5 բան, որ քչերը գիտեն Էսպանյոլի մասին․ կատալոնական դերբիին ընդառաջ
Լա լիգայի հիմնադիր ակումբները, այդ թվում` «Էսպանյոլը», տասնամյակներ շարունակ իսպանական ֆուտբոլի զարգացման համար իրենց կարևոր ներդրումն են ունեցել։ Չնայած «Էսպանյոլը» հաճախ գտնվում է իր քաղաքային մրցակցի` «Բարսելոնայի» ստվերում, սակայն ակումբն ունի հարուստ պատմություն և ժառանգություն։ Այժմ կներկայացնենք «Էսպանյոլին» նվիրված որոշ պատմություններ, որոնք Լա լիգայի շատ երկրպագուներ, հնարավոր է, չիմանան։
1․ Զամորայի սահմանած միտումը
Իսպանիայի առաջին թոփ դարպասապահ Ռիկարդո Զամորան «Էսպանյոլի» կազմում իր նորամուտը նշել է դեռևս 15 տարեկանում` 1916 թվականին։ Նա միանգամից իրեն դրսևորեց որպես Իսպանիայի լավագույն դարպասապահ․ նա իր երկիրը ներկայացրել է 1920 թ. Օլիմպիական խաղերից մինչև 1936 թ. աշխարհի առաջնություն։
Զամորան «Էսպանյոլի» կազմում հանդես է եկել 1929/30 մրցաշրջանում, երբ ակումբն առաջին անգամ մասնակցում էր Լա լիգային։ Բացի դրանից, նա պաշտպանել է նաև «Էսպանյոլի» քաղաքային մրցակցի` «Բարսելոնայի» դարպասը` դառնալով պատմության այն եզակի ֆուտբոլիստներից մեկը, ով Կատալոնիայի երկու գլխավոր ակումբների կազմում էլ հանդես է եկել։
Իրենց ֆուտբոլային կարիերայի ընթացքում ինչպես «Էսպանյոլի», այնպես էլ «Բարսելոնայի» կազմում հանդես են եկել Լադիսլո Կուբալան, Յորդի Կրոյֆը, Սամուել Էտո’օն, Ֆիլիպե Կոուտինիոն, Իվան դե լա Պենյան, իսկ Էռնեստո Վալվերդեն երկու ակումբներն էլ մարզել է։
Զամորան համարվում է իր ժամանակների ռահվիրա, իսկ 1958 թվականից Լա լիգայի լավագույն դարպասապահի մրցանակը կոչվում է հենց նրա անունով, որը տրվում է նրան, ով մրցաշրջանի ընթացքում ամենաքիչն է գոլ բաց թողնում։ 1987 թվականին որոշում կայացվեց այդ մրցանակը հանձնել նաև Սեգունդայի լավագույն դարպասապահին։
2. Տամուդոն «մերժում» է «Բարսելոնային»
«Էսպանյոլի» պատմության ամենահայտնի պահերից մեկը 2007 թվականի հունիսի «Տամուդազոն» է, երբ Ռաուլ Տամուդոն «Նոու Կամպ» մարզադաշտում` «Բարսելոնայի» դեմ հանդիպման վերջին րոպեին խփեց իր ամենահայտնի գոլերից մեկը՝ զրկելով «բլաուգրանասին» Լա Լիգայի չեմպիոնական տիտղոսից:
«Տամուդազոն» դարձավ Ռաուլ Տամուդոյի` այդ երեկոյի երկրորդ գոլը, որն օգնեց նրան դառնալ նաև Լա լիգայի շրջանակում «Էսպանյոլի» պատմության լավագույն ռմբարկու։
Ընդհանուր առմամբ, Տամուդոն Լա լիգայի 340 խաղում «Էսպանյոլի» համար խփել է 129 գոլ, սակայն «Բարսելոնայի» դարպասը խփած այդ գոլն ամենահիշարժանն է, քանի որ դրա շնորհիվ «կապտանռնագույնների» փոխարեն այդ տարի Լա լիգայի չեմպիոնական տիտղոսնն ուղևորվեց «Ռեալի» թանգարան։
3. Դանի Խարկեի ժառանգությունը
«Էսպանյոլի» երկրպագուները յուրաքանչյուր տնային հանդիպման 21-րդ րոպեին ծափահարում են` հարգելով թիմի նախկին ավագ Դանի Խարկեին, ով սրտի կաթվածի հետևանքով 2009 թվականի օգոստոսի 8-ին կյանքից հեռացավ ընդամենը 26 տարեկան հասակում։
Ծնունդով կատալոնացի ֆուտբոլիստն անցել էր «Էսպանյոլի» մանկապատանեկան բոլոր թիմերով և ժամանակի ընթացքում դարձել էր ակումբի անբաժան մասնիկը ու Լա լիգայի շրջանակում անցկացրել է 173 հանդիպում` դառնալով 8 գոլի հեղինակ։
«Էսպանյոլի» մարզադաշտի 21-րդ հատվածը, ի պատիվ Դանի Խարկեի խաղահամարի, կոչվում է «Puerta Dani Jarque»։ Բացի դրանից, 2012 թ. ակումբի մարզաբազան պաշտոնապես անվանափոխվեց Դանի Խարկեի անունով և այժմ կոչվում է «Ciudad Deportiva Dani Jarque»։
4. «Պերիկա և Պերիկո». «պերիկետները»
2017 թվականին «Էպանայոլը», փորձելով կոտրել շատ կարծրատիպեր, առաջինը ներկայացրեց Լա լիգայի կանանց թիմի թալիսման` «Պերիկային», ով միացավ ակումբի երկրպագուների սիրելին դարձած` տղամարդկանց թիմի թալիսման «Պերիկոյին»։
«Էսպանյոլի» երկրպագուները վաղուց հայտնի են որպես «լոս պերիկիտոս»` «թութակներ»` շնորհիվ այն թռչունների, որոնք աղմկում էին «Էստադիո դե Սարիա» մարզադաշտի շրջակայքում, որտեղ «Էսպանյոլը» 1923-1997 թթ. անցկացրել է իր տնային հանդիպումները։
«Պերիկոն« և «Պերիկան» այժմ հայտնի են խաղերի ընթացքում իրենց նորարարական պարային շարժումներով, ինչպես նաև պարբերաբար մասնակցում են նախախաղային արարողություններին։
5. Վու Լեյը պատմություն է կերտում
«Էսպանյոլը» դարձավ Լա լիգայի առաջին թիմը, որը հայտավորեց չինացի ֆուտբոլիստի` Վու Լեյին։
2019 թ. մարտին Վու Լեյը գրավեց «Վալյադոլիդի» դարպասն ու օգնեց «Էսպանյոլին» հաղթանակ տոնել այդ խաղում` դառնալով վերջին 10 տարիների առաջին չինացի ֆուտբոլիստը, ով գոլի հեղինակ է դառնում եվրոպական թոփ-5 լիգաներից մեկի շրջանակում։
Վու Լեյը շատ արագ ինտեգրվեց «Էսպանյոլում», որի կազմում արդեն մասնակցել է 115 հանդիպման` դառնալով 15 գոլի հեղինակ, իսկ 102 գոլով նա չինական Սուպերլիգայի պատմության երկրորդ լավագույն ռմբարկուն է։
# Դերբի, Էսպանյոլ, Լա լիգա, լալիգա, կատալոնական դերբի