Նապոլին Միլանին վերջանականապես դուրս է թողնում չեմպիոնական պայքարից🎥
Իտալական Ա սերիայի 27-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Սան Սիրո» մարզադաշտում, որտեղ «Միլանը» ընդունեց «Նապոլիին»:
Հանդիպման առաջին կեսը հիմնականում անցավ Իտալիայի հարավից ժամանակ հյուրերի առավելությամբ, ովքեր տիրում էին նախաձեռնությանը, ավելի շատ էին հարվածում (8 հարված, 3-ը՝ դիպուկ) և ավեի շատ էին գնդակին տիրում (54%):
Ճիշտ է՝ «Նապոլին» ուներ առավելություն, սակայն իրական գոլային պահեր այդպես էլ չկարողացան ստեղծել Ջանլուիջի Դոնարումայի պաշտպանած դարպասի ուղղությամբ։
Ինչ վերաբերում է «ռոսոներիներին», ապա «Միլանը» առաջին կեսում հիմնականում պաշտպանվում էր և շեշտը դրել էր հակագրոհների վրա, սակայն «կարմրասևերի» խաղում առանձնապես ոչինչ չէր ստացվում։
Կողմերը, ամեն դեպքում, ընդմիջման գնացին 0։0 հաշվի պայմաններում։
Երկրորդ կեսն էլ միանգամից մեկնարկեց խփած գնդակով․ 50-րդ րոպեին Պյոտր Զելինսկու փոխանցումից հետո աչքի ընկավ Մատիա Պոլիտանոն՝ առաջ մղելով նեապոլիտանցիներին։
Խփած գնակից հետո էլ Ջենարո Գատուզոյի սաները չէին հանգստանում և 58-րդ րոպեին մոտ էին հաշիվը կրկնապատկելուն, սակայն Ֆաբիան Ռուիսի՝ նպաստավոր դիրքից կատարած հարվածից հետո Դոնարուման փրկեց տանտերերին։
60-67-րդ րոպեների ընթացքում Ստեֆանո Պիոլին կատրաեց չորս փոփոխություն․ Ռադե Կրունիչի, Սամուել Կաստիլիեխոյի, Հական Չալհանօղլուի և Ֆրանկ Կեսիեի փոխարեն դաշտ մտան Անտե Ռեբիչը, Ալեքսիս Սալեմակերսը, Բրահիմ Դիասը, ինչպես նաև Սուալիո Մեյտեն։
Այդ փոփոխությունները բավական ակտիվացրին «Միլանի» խաղը, որի ֆուտբոլիստները փորձում էին փրկել հանդիպումը։ 71-րդ րոպեին աչքի ընկնելուն մոտ էր Անտե Ռեբիչը, սակայն խորվաթ ֆուտբոլիստի՝ գլխով կատարած հարվածից հետո «Նապոլիին» փրկեց դարպասապահ Դավիդ Օսպինան։
Հանդիպումը մոտենում էր ավարտին, իսկ «ռոսոներիների» ստեղծած պահերն իրենցից լուրջ վտանգ չէին ներկայացնում․ «Նապոլին» անձնուրաց պաշտանվում էր։
«Միլանի» տղաները պայքարեցին մինչև վերջ, սակայն հյուրերն էլ դիմացան այդ ճնշմանը և անչափ կարևոր հաղթանակ տարան։
Այսպիսով, «Նապոլին» վաստակեց 50 միավոր, շրջանցեց «Ռոմային» և բարձրացավ 5-րդ հորիզոնական։ «Գայլերը» նույնպես ունեն 50 միավոր, սակայն լրացուցիչ ցուցանիշներով Ջենարո Գատուզոյի թիմը 5-րդն է, որը Չեմպիոնների լիգայի ուղեգիր տվող 4-րդ հորիզոնականը զբաղեցնող «Ատալանտային» զիջում է 2 միավոր և մեկ խաղ էլ պակաս է անցկացրել բերգամոսցիների համեմատ։
«Միլանն» էլ մնաց 56 միավորով և շարունակում է զբաղեցնել 2-րդ հորիզոնականը, սակայն առաջնության առաջատար «Ինտերին» արդեն զիջում է 9 միավոր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Բրահիմ Դիաս, Հական Չալհանօղլու, Մատեո Պոլիտանո, Միլան, Նապոլի, Պյոտր Զելինսկի, Ջանլուիջի Դոնարումա, Սուալիո Մեյտե