Կասիլիաս․ «Հուսով եմ՝ Ռեալը կհաղթի Ատլետիկոյին»

Կասիլիաս․ «Հուսով եմ՝ Ռեալը կհաղթի Ատլետիկոյին»

05/03/2021 - 22:04

«Ռեալի» նախկին դարպասապահ Իկեր Կասիլիասը խոսել է առաջիկայում կայանալիք մադրիդյան դերբիի մասին, որի շրջանակում «սերուցքայինները» արտագնա խաղում կմրցեն «Ատլետիկոյի» դեմ․

«Հուսով եմ` «Ռեալը» կհաղթի և կկրճատի թիմերի միջև տարբերությունը։ «Ատլետիկոն» շատ լավ մրցաշրջան է անցկացնում։ Մենք պետք է էլ ավելի մոտ լինենք առաջատարին և պայքարենք Լա լիգայի համար»,- Կասիլիասի խոսքերն է մեջբերում Marca-ն։

Հիշեցնենք, որ իսպանացի նախկին դարպասապահը «արքայական» ակումբի հիմնական կազմի ֆուտբոլիստ է դարձել 1999 թվականի հուլիսից և պաշտպանել է հարազատ ակումբի դարպասը մինչև 2015 թվականի հուլիսի 11-ը՝ այդ ընթացքում մասնակցելով 725 հանդիպման։

2015 թվականի ամռանը Կասիլիասը տեղեփոխվեց «Պորտու» և մինչև կարիերայի ավարտ մնաց պորտուգալական ակումբի կազմում, իսկ խաղակոշիկները մեխից կախեց 2020 թվականի օգոստոսի 4-ին։

Ինչ վերաբերում է մադրիդյան դերբիին, ապա այն կկայանա Լա լիգայի 26-րդ տուրի շրջանակում։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է մարտի 7-ին՝ Երևանի ժամանակով 19։15-ին։

Այս պահի դրությամբ Լա լիգայի առաջատարը «Ատլետիկոն» է։ Դիեգո Սիմեոնեի սաները 24 հանդիպումներից հետո վաստակել են 58 միավոր։ Նրանց հետևում են «Բարսելոնան» և «Ռեալը», որոնք 25 հանդիպումներից հետո իրենց ակտիվում ունեն 53-ական միավոր, սակայն լրացուցիչ ցուցանիշների շնորհիվ երկրորդ հորիզոնականում կատալոնացիներն են։

Հ․Գ․ Միացեք մեր Telegram-ի ալիքին -> https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023