Ֆրենկի Դե Յոնգի` Ման. Յունայթեդ տեղափոխությունը մոտ է  ձախողվելուն

Ֆրենկի Դե Յոնգի` Ման. Յունայթեդ տեղափոխությունը մոտ է ձախողվելուն

09/07/2022 - 14:37

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Մանչեսթեր Յունայթեդը» լրջորեն հետաքրքրված է «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի ծառայություններով։

Օրեր առաջ հայտնի դարձավ, որ մանկունյական ակումբը գործարքի հարցում մոտ է վերջնական համաձայնության հասնելուն։

Այդուհանդերձ, ինչպես հայտնում է ESPN-ը, այդ տրանսֆերը, հնարավոր է, ձախողվի։

Աղբյուրի փոխանցմամբ` «կարմիր սատանաներն» այժմ ամբողջությամբ կենտրոնացել են «Այաքսի» կենտրոնական պաշտպան Լիսանդրո Մարտինեսին ձեռք բերելու ուղղությամբ։

Նշվում է` «Յունայթեդն» «Այաքսին» հայտնել է, որ պատրաստ է արգենտինացի պաշտպանի դիմաց վճարել 50 մլն եվրո, ինչն էլ կարող է բեկումնային դառնալ այս հարցում։

24-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաև «Արսենալը», սակայն «զինագործները» պատրաստ չեն 45 մլն եվրոյից ավելի վճարել գործարքի դիմաց, այդ պատճառով էլ նրա ապագան ավելի շատ կապվում հենց «Յունայթեդի» հետ։

Դրան զուգահեռ, մանկունյական ակումբը Ֆրենկի դե Յոնգի տրանսֆերի հարցում շարունակում է բանակցություններ վարել «Բարսելոնայի» հետ։

«Մանչեսթեր Յունայթեդը» այդ տրանսֆերի հարցում «բլաուգրանայի» հետ հասել է նախնական համաձայնության ու գործարքի դիմաց վճարելու է 65 մլն եվրո, սակայն «կարմիր սատանաներն» այժմ դրա իրագործմանը թերահավատորեն են մոտենում, քանի որ «Բարսելոնայի» հետ դեռևս պետք է հանաձայնեցնեն նաև մի շարք հավելավճարների կետեր, ինչից հետո հոլանդացի կիսապաշտպանի տրանսֆերը մանկունյական ակումբի համար կարող է արժենալ մինչև 85 մլն եվրո։

Գործարքի ձախողման պատճառներից կարող է դառնալ նաև այն փաստը, որ «Բարսելոնան» դեռևս նախորդ երկու մրցաշրջաններից խոշոր գումար է պարտք հոլանդացի ֆուտբոլիստին։

Նշվում է, որ այժմ թե՛ Ֆրենկի դե Յոնգի և թե՛ Լիսանդրո Մարտինեսի գործարքները դեռևս անորոշ վիճակում են ու հայտնի չէ` արդյո՞ք «Մանչեսթեր Յունայթեդը» կկարողանա դրանք իրագործել, թե` ոչ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023