Դրամա «Սեյնթ Ջեյմս Պարկում». Լիվերպուլը 10 հոգով 90+3-րդ րոպեին հաղթանակ կորզեց Նյուքասլի դեմ խաղում🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 3-րդ տուրի կենտրոնական խաղը կայացավ «Սեյնթ Ջեյմս Պարկ» մարզադաշտում, որտեղ «Լիվերպուլը» հյուրընկալվելիս մրցեց «Նյուքասլի» դեմ։
Հանդիպումը մերսիսայդյան ակումբի համար անչափ անհաջող ընթացք ստացավ, քանի որ 25-րդ րոպեին Էնթոնի Գորդոնն առաջ մղեց «կաչաղակներին», իսկ 28-րդ րոպեին հյուրերի ավագ Վիրջիլ վան Դայկը վերջին հույսի խախտման պատճառով հեռացվեց դաշտից։
Ստանալով քանակական առավելություն` Էդի Հաուի թիմը պարբերաբար ճնշում էր գործադրում Ալիսոն Բեկերի պաշտպանած դարպասի ուղղությամբ, սակայն վերջինս ամեն անգամ անձնուրաց էր գործում և այս խաղում կատարեց 7 սեյվ։
Տևական ժամանակ հաշվի մեջ նոր փոփոխություն չէր գրանցվում, սակայն Յուրգեն Կլոպը 77-րդ րոպեին Ալեքս Մաք Ալիսթերի փոխարեն դաշտ դուրս բերեց Դարվին Նունյեսին, ով էլ բեկեց հանդիպման ընթացքը։
Ուրուգվայցի հարձակվողը 81-րդ րոպեին նախ հավասարեցրեց հաշիվը, ապա 90+3-րդ րոպեին կրկին հերոսացավ ու գրեթե ողջ հանդիպումը 10 հոգով անցկացրած իր թիմին հաղթանակ պարգևեց։
Այսպիսով, «Լիվերպուլը» 2:1 հաշվով դրամատիկ հաղթանակ կորզեց, վաստակեց 7 միավոր և զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը։
«Նյուքասլը», 3 միավորով, 13-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալիսոն Բեկեր, ԱՊԼ, Դարվին Նունյես, Էնթոնի Գորդոն, Լիվերպուլ, Նյուքասլ, Վիրջիլ-վան-Դեյկ