2019 թվականի խորհրդանշական հավաքականն՝ ըստ interfootball.am-ի

2019 թվականի խորհրդանշական հավաքականն՝ ըստ interfootball.am-ի

31/12/2019 - 14:00

Ավարտվում է հերթական տարին, որը ֆուտբոլային առումով բավականին բուռն ստացվեց։ Շատ ֆուտբոլիստներ 2019 թվականին հասան բազմաթիվ հաջողությունների, իսկ ոմանք էլ իրենց խաղով զարմացրին բոլորին, սակայն լուրջ հաջողություններ չգրանցվեցին։ Ժամանակն է եկել ամփոփելու և առանձնացնելու 2019 թվականի խորհրդանշական հավաքականը։ Իսկ ավելի մանրամասն կիմանաք հոդվածում։

ԴարպասապահԱլիսոն Բեկեր («Լիվերպուլ»)

2019 թվականին բոլոր մրցաշարարերի շրջանակներում մասնակցել է 54 հանդիպման՝ անցկացնելով 26 «չոր» հանդիպում։ 27-ամյա դարպասապահը ողջ 2019 թվականի ընթացքում այն քիչ դարպասապահներից է, ով ամենակարևոր պահերին իր թիմին փրկում էր վերահաս գոլից։ Օրինակ, եթե չլիներ Ալիսոնի փայլուն խաղը, «Լիվերպուլը» նույնիսկ չէր հայտնվի Չեմպիոնների լիգայի 2018/19 մրցաշրջանի 1/8 եզրափակչում։ Ճիշտ է՝ այդ դրվագը եղել է 2018 թվականին, սակայն չենք կարող չանդրադառնալ։ Հետ գնանք 2018 թվականի դեկտեմբերի 12։ «Լիվերպուլը» Չեմպիոնների լիգայի իր խմբում վերջին տուրից առաջ հայտնվել էր բարդ իրավիճակում և «Նապոլիի» նկատմամբ միայն հաղթանակ էր անհրաժեշտ պայքարը շարունակելու համար։ Յուրգեն Կլոպի սաները հաղթեցին 1։0 հաշվով և դուրս եկան փլեյ-օֆֆ, սակայն մրցավարի կողմից ավելացված ժամանակի 2-րդ րոպեին քիչ էր մնում բաց թողնեին հաղթանակը, եթե չլիներ բրազիլացի դարպասապահի փայլուն սեյվը Արկադիուշ Միլիկի հարվածից հետո։ 2019-ին Ալիսոնը անգլիական ակումբի կազմում դարձավ Չեմպիոնների լիգայի և աշխարհի ակումբային առաջնության չեմպիոն, իսկ Բրազիլիայի հավաքականի հետ նվաճեց Կոպա Ամերիկան՝ ողջ մրցաշարի ընթացքում բաց թողնելով ընդամենը 1 գնդակ։

Աջ պաշտպան – Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ («Լիվերպուլ»)

2019 թվականին 21-ամյա պաշտպանը մասնակցել է 58 հանդիպման՝ դառնալով և 2 գոլի և 23, Կառլ, 23 գոլային փոխանցման հեղինակ։ Տրենտը ողջ տարին անցկացրել է մեկ շնչով, հանդիպումների մեծ մասին մասնակցելով ամբողջությամբ և չենք հիշի ոչ մի տապալած հանդիպում, իսկ թե ինչ արեց Տրենտը «Բարսելոնայի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղում, դեռ երկար կհիշվի և կմնա ֆուտբոլի պատմության մեջ։ Պաշտպանը, ինչպես «Լիվերպուլի» բոոր խաղացողները, 2019 թվականի ընթացքում դարձան Չեմպիոնների լիգայի և Եվրոպայի սուպերգավաթակիր, ինչպես նաև աշխարհի ակումբային չեմպիոն։

Կենտրոնական պաշտպան – Վիրջիլ վան Դեյկ («Լիվերպուլ»)

