Յունայթեդը փորձում է մնալ չեմպիոնական պայքարում🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 25-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ մրցեց «Նյուքասլի» դեմ ։
Առաջին խաղակեսում գնդակին ավելի շատ տիրում էին (73%) «կարմիր սատանաները», սակայն կարելի է ասել, որ խաղը մասամբ անցնում էր «Նյուքասլի» տղաների սցենարով, քանի որ «կաչաղակները» որոշ դրվագներում հարձակման գծում ավելի վտանգավոր էին գործում։
Մինչև հանդիպման 30-րդ րոպեն մանկունյական ակումբի խաղում սրություն չկար, սակայն հաջողվեց առաջին իսկ կատարած դիպուկ հարվածով բացել խաղի հաշիվը։
Մարկուս Ռեշֆորդը հարձակման ձախ եզրով ներխուժեց մրցակցի տուգանային հրապարակ և գրավեց Կարլ Դարլոուի պաշտպանած դարպասի մոտակա անկյունը։
Բաց թողած գոլը չընկճեց Սթիվ Բրյուսի սաներին, ովքեր 36-րդ րոպեին Ալեն Սեն-Մաքսեմենի գոլի շնորհիվ հավասարեցրին հաշիվը։
Կողմերն ընդմիջման գնացին 1։1 հաշվի պայմաններում։
Երկրորդ կեսում պատկերը նույնն էր․ Օլե-Գունար Սուլշերի սաները շարունակում էին ավելի շատ տիրել գնդակին, սակայն, ի տարբերություն առաջին կեսի, «Յունայթեդի» ֆուտբոլիստներն առանձնապես ոչինչ թույլ չէին տալիս հանդիպման հյուրերին։
Դրան գումարվեց նաև, որ Բրունո Ֆերնանդեշի կատարած փոխանցումից հետո Դանիել Ջեյմսը 57-րդ րոպեին կրկին առաջ մղեց իր թիմին։
74-րդ րոպեին մանկունյական ակումբն ավելի մեծացրեց իր առավելությունը։ «Նյուքասլի» կիսապաշտպան Ջո Վիլոքը սեփական տուգանային հրապարակում կանոնների խախտում թույլ տվեց, ինչից հետո գխավոր մրցավար Փոլ Թիրնին 11-մետրանոց հարված նշանակեց, որն անվրեպ իրացրեց Բրունո Ֆերնանդեշը։
Պորուտուգալացի ֆուտբոլիստը պրեմիեր լիգայի շրջանակում դարձել է արդեն 15 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։ Լավագույն ռմբարկուների պայքարում 26-ամյա կիսապաշտպանը զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը՝ զիջելով միայն «Լիվերպուլի» վինգեր Մոհամեդ Սալահին, ում ակտիվում կա 17 գնդակ։
Ինչ վերաբերում է լավագույն ասիստենտների պայքարին, ապա Բրունոն այս ասպեկտում 2-4-րդ հորիզոնականները կիսում է Ջեք Գրիլիշի («Աստոն Վիլլա») և Կևին դե Բրոյնեի («Մանչեսթեր Սիթի») հետ։ Վերոնշյալ ֆուտբոլիստները զիջում են միայն «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնին, ով կատարել է 11 գոլային փոխանցում։
«Նյուքասլի» դեմ հանդիպման խաղավերջում «կարմիր սատաները» հաշիվն էլ ավելի մեծացնելու մի շարք վտանգավոր պահեր ձեռքից բաց թողեցին, և հաշվի մեջ այլևս փոփոխություն չեղավ։
Այսպիսով, «ՄՅՈՒ»-ն 3։1 հաշվով հաղթեց «Նյուքասլին», վաստակեց 49 միավոր և վերադարձավ 2-րդ հորիզոնական։ Նույնքան միավոր ունի նաև «Լեսթերը», սակայն հենց «Յունայթեդն» է 2-րդը։
Հիշեցնենք, որ ԱՊԼ-ի առաջատարը «Մանչեսթեր Սիթին» է, որի ակտիվում կա 59 միավոր։
Ինչ վերաբերվում է «Նյուքասլին», ապա Սթիվ Բրյուսի թիմը մնաց 25 միավորով և զբաղեցնում է 17-րդ հորիզոնականը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալեն Սեն-Մաքսեմեն, ԱՊԼ, Բրունո Ֆերնանդեշ, Դանիել Ջեյմս, Հարի-Մագուայեր, Մանչեսթեր-Յունայթեդ, Մարկուս-Ռեշֆորդ, Նյուքասլ, Պրեմիեր-լիգա, Օլե-Գունար-Սուլշեր