սկսել 16:30-ին, բայց ակումբի ղեկավարությունից դժգոհ երկրպագուները ներխուժել են մարզադաշտ ու խաղն անորոշ ժամանակով հետաձգվել է։
Ինչպես հայտնում է BBC Sport-ը Պրեմիեր լիգայի պատմության ընթացքում սա առաջին դեպքն է, երբ նման պատճառով խաղը տեղափոխվում է։ «Որոշումն ընդունվել է ոստիկանության, ակումբների, Պրեմիեր լիգայի ղեկավարության և քաղաքային իշխանությունների համատեղ որոշման արդյունքում»,- ասված է Պրեմիեր լիգայի պաշտոնական հաղորդագրության մեջ։
Առաջնության կազմակերպիչները հայտարարել են նաև, որ ընդունում են ազատ խոսքի և կարծիքի արտահայտման իրավունքը, սակայն դատապարտում են խուլիգանությունն ու բռնությունը և կոչ են անում համբերատարության։ Լիգայի ղեկավարությունը կապի մեջ կլինի ակումբների և ոստիկանության հետ՝ պարզելու համար դեպքի մանրամասներն ու մեղավորներին։
Գլեյզերների ղեկավարությունից դժգոհ երկրպագուները հավաքվել են նաև Լոուրի հյուրանոցի մոտ, որտեղ հանգրվանել էր նրանց թիմը մինչև հանդիպումը։
Օլե Գունար Սուլշերի թիմն ընթանում է երկրորդ տեղով և պարտության դեպքում առաջնությունում հաղթանակ կնվիրի Պեպ Գվարդիոլային և իր սաներին։
Այժմ բանակցություններ են ընթանում վերախաղարկման օր նշանակելու ուղղությամբ։
# BBC, ԱՊԼ, Լիվերպուլ, Մանչեսթեր-Յունայթեդ, Մանչեսթեր-Սիթի, Պրեմիեր-լիգա