Այս հավաքականում չէր կարող չլիներ հոլանդացի Հուլիվերն, ով 2019 թվականին իր ակումբի և հավաքականի հետ բոլոր մրցաշարերը միասին վերցրած մասնակցել է 66 հանդիպաման՝ դառնալով 9 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Եթե նայենք վիճակագրությանը, ապա կհամոզվենք, որ Վիրջիլը անհավանական ֆիզիկական տվյալներ ունի։ Այդ 66 հանդիպումներից 64-ին հոլանդացի 28-ամյա պաշտպանը մասնակցել է ամբողջությամբ և միայն երկու անգամ դուրս է եկել փոխարինման, իսկ այդ երկու հանդիպումը եղել է միջմրցաշրջանային հատվածի ընկերական հանդիպում։ Փաստորեն՝ մերսիսայդյան ակումբի պաշտպանության հենասյունը բոլոր պաշտոնական հանդիպումներին 1 մինչև 90 րոպե խաղացել է, երբեմն նաև՝ 120 րոպե։ Վիրջիլը հաջողությունների հասավ ոչ միայն «Լիվերպուլի» հետ, այլև Հոլանդիայի հավաքականի։ Վիրջիլին կարելի է համարել Հոլանդիայի հավաքականի վերածննդի խորհրդանիշ, ով նաև այս սերնդի հավաքականի ավագն է։ Այս տարի Վիրջիլը հավաքականի հետ դուրս եկավ Ազգերի լիգայի եզրափակիչ, որտեղ պարտվեց Պորտուգալիայի հավաքականին, ինչպես նաև օգնեց իր հավաքականին նվաճել ԵՎՐՈ-2020-ի ուղեգիր։ Տարեվերջին էլ «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխության ժամանակ չհերիքեց ընդամենը 7 ձայն, որպեսզի նվաճի բաղձալի մրցանակը։ Նշենք նաև, որ հոլոնդացի պաշտպանը ՈՒԵՖԱ-ի կողմից ճանաչվեց 2018/19 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ և Չեմպիոնների լիգայի նախորդ խաղարկության լավագույն պաշտպան։

Կենտրոնական պաշտպան – Մաթիաս դե Լիխտ («Այաքս»/«Յուվենտուս»)

Երկար մտորումներից հետո, մյուս կենտրոնական պաշտպանի ընտրության հարցում կանգ առանք Մաթիաս դե Լիխտի տարբերակի վրա, քանի որ 20-ամյա պաշտպանն իր խարիզմայով և առաջատարի հատկությունների շնորհիվ ֆուտբոլային առումով միջակ «Այաքսին» քիչ էր մնում դուրս բերեր Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։ Պաշտպանը 2019-ին մասնակցել է 57 հանդիպման՝ դառնալով 7 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Դե Լիխտը անցնող տարում դարձել էր բոլոր գրանդ ակումբների թիրախը, սակայն հոլանդացի երիտասարդ պաշտպանը նախընտրեց խաղալ Թուրինի «Յուվենտուսի» կազմում։ Այս տարբերակին հանգել ենք որոշ վերապահումներով, քանի որ իտալական Ա սերիա տեղափոխվելուց հետո, դե Լիխտն այնքան էլ չի տպավորում, որքան 2019 առաջին կեսի ընթացքում, սակայն այս խաղացողին չընդգրկել չէինք կարող, քանի որ ամեն օր չէ, որ 19 տարեկանում որևէ խաղացող ավագի թևակով իր թիմին դուրս է բերում Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ հանդիպան + բացի դրանից «Այաքսի» հետ նճավեց Հոլանդիայի չեմպիոնի տիտղոսն, ինչպես նաև դարձավ Հոլանդիայի գավաթակիր։

Ձախ պաշտպան – Էնդրյու Ռոբերտսոն («Լիվերպուլ»)

«Լիվերպուլի» պաշտպանության հենասյուներից Էնդրյու Ռոբերտսոնը այս հավաքականում հայտնվելու համար ուներ լուրջ մրցակից՝ ի դեմս «Բարսելոնայի» ձախ պաշտպան Ժորդի Ալբայի, ով նույնպես հիանալի տարի է անցկացրել, սակայն Ռոբոյին ընտրելիս հաշվի առանք այն, որ նախ նա հաղթեց Չեմպիոնների լիգան, երկրորդ՝ Ալբան 2019-ի երկրորդ հատվածում պարզապես կորած է։ 25-ամյա պաշտպանը 2019 թվականին «Լիվերպուլի» և Շոտլանդիայի հավաքականի կազմում բոլոր մրցաշարերի շրջանակում մասնկացել է 64 հանդիպման՝ դառնալվ 3 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ։ Ռոբոյի հիմնական հաղթաթուղթը խաղը ճիշտ կարդալու ունակությունն է, ինչպես նաև սառնասրտությունը։ Ինչպես «Լիվերպուլի» պաշտպանության բոլոր խաղացողներն, այնպես էլ Ռոբերտսոնը չունեն ոչ մի տապալած հանդիում և միանշանակ արժանիոերն հայտնվեցին խորհրդանշական հավաքականում։

Հենակետային կիսապաշտպան – Ն’գոլո Կանտե («Չելսի»)

