Յուվենտուսի պաշտպանը կարիերան կշարունակի ԱՊԼ-ում
Թուրինի «Յուվենտուսի» պաշտպան Դին Հայզենը կարիերան շարունակելու է անգլիական Պրեմիեր լիգան ներկայացնող «Բորնմութում»։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն գրում է, որ «Բորնմութը» Հայզենի տրանսֆերի դիմաց «բյանկոներիներին» վճարելու է 18 մլն եվրո։ Իտալական գրանդը 19-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի հաջորդ վաճառքից ունենալու է նաև մասնաբաժին։ Գործարքը ներառելու է նաև տարբեր հավելավճարներ։
Ըստ ինսայդեր Նիկոլո Սկիրայի` նիդերլանդցի պաշտպանը «Բորնմութի» հետ պայմանագիրը կնքելու է մինչև 2029 թ. հունիսի 30-ը։
Նշենք, որ երիտասարդ ֆուտբոլիստի ծնողները նիդերլանդցի են։ Նա ծնվել է Նիդերլանդների մայրաքաղաք Ամստերդամում, սակայն 5 տարեկանից ընտանիքով տեղափոխվել են Իսպանիայի Անդալուսիա մարզի Մարբելիա քաղաք։ Հայզենը եղել է «Մալագայի» մանկապատանեկան դպրոցի սան, որտեղ հանդես է եկել 2015-2021 թթ., ինչից հետո 470 հազար եվրոյով տեղափոխվել է «Յուվենտուս»։
Հայզենը թուրինյան ակումբի հիմնական թիմում դաշտ է դուրս եկել միայն մեկ անգամ։ Ֆուտբոլիստը 2023/24 մրցաշրջանի երկրորդ հատվածը վարձավճարով անցկացրել է «Ռոմայում»` 14 խաղում խփելով 3 գոլ։ Նա այս տարվա մարտին ստացել է Իսպանիայի քաղաքացիություն և հրավիրվել այդ երկրի Մ21 հավաքան։ Հայզենը խաղացել է նաև Նիդերլանդների Մ17, 18 և 19 հավաքականներում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բորնմութ, Դին Հայզեն, Մալագա, Յուվենտուս, Նիկոլո Սկիրա, Ռոմա, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո