ՉԼ. Սլովենիայի չեմպիոնը խոշոր անակնկալ մատուցեց` պայքարից դուրս թողնելով Լյուդոգորեցին🎥
Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում Սլովենիայի չեմպիոն «Օլիմպիա Լյուբլյանան» սեփական հարկի տակ մրցեց «Լյուդոգորեցի» (Բուլղարիա) դեմ։
Նշենք, որ դիմակայության առաջին խաղում գրանցվել էր 1:1 հաշիվը։
Պատասխան խաղում նույնպես տևական ժամանակ գրանցվում էր 1:1 հաշիվը, սակայն, երբ թվում էր հանդիպումը կտեղափոխվի լրացուցիչ ժամանակ, «Օլիմպիան» 90+2-րդ րոպեին հաղթանակ կորզեց։
Հատկանշական է, որ Լյուբլյանան ներկայացնող ակումբը կամային հաղթանակ տոնեց, քանի որ 15-րդ րոպեից պարտվում էր 0:1 հաշվով։
Հանդիպման հերոս դարձավ սլովենական ակումբի ավագ Թիմի Էլշնիկը, ով իր անվան դիմաց գրանցեց դուբլ։
25-ամյա կիսապաշտպանն այս դիմակայությունում խփեց իր թիմի բոլոր գոլերը։
«Լյուդոգորեցի» միակ գոլը խփեց Կիրիլ Դեպսոդովը։
Նշենք, որ նույն Դեպսոդովը 90+12-րդ րոպեին հաշիվը հավասարեցնելու հիանալի հնարավորություն ուներ, սակայն չկարողացավ գոլի հեղինակ դառնալ 11-մետրանոց հարվածն իրացնելիս. տանտերերին փրկեց դարպասապահ Մատևժ Վիդովշեկը։
Այսպիսով, «Օլիմպիան» ընդհանուր դիմակայությունում հաղթեց 3:2 հաշվով և պատմության մեջ առաջին անգամ նվաճեց Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի ուղեգիր, որի շրջանակում կմրցի «Գալաթասարայ» (Թուրքիա) – «Ժալգիրիս» (Լիտվա) դիմակայության հաղթողի դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Թիմի Էլշնիկ, Լյուդոգորեց, Կիրիլ Դեսպոդով, Մատևժ Վիդովշեկ, Չեմպիոնների-լիգա, Օլիմպիա Լյուբլյանա