Այս ընտրությունը շատերի համար, հնարավոր է, լինի վիճելի, սակայն այն ֆուտբոլը, որը խաղում է ֆրանսիացի հենակետայինը, չէր կարող վրիպել մեր ուշադրությունից, քանի որ Կանտեն թե՛ Անտոնիո Կոնտեի, թե՛ Մաուրիցիո Սարիի և թե՛ Ֆրենկ Լեմպարդի մարտավարությունների մեջ եղել ամենաառանցքային խաղացողը։ Եթե չլիներ 28-ամյա հենակետայինի փայլուն խաղը, ապա դժվար է պատկերացնել, որ ներկայիս «Չելսին» կկարողանար ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում բարձր տեղերի համար պայքարել։ Կանտեի հիմնական առաջադրանքն այն է, որ քանդի մրցակցի գրոհներն ու այն արագ հասցնի խաղ կառուցողներին, երբեմն նույնիսկ ինքն է կառուցում։ Box-to-box ոճի կիսաշապտաններից Կանտեն 2019 թվականին եղել է ամենալավերից մեկը, եթե ոչ լավագույնը՝ օգնելով իր թիմին նվաճել Եվրոպա լիգայի գավաթը։

Կենտրոնական կիսապաշտպան – Կևին դե Բրոյնե («Մանչեսթեր Սիթի»)

Բելգիացի կենտրոնական կիսապաշտանն ընթացիկ մրցաշրջանում վերջապես վերգտել է իր խաղը։ Եթե 2019 թվականի առաջին կեսում 28-ամյա կիսապաշտպանը հաճախ դուրս էր գալիս փոխարինման և աչքի էր ընկնում քիչ բանով, ապա այս տարվա սեպտեմբերից սկսած բելգիացին «Ոսկե գդնդակին» արժանի ֆուտբոլ է ցուցադրում։ Չնայած, եթե նայենք վիճակագրությանը, ապա կհամոզվենք, որ ԿԴԲ-ն ողջ տարվա ընթացքում է փայլել։ Բելգիացին «Սիթիի» և Բելգիայի հավաքականի կազմում մասնակցել է 54 հանդիպման՝ դառնալով 16 գոլի և 31 գոլային փոխանցման հեղինակ։ Դե Բրոյնեն ընթացիկ մրցաշրջանում ցուցադրած իր խաղով կրկին ստիպում է մտածել, որ «քաղաքաբնակներն» ի զորու են նվաճել Չեմպիոնների լիգան։ Իսկ այսպիսի արդյունավետություն ցույց տվող կիսապաշտպանը չէր կարող չլինել խորհրդանշական հավաքականում։

Կենտրոնական կիսապաշտպան – Դուշան Տադիչ («Այաքս»)

Ինչպես Կևին դե Բրոյնեն, այնպես էլ Դուշան Տադիչը 2019 թվականին եվրոպական մրցասպարեզում լուրջ հաջողությունների չհասան, սակայն ներքին մրցաշարերում ֆանտաստիկ ելույթներով աչքի ընկան։ Տադիչը 2019 թվականին դարձել էր «Այաքսի» թե՛ գոլահարը, թե՛ ասիստենտը։ 31-ամյա կիսապաշտպանը 2019 թվականի ընթացքում ամստերդամյան ակումբի և Սերբիայի հավաքականի կազմում ընդհանուր առմամբ մասնակցել է 65 հանդիպման և դարձել 32 գոլի և 37 գոլային փոխանցման հեղինակ։ Սա անհավանական ցուցանիշ է, և չնայած «Այաքսը» ընթացիկ մրցաշրջանում դուրս մնաց Չեմպիոնների լիգայի խմբայից փուլից, միևնույնն է Տադիչը Էրիկ տեն Հաագի անփոխարինելի ֆուտբոլիստն է։

Աջ եզրային հարձակվող – Լեո Մեսսի («Բարսելոնա»)

Լեո Մեսսին անհատական առումով ֆանտաստիկ տարի ունեցավ: Արգենտինացին գրեթե բոլոր ասպեկտներում 2019 թվականին եղել է լավագույնը։ Նախ 2019-ին Մեսսին կրկին դարձավ 50 գոլի հեղինակ, ինչը վերջին 10 տարում պատահում է արդեն 9-րդ անգամ։ Երկրորդ՝ Մեսսին 2019 թվականին դարձավ Չեմպիոնների լիգայի լավագույն ռմբարկու՝ 12 գնդակով, իսկ ընդհանրապես ողջ տարվա ընթացքում մասնակցել է 58 հանդիպման՝ դառնալով 50 գոլի և 19 գոլային փոխանցման հեղինակ։ Դեկտեմբերի 2-ին Փարիզում կայացած «Ոսկե գնդակի» ամենամյա փառատոնի ընթացքում 32-ամյա հարձակվողը նվաճեց իր կարիերայի 6-րդ «Ոսկե գնդակը»։ Շատերի համար այդ ընտրությունը վիճահարույց էր, սակայն անհատական առումով Լեոն միանշանակ լավագույնն էր 2019 թվականին։ Նշենք նաև, որ Լեո Մեսսին այս տարվա ընթացքում ստացել էր նաև Լա լիգայի լավագույն խաղացողի,ինչպես նաև FIFA THE BEST մրցանակները։

