Գոմեսը ցանկանում է հեռանալ Ատալանտայից․ ի՞նչ է իրականում եղել նրա և Գասպերինիի միջև
«Ատալանտայի» ավագ և առաջատար Ալեխանդրո Պապու Գոմեսը, ամենայն հավանականությամբ, հեռանալու է Բերգամոն ներկայացնող ակումբից։ Բանն այն է, որ, ըստ որոշ պարբերականների, արգենտինացի ֆուտբոլիստը լուրջ կոնֆլիկտ ունի ակումբի գլխավոր մարզիչ Ջանպիերո Գասպերինիի հետ։
Չեմպիոնների լիգայի խմբային 5-րդ տուրի շրջանակում «Ատալանտան» տանը մրցում էր «Միդյուլլանի» դեմ։ Առաջին կեսից հետո Բերգամոն ներկայացնող ակումբը պարտվում էր 0։1 հաշվով։ Այդ խաղում «Ատալանտան» հանդես էր գալիս 3-4-3 մարտավարական սխեմայով, իսկ մրցակիցը՝ 5-4-1-ով։ Ջանպիերո Գասպերինին ցանկացել է ձախ եզրն ավելի ամրապնդելու համար Ալեխանդրո Գոմեսին տեղափոխել այնտեղ։ Հանդիպման ընդմիմջանը իտալացի մասնագետը պահանջել է, որ Գոմեսը մշատպես այդ եզրում հանդես գա, սակայն մերժում է ստացել ֆուտբոլիստից։ Բանը հասել է վիճաբանության, ինչից հետո 62-ամյա մարզիչը որոշում է կայացրել փոխարինել իր թիմի ավագին։ Այդ մասին տեղեկացնում է The Guardian-ի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ռոմանոն գրում է, որ Պապու Գոմեսը նոր ակումբ է փնտրում։
Դեկտեմբերի 14-ին Ալեխանդրո Գոմեսը Instagram-ի իր պաշտոնական օգտահաշվի stories բաժնում գրառում է կատարել՝ ակնարկելով իր հեռանալու մտադրությունների մասին․
««Ատալանտայի» սիրելի երկրպագուներ, ես ձեզ դիմում եմ այստեղ, քանի որ հնարավորություն չունեմ պաշտպանել ինքս ինձ և հանդիպել ու խոսել ձեզ հետ։ Ես ցանկանում եմ միայն հայտնել, որ երբ հեռանամ, դուք կիմանաք ամբողջ ճշմարտությունը։ Դուք ինձ լավ եք ճանաչում և գիտեք, թե ով եմ ես և ինչ եմ ինձնից ներկայացնում։ Սիրում եմ ձեզ։ Ձեր՝ կապիտան»,- գրել է արգենտինացի ֆուտբոլիստը
Corriere dello Sport-ի տեղեկություններով «Միդյուլլանի» դեմ խաղից հետո մարզիչն ու ավագը կրկին բռնվել են վիճաբանության։ Հաղորդվում է, որ տղամարդիկ բարձր ձայնով երկար ժամանակ վիճել են, ինչը հասել է նույնիսկ ծեծկռտուքի։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Գոմեսի կողմն է անցել նաև թիմի առաջատարներից Յոսիպ Իլիչիչը։
Հաղորդվում է նաև, որ անմիջապես խաղից հետո Ջանպիերո Գասպերինին հրաժարականի դիմում է ներկայացրել ակումբի ղեկավարությանը, որը, սակայն, մերժվել է, իսկ Գոմեսը Instagram-ում հանելուկային գրառում է կատարել stories բաժնում՝ գրելով․
«Երեկ ես «Ատալանտայի» կազմում անցկացրի 250-րդ հանդիպումը։ Ես մշտապես անհանգստանում եմ ընկերներիս և Բերգամոյի համար»։
«Ատալանտան» անցնող օրերին երբեք ծեծկռտուքի մասին լուրերը պաշտոնապես չհերքեց, ինչը ևս մեկ փաստարկ է դրա իսկության մասին, իսկ այդ ամենի լավագույն ապացույցն այն է, որ կոնֆլիկտի մասին լուրերը հաստատում են մի շարք հեղինակավոր և վստահելի պարբերականներ ու առանձին լրագրողներ։
Այդ ամենից մեկ օր անց տեղի պարբերականներից Corriere di Bergamo-ն գրեց, որ կոնֆլիկտն այնքան էլ լուրջ չէ, իսկ կողմերն արդեն հաշտվել են, սակայն հետագա իրադարձությունները հակառակն են համոզում։
