«Pirelli»-ն այլևս չի լինելու Ինտերի տիտղոսային հովանավորը

«Pirelli»-ն այլևս չի լինելու Ինտերի տիտղոսային հովանավորը

03/03/2021 - 12:15

Ավտոանվադողեր արտադրող «Pirelli» ընկերությունն այլևս չի լինելու «Ինտերի» տիտղոսային հովանավորը։

«Pirelli»-ն նախորդ 27 տարիներին եղել է «Ինտերի» տիտղոսային հովանավորը և սա վերջին մրցաշրջանն է, որ անվադողեր արտադրող ընկերության անվանումը լինելու է «ներաձուրիների» մարզաշապիկի վրա։

«Pirelli»-ի գործադիր տնօրեն Մարկո Տրոնկետի Պրովերան արդեն հայտարարել է, որ «ներաձուրիները», հաջորդ մրցաշրջանից սկսած, նոր տիտղոսային հովանավոր են ունենալու.

«Մենք բանակցություններ ենք վարում Ալեսանդրո Անտոնելոյի (խմբ․՝ «Ինտերի» դիտորդական խորհրդի ղեկավար), Ջուզեպե Մարոտայի (խմբ․՝ «Ինտերի» գործադիր տնօրեն) և ակումբի այլ տնօրենների հետ։ Մենք այլևս չենք լինելու «Ինտերի» տիտղոսային հովանավորը, սակայն ակումբի հետ մեր հարաբերությունները շարունակվելու են»,- նշել է Տրոնկետին, ում խոսքերը մեջբերում է Football Italia-ն։

Աղբյուրը հայտնում է նաև, որ նախորդ շաբաթ Չինաստանի ամենամեծ մանրածախ առևտրի կազմակերպություններից մեկը՝ «Suning Commerce Group»-ը, հայտարարել է, որ ֆինանսական օգնություն է ցույց տալու «Ինտերին», սակայն միլանյան ակումբն ավելի հարմար գործընկեր է փնտրում, իսկ Մարկո Տրոնկետի Պրովերան այլևս չի անհանգստանում «ներաձուրիների» ապագայով։

Հատկանշական է, որ «Ինտերը» «Pirelli»-ից ստանում է ֆուտբոլային առումով չնչին գումար։ Ընկերությունը «կապտասևերին» տարեկան վճարում է ընդամենը 10․5 մլն եվրո։ Համեմատության համար նշենք, որ «Մանչեսթեր Սիթին» իր տիտղոսային հովանավորից՝ «Etihad Airways»-ից, տարեկան ստանում է 65 մլն եվրո գումար, իսկ կողմերի միջև պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2029 թվականը։ Ներկա պահին եվրոպական թոփ-5 առաջնությունների շրջանակում տիտղոսային հովանավորից բոլորից շատ գումար ստանում են հենց «քաղաքաբնակները»։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023