Կենտրոնական հարձակվող – Ռոբերտ Լևանդովսկի («Բավարիա»

Այս դիրքում շատ հարձակվողներ կարող էին հայտնվել․ Ջեյմի Վարդի, Կարիմ Բենզեմա, Լաուտարո Մարտինես, Հարի Քեյն, Սերխիո Ագուերո և այլք, սակայն ընտրել ենք ողջ 2019 թվականի լավագույն ռմբարկուին։ Ռոբերտ Լևանդովսկին ընթացիկ տարվա երկրորդ կեսում միացրել է «Մեսսի-Ռոնալդու» ռեժիմը և ավելի շատ գոլերի հեղինակ է դառնում, քան հանդիպումների մասնակցում։ 2019 թվականին 32-ամյա հարձակվողը 62 հանդիպման շրջանակում դարձել է 57 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ, ինչը վերերկրային ցուցանիշ է այդ տարիքի հարձակվողի համար։ Հատկապես հիշատակման են արժանի հետևյալ երկու ցուցանիշները․ Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանի մեկնարկային 11 խաղերում Լևանդովսկին դառնում էր գոլի հեղինակ, ինչը նոր ռեկորդ էր գերմանական ֆուտբոլում։ Երկրորդ՝ լեհ հարձակվողը ՉԼ ընթացիկ խաղարկությունում դարձավ մրցաշարի պատմության ամենաարագ պոկերի հեղինակը՝ «Ցրվենա Զվեզդայի» դարպասը 4 անգամ գրավելով ընդամենը 15 րոպեում։ Սպասենք նման արդյունավետություն նաև մրցաշրջանի երկրորդ հատվածում։

Ձախ եզրային հարձակվող – Սադիո Մանե («Լիվերպուլ»)

Այժմ կմտածեք նյութի հեղինակը «Լիվերպուլի» երկրպագու է, սակայն ինչ անես, երբ ողջ 2019 թվականին այդ թիմը անկասելի ֆուտբոլ ցուցադրեց։ Սադիո Մանեին այս հավաքականի կազմում չընդգրկելը կարելի է նույնիսկ որակել հանցագործություն, քանի որ սենեգալցի վինգերը դարձել է Յուրգեն Կլոպի հարձակման գծի անփոխարինելի ֆուտբոլիստը։ Մանեն 2019 թվականին բազմաթիվ փայլուն հանդիպումներ է ունեցել, որոնց ընթացքում դարձել է անչափ կարևոր գոլերի հեղինակներ, հատկապես հիշատակման է արժանի օգոստոսին կայացած Եվրոպայի սուպերգավաթի հանդիպումը, երբ Մանեն 2 անգամ գրավեց «Չելսիի» դարպասը, ինչն էլ օգնեց մերսիսայդցիներին խաղը տեղափոխել 11 մետրանոց հարվածաշար և հետագայում նվաճել գավաթը։ Սենեգալցին քիչ էր մնում նաև իր հավաքականի հետ դառնար Աֆրիկայի ազգերի լիգայի գավաթակիր, սակայն եզրափակչում 0։1 հաշվով զիջեցին Ռիյադ Մարեզի Ալժիրին։ Մանեն 2019 թվականին ընդհանուր առմամբ մասնակցել է 60 հանդիպման՝ դառնալով 35 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ։

Գլխավոր մարզիչ – Յուրգեն Կլոպ («Լիվերպուլ»)

Այստեղ երկու կարծիք լինել չէր կարող, սակայն ինչպես «Լացիոյի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձզագին, այնպես էլ «Այաքսի» մարզիչ Էրիկ Տեն Հաագը կարող էին լինել գերմանացի մասնագետի փոխարեն։ Սակայն, այն ֆուտբոլը, որը ցուցադրում է «Լիվերպուլը» Կլոպի գլխավորությամբ, անհավանականությունների ժանրից է, իսկ ընդհանրապես 2019 թվականին ակումբը նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը, դարձավ Եվրոպայի սուպերգավաթակիր, ինչպես նաև՝ աշխարհի ակումբային չեմպիոն։ Խոսքերն ավելորդ են։

Այպսիով, ըստ Interfootball․am-ի, այս խաղացողները 2019 թվականին իրենց դիրքերում եղել են լավագույնները։ Իրականում՝ բավականին դժվար է կազմել որևէ խորհրդանշական հավաքական, քանի որ դա շատ սուբյեկտիվ, ինչպես նաև շատ անշնորհակալ գործ է, սակայն, ամեն դեպքում, փորձեցինք պատվով դուրս գալս այփորձությունից։ Շնորհավոր ամանոր և Սուրբ ծնունդ։

Սիրե՛ք ֆուտբոլն, ապրե՛ք ֆուտբոլով !!!

Միքայել Մելիքբեկյան

#

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023