«Միդյուլլանի» դեմ խաղից հետո «Ատալանտան» Ա սերիայի 9-րդ տուրի շրջանակում պետք է մրցեր «Ուդինեզեի» դեմ։ Ջանպիերո Գասպերինին նախ հայտացուցակից դուրս թողեց Ալեխանդրո Գոմեսին և Յոսիպ Իլիչիչին, իսկ նախաղաղային մամուլի ասուլիսին անմիջապես բորբոքվեց, երբ լրագրողներն անդադար երկու ֆուտբոլիստների մասին հարցեր էին տալիս․
«Դե,՜ բավական է։ Կարծում եմ՝ ես արդեն բացատրել եմ, թե ինչու եմ նրանց հայտացուցակից դուրս թողել։ Մի՞թե ես բավականաչափ չէի բացատրել։ Եկեք խոսենք «Ուդինեզեի» մասին։ Հուսով եմ, որ ես հստակ հասկացրի ամեն ինչ»,- մամուլի ասուլիսի ժամանակ տաքացած նշել է Գասպերինին։
Ի վերջո, այդ հանդիպումը եղանակային վատ պայմանների պատճառով հետաձգվեց, իսկ շատ հարցերի պատասխանները գոնե թե ժամանակավորապես այդպես էլ մնացին անպատասխան։
Չեմպիոնների լիգայի 6-րդ տուրի շրջանակում «Ատալանտան» հյուրընկալվելիս մրցեց «Այաքսի» դեմ։ Այդ խաղում պարտվելու դեպքում Բերգամոն ներկայանցող ակումբը կլքեր Չեմպիոնների լիգայի խաղարկությունը, սակայն Գասպերինիի սաները հաղթեցին 0։1 հաշվով և դուրս եկան 1/8 եզրափակիչ։ Դեկտեմբերի 14-ին էլ հայտնի դարձավ, որ Բերգամոն ներկայանցող ակումբը մրցաշարի այդ փուլում մրցելու է «Ռեալ Մադրիդի» դեմ։
«Այաքսի» դեմ խաղից առաջ «Ատալանտայի» երկրպագուները ակումբի մարզաբազայի մոտ մեծ պաստառ էին փակցրել, որի վրա գրված է եղել «Մենք միասին պատմություն կերտեցինք, միասին էլ փառքի կհասնենք»։ Ըստ երևույթին՝ պաստառը նվիրված է եղել Գասպերինիին և Գոմեսին։
«Այաքսի» դեմ խաղում Պապու Գոմեսը վերադարձավ հայտացուցակ, խաղադաշտում անցկացրեց 90 րոպե և օգնեց իր թիմին տանել դժվար հաղթանակ, սակայն Յոսիպ Իլիչին այդպես էլ մնաց պահեստայինների նստարանին։
Ա սերիայի 11-րդ տուրի շրջանակում «Ատալանտան» սեփական հարկի տակ 3։0 հաշվով հաղթեց «Ֆիորենտինային»։ Այդ խաղում Յոսիպ Իլիչիչը կրկին բացակայում էր հայտացուցակից, իսկ Գոմեսը մնաց պահեստայինների նստարանին։ Իր այդ քայլը Գասպերինին հետխաղաղային մամուլի ասուլիսի ժամանակ բացատրել է հետևյալ կերպ․
«Մեզ անհրաժեշտ է ռոտացիա։ Դուք հավանաբար կարդում և կարծում եք, որ մենք փորձում ենք ստեղծել մի «Ատալանտա», որն ավելի քիչ կախված կլինի Ալեխանդրո Գոմեսից, սակայն նա անընդմեջ խաղացել է 11-12 հանդիպում։ Այսօր մենք առանց նրա ավելի շարժուն և արդյունավետ էինք։
Կոնֆլի՞կտ։ Պապուն անցնող 5 տարիների ընթացքում մեզ համար անչափ կարևոր ֆուտբոլիստ է եղել։ Եթե նա ցանկանում է հունվարին հեռանալ, ապա դա նրա որոշումն է։ Դուք պետք է նոր նպատակների մոտիվացիա ունենաք, այլապես կմնաք նույն տեղում։ Ես չգիտեմ, թե ինչպես եմ այս ամենի միջով անցնելու։ Ես մտածում եմ ակումբի մասին, չնայած Գոմեսը շարունակում է մնալ հանճարեղ ֆուտբոլիստ։ Պայմանավորված Գոմեսի և ակումբի ֆիզիկական վիճակով՝ ես ընթացիկ մրցաշրջանում չեմ կարա նրան տրամադրել այն «ազատ նկարչի» դերը, որն ուներ նախորդ մրցաշրջանում։
Եվ ես ցավում եմ, որ Իլիչիչը նույնպես ներքաշված է այս հարցում։ Նա որևէ կապ չունի ինչ-որ կոնֆլիկտի հետ»,- նշել է 62-ամյա մասնագետը, ում խոսքերը մեջ բերում է Sky Italia-ն։
Վերջում ցանկանում ենք նշել, որ, ցավոք, ամենայն հավանականությամբ, նախորդ մրցաշրջանի հանճարեղ «Ատալանտային» այլևս չենք տեսնի․․․․
# Ա-սերիա, Ալեխանդրո Գոմես, Միդյուլլան, Յոսիպ Իլիչիչ, Ուդինեզե, Չեմպիոնների-լիգա, Ջանպիերո Գասպերինի, Ֆիորենտինա