Նապոլին վառ ֆուտբոլ է ցուցադրում․ Բենևենտոն անօգնական տեսք ուներ 🎥
Իտալական Ա սերիայի 24-րդ տուրի շրջանակում «Նապոլին» սեփական հարկի տակ ընդունեց «Բենևենտոյին»։
Առաջին խաղակեսն անցավ տանտերերի բացահայտ առավելությամբ, ովքեր 10 հարված կատարեցին մրցակցի դարպասի ուղղությամբ, որոնցից 6-ը դիպուկ էին, սակայն գոլ գրանցվեց միայն մեկ դրվագում։ Հանդիպման 34-րդ րոպեին խաղի առաջին գնդակն իր անվան դիմաց գրանցեց նեապոլիտանական ակումբի բելգիացի հարձակվող Դրիս Մերտենսը՝ առաջ մղելով իր թիմին։
Եվս 4 րոպե անց աչքի ընկնելու հերթը Պյոտր Զելինսկիինն էր, սակայն նրա գոլը չեղարկվեց վերջինիս՝ խաղից դուրս վիճակում գտնվելու պատճառով։
Առաջին խաղակեսում այլևս գոլեր չարձանագրվեցին, և կողմերն ընդմիջման գնացին Ջենարո Գատուզոյի տղաների՝ նվազագույն հաշվով առավելությամբ։
Երկրորդ խաղակեսում բավական երկար ժամանակ հետախուզական պայքար էր ընթանում, սակայն տանտերերն աստիճանաբար մեծացրին ճնշումը մրցակցի նկատմամբ, որն էլ արտացոլվեց վտանգավոր հարվածներով։ 64-րդ րոպեին նպաստավոր դիրքից վրիպեց վինգեր Լորենցո Ինսինյեն․ նրա հարվածից հետո գնդակը հորիզոնական դարպասաձողից մի փոքր բարձր ընթացավ։
Այն, ինչ չհաջողվեց անել Ինսինյեին, հաջողվեց Մատեո Պոլիտանոյին 2 րոպե անց, ով էլ դարձրեց հաշիվը 2։0։
Խաղավարտից 9 րոպե առաջ տանտերերի կազմում երկրորդ դեղին քարտը ստացավ և խաղադաշտից հեռացվեց Կալիդու Կուլիբալին՝ թողելով իր թիմին 10 հոգով։
Թվում էր, թե Ֆիլիպո Ինձզագիի սաների համար լավ հնարավորություն է ստեղծվել օգտագործել քանակական առավելությունն ու փորձել հաջողություն գրանցել այս խաղում, սակայն հանդիպման մնացած ժամանակահատվածում այլևս գոլեր չգրանցվեցին։ Խաղն ավարտվեց 2։0 հաշվով «Նապոլիի» հաղթանակով։
Այս հաղթանակից հետո նեապոլիտանական ակումբը 23 խաղերից հետո վաստակեց 43 միավոր և Ա սերիայի մրցաշարային աղյուսակում բարձրացավ 6-րդ հորիզոնական։
«Բենևենտոն» մնաց 25 միավորով, որին համապատասխանում է 16-րդ հորիզոնականը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բենևենտո, Դրիս Մերտենս, Լորենցո Ինսինե, Կալիդու Կուլիբալի, Մատեո Պոլիտանո, Նապոլի, Ջենարո Գատուզո, Ֆիլիպո Ինձզագի