Derby di Roma. Լացիոն փայլուն խաղով տապալում է Ռոմային
Հունվարի 15-ին մեկնարկեց իտալական Ա սերիայի 18-րդ տուրը, որի մեկնարկային խաղում կայացավ համաշխարհային ֆուտբոլի ամենաթեժ դերբիներից մեկը՝ Derby di Roma-ն․ Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում միմյանց դեմ մրցեցին «Լացիոն» ու «Ռոման»։
Հանդիպումը բավական ակտիվ մեկնարկեցին «Ռոմայի» ֆուտբոլիստները, սակայն, ինչպես ամպրոպ անապմ երկնքում, «գայլերը» գնդակ բերեցին սեփական դարպասին։ Հանդիպման 14-րդ րոպեին Չիրո Իմոբիլեն երկար փոխանցումով փորձեց հարձակման աջ եզրում գտնել Մանուել Լացարիին, սակայն գնդակը հասավ «գայլերի» պաշտպան Ռոջեր Իբանյեսին։ Բրազիլացի պաշտպանը շփոթվեց, երբ Լացարին մի փոքր պրեսինգի դիմեց, ինչի հետևանքով գնդակը հայտնվեց իտալացի լատերալի մոտ, վերջինս էլ հարվածային դիրք դուրս բերեց Իմոբիլեին, ով էլ բացեց խաղի հաշիվը։
«Գայլերը» դեռ ուշքի չէին էլ եկել, երբ 23-րդ րոպեին Իբանյեսը հերթական արդյունավետ սխալը թույլ տվեց գրեթե նույն դիրքում, ինչը կրկին տեղի ունեցավ Մանուել Լացարիի հետ պայքարում։ Ի տարբերություն առաջին գոլային դրվագի՝ Լացարին այս անգամ փոխանցեց և հարվածային դիրք դուրս բերեց Լուիս Ալբերտոյին։ Իսպանացի կիսապաշտպանն էլ հիանալի հարվածով հաշիվը դարձրեց 2։0։
Երկրորդ խաղակեսում «Ռոմայի» ստվերն էր դաշտում, քանի որ հռոմեական ակումբի խաղում բացարձակ ոչինչ չէր ստացվում, իսկ «արծիվներն» էլ իրենց հերթին 67-րդ րոպեին եռապատկեցին առավելությունը։ Դուբլի հեղինակ դարձավ Լուիս Ալբերտոն։
Երրորդ գոլից հետո, ընդհանրապես, հանդիպումը հանգստացավ, երկու թիմերն էլ պարզապես հանդիպումը մոտեցնում էին իր տրամաբանական ավարտին։
Այսպիսով, կարելի է փաստել, որ Սիմոնե Ինձզագին, պարզապես, հիանալի մարտավարական հաղթանակ տարավ՝ ամբողջությամբ չեզոքացնելով «Ռոմայի» ողջ ներուժը։
«Լացիոն» այս հաղթանակից հետո վաստակեց 31 միավոր և բարձրացավ 7-րդ հորիզոնական։ «Ռոման» էլ 34 միավորով մնաց 3-րդ հորիզոնականում։
Հավելենք, որ «Ռոմայի» կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցեց նաև Հենրիխ Մխիթարյանը, ով, ինչպես իր բոլոր թիմակիցները, միջինից ցածր ֆուտբոլ ցուցադրեց։
# Ա-սերիա, Լացիո, Լուիս Ալբերտո, Հենրիխ-Մխիթարյան, Չիրո Իմոբիլե, Պաուլու Ֆոնսեկա, Ռոմա, Սիմոնե Ինձզագի