Հունգարիայի հավաքականը գեղեցիկ comeback-ով վերջ դրեց իսլանդական հրաշքին🎥
Նոյեմբերի 12-ին մեկնարկեց Եվրո-2020-ի անցումային հանդիպումների փյել-օֆֆ փուլի եզրափակիչ հատվածը, որին մասնակցում են Ազգերի լիգայի 2018/19 խաղարկության շրջանակում իրենց դիվիզիոնների խմբում հաղթած և այն հավաքականները, որոնց չէր հաջողվել Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճել որակավորման փուլի արդյունքում։
Հունգարիայի հավաքականը Բուդապեշտի «Պուշկաշ-Արենա» մարզադաշտում մրցեց Իսլանդիացի իրենց գործընկերների դեմ։
Խաղի մեծ մասում հունգարներն ունեին տարածքային առավելություն, սակայն հանդիպման զգալի մասում հաղթում էին «վիկինգները»։ 11-րդ րոպեին հյուրերին առաջ էր մղել Իսլանդիայի հավաքականի առաջատար Գիլֆի Սիգուրդսոնը։
Իսլանդիայի հավաքականի ֆուտբոլիստները մինչև 88-րդ րոպեն հաղթում էին մրցակցին, սակայն տանտերերը կարողացան բեկել խաղի ընթացքը, հաղթանակ կորզել և հերոսաբար նվաճել Եվրո-2020-ի ուղեգիր։
Նախ 88-րդ րոպեին Լոիկ Նեգոն հավասարեցրեց հաշիվը, իսկ 90+2-րդ րոպեին Դոմինիկ Սոբոսլային խփեց հաղթական գնդակը։
Այսպիսով, Հունգարիայի հավաքականը դրամատիկ պայքարում հաղթեց 2։1 հաշով և իր պատմության մեջ 4-րդ անգամ որակավորվեց Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ։
Հունգարիայի հավաքականը տեղ գտավ մրցաշարի «մահվան»՝ F խմբում, որտեղ ընդգրկված են նաև Պորտուգալիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի հավաքականները։
# Գիլֆի Սիգուրդսոն, Դոմինիկ Սոբոսլայի, ԵՎՐՈ-2020, Իսլանդիայի հավաքական, Հունգարիայի հավաքական