Չելսին շարունակում է դարպասապահ փնտրել
«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դին Հենդերսոնը, ով 2018 թվականից վարձավճարով հանդես է գալիս «Շեֆիլդ Յունայթեդի» կազմում, հնարավոր է, կարոիրան շարունակի «Չելսիի» կազմում։
Ինչպես տեղեկացնում է Manchester Evening News-ը, լոնդոնյան ակումբը պատրաստ է 23-ամյա դարպասապահի աշխատավարձը։ Ներկա պահին դարպասապահը շաբաթական վաստակում է 70 հազար ֆունտ աշխատավարձ, իսկ «Չելսին» պատրաստ է նրան վճարել մոտ 170 հազար ֆունտ։ Աղբյուրի փոխանցմամբ՝ «ազնվականների» բանակցող կողմն արդեն կապ է հաստատել Հենդերսոնի ներկայացուցիչների հետ։
Առաջնության ավարտից հետո Հենդերսոնը վերադառնալու է «Մանչեսթեր Յունայթեդ», քանի որ նրա վարձակալությունը «Շեֆիլդում» ավարտվում է։ Խաղացողին մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ անգլիացի դարպասապահը շատ է ցանկանում վերադառնալ հարազատ ակումբ և հանդես գալ հենց մանկունյական ակումբի կազմում, սակայն պատրաստ է լսել նոր առաջարկներ, եթե «Յունայթեդի» մարզչական շտաբը նրա համար բավարար խաղաժամանակ չխոստանան։
Ավելի վաղ էլ հայտնի է դարձել, որ «Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդն անչափ դժգոհ է ակումբի ներկայիս հիմնական դարպասապահ Կեպա Արիսաբալագայի խաղից և պատրաստ է նրան վաճառել։ Կեպան կարիերան կարող է շարունակել «Վալենսիայի» կազմում, որը պատրաստ է նրան վարձակալել երկու տարի ժամկետով՝ անմիջական գնման իրավունքով։
Հավելենք, որ Հենդերսոնի և «Մանչեսթեր Յունայթեդի» միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2022 թվականին, սակայն խաղացողի պայմանագրում կա կետ, ըստ որի, կողմերը ավտոմատ կարող են ևս մեկ տարի երկարաձգել պայմանագիրը։
Դին Հենդերսոնն ընթացիկ մրցաշրջանում «Շեֆիլդի» կազմում բոլոր մրցաշարերի շրջանակում մասնակցել է 39 հանդիպման՝ բաց թողնելով 34 գնդակ, 14 անգամ էլ դարպասն անառիկ է պահել։
# Դին Հենդերսոն, Կեպա Արիսաբալագա, Մանչեսթեր-Յունայթեդ, Շեֆիլդ Յունայթեդ, Չելսի, Վալենսիա, տրանսֆերներ