Տրանսֆերային անցուդարձ N1

Տրանսֆերային անցուդարձ N1

25/08/2020 - 15:42

Եվրագավաթային տարին ավարտվեց, իսկ դա նշանակում է, որ կարելի ամբողջությամբ կենտրոնանալ տրանսֆերային անցուդարձի վրա։ Այժմ թիմերը պատրաստվելու են հաջորդ մցրաշրջանին՝ ամրապնդելով իրենց կազմերը։ Interfootball.am-ը պարբերաբար կտեղեկացնի տրանսֆերային լրահոսին։

Անգլիա

  • «Բայերի» կիսապաշտպան Կայ Հավերցի տրանսֆերային սագան կարծես թե մոտ է իր տրամաբանական ավարտին։ Ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Նիկոլո Սկիրան, գերմացի հարձակվողական ոճի կիսապաշտպանը կարիերան շարունակելու է «Չելսիի» կազմում: «Ազնվականները» խաղացողի դիմաց միանգամից կվճարեն 80 մլն եվրո, որին հետագայում ևս 20 մլն եվրո կավելանա՝ որպես բոնուս։ Խաղացողի հետ կնքվելու է 5 տարվա պայմանագիր, իսկ նրա տարեկան աշխատավարձը կկազմի 8 մլն եվրո։
  • «Չելսին», բացի Հավերցի տրանսֆերից, ևս մեկ տեղափոխություն է ավարտին հասցրել։ ՊՍԺ-ի ավագ, կենտրոնական պաշտպան Տիագո Սիլվան ազատ գործակալի կարգավիճակով միանալու է լոնդոնյան ակումբին։ 35-ամյա կենտրոնականի հետ կնքվելու է 2 տարվա պայմանագիր՝ տարեկան 10 մլն եվրո աշխատավարձով։ Այդ մասին նույնպես տեղեկացնում է Նիկոլո Սկիրան։
  • Հավանական է, որ «Չելսին» պաշտպանության ուժեղացման գործում այդքանով չբավարարվի։ Ինչպես տեղեկացնում է The Guardian-ի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն` հղում կատարելով Telefoot-ին, ֆրանսիացի 21-ամյա կենտրոնական պաշտպան Մալանգ Սարի ծառայություններն առաջարկել են լոնդոնյան ակումբին։ «Չելսին» մտադիր է Սարի տրանսֆերի կենտրոնանալ Տիագո Սիլվայի տրանսֆերն ավարտին հասցնելուց հետո։ Հատկանշական է, որ Սարը նույնպես դեմ չէ տեղափոխվել «Չելսին», սակայն նա այլ առաջարկներ ևս ունի։ 21-ամյա պաշտպանը հուլիսի 1-ից դարձել է ազատ գործակալ, իսկ նրա վերջին ակումբը եղել է ֆրանսիական «Նիցցան»։
  • «Արսենալի» պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ լոնդոնյան ակումբը մշատական պայմանագիր է կնքել վարձակալությամբ հանդես եկող ֆուտբոլիստների՝ Պաբլո Մարիի և Սեդրիկ Սոարեշի հետ։ Մարիի դիմաց «զինագործները» «Ֆլամենգոյին» վճարել են 8 մլն եվրո, իսկ խաղացողի հետ կնքվել է 4 տարվա պայմանագիր։ Ինչ վերաբերվում է Սոարեշին, ապա 28-ամյա պորտուգալացի պաշտպանը լոնդոնյան ակումբի լիիրավ ֆուտբոլիտ է դարձել որպես ազատ գործակալ։ Նա նույնպես «Արսենալում» կմնա մինչև 2024 թվականը։
  • «Արսենալը» ևս մեկ գործարք է ավարտին հասցրել։ «Լիլի» 22-ամյա կենտրոնական պաշպտան Գաբրիել Մագալյայնսը 30 մլն եվրոյի դիմաց համալրելու է «զինագործների» շարքերը, իսկ խաղացողի հետ կնքվելու է 5 տարվա պայմանագիր։ Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկություններով, երեկ՝ օգոստոսի 24-ին, բրազիլացի պաշտպանը մեկնել է Լոնդոն, հաջողությամբ բուժզննում է անցել, ինչից հետո մոտ օրերս պաշտոնապես կներկայացվի որպես «Արսենալի» ֆուտբոլիստ։
  • «Լեսթերը» նոր պայամանգիր է կնքել ակումբի առաջատարներից մեկի՝ Ջեյմս Մեդիսոնի հետ։ Անգլիացի կիսապշտպանը «աղվեսների» շարքերում կմնա մինչև 2024 թվականը։ Մեդիսոնի ծառայություններով վերջերս ակտիվորեն հետաքրքրվում էր «Մանչեսթեր Յունայթեդը»։
  • «Էվերտոնն» էլ ամեն ինչ անում է, որպեսզի Կառլո Անչելոտիի համար ձեռք բերի «Նապոլիի» կիսապաշտպան Ալանին, ում հետ «Պապա Կառլոն» արդեն աշխատել է հենց նեապոլիտանական ակումբի կազմում։ Կողմերը բանակցություններ են վարում, սակայն դեռևս համաձայնություն չկա, քանի որ անգլիական ակումբն առաջարկում է 25 մլն եվրո, իսկ «Նապոլին» խաղացողի վաճառքից մտադիր է աշխատել 35 մլն եվրո։

Իսպանիա

  • «Բարսելոնայում» կրքերը շարունակում են թեժ մնալ։ Լեո Մեսսին, ինչպես գիտեք, խիստ հիասթափված է ակումբում տեղի ունեցող վերջին իրադարձություններից և մտադիր է հեռանալ ակումբից։ Հայտնի է, որ կատալոնական ակումբը հեշտությամբ բաց չի թողնելու իր առաջատարին, և ինչպես տեղեկացնում է Mundo Deportivo-ն, Խոսեպ Մարիա Բարտոմեուն հայտարարել է, որ եթե որևէ ակումբ ցանկանա գնել Լեո Մեսսիի տրանսֆերը, ապա պետք է վճարի նրա հրաժարագինը, որը կազմում է 700 մլն եվո։
  • «Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսի շուրջ իրադարձություններն էլ չեն հանդարտվում։ Վերջերս ակումբի նախագահ Բարտոմեուն մի շարք ֆուտբոլիստների անուններ էր տվել, որոնք անձեռնմխելի են և վաճառքի ենթակա չեն։ Այդ ֆուտբոլիստների ցանկում բացակայում էր ուրուգվայցի հարձակվողի անունը, ինչը հասկացնել է տալիս, որ 33-ամյա հարձակվողը հեռանալու է ակումբից։ Երեկ՝ օգոստոսի 24-ին, էլ RAC1 ռադիոկայանը տեղեկացրեց, որ Սուարեսը հեռախոսազրույց է ունենեցել ակումբի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանի հետ։ Վերջինս նրան տեղեկացրել է, որ չի մտնելու իր ծրագրերի մեջ և կարող է նոր ակումբ փնտրել։
  • Շարունակելով Լուիս Սաուարեսի թեման՝ նշենք, որ դիտարկվում է նաև խաղացողի և «Բարսելոնայի» պայմանագրի խզում, քանի որ Սուարեսի աշատավարձը բավականին բարձր է (25 մլն եվրո), սակայն ինքը՝ ֆուտբոլիստը դեմ է իրադարձությունների զարգացմանը։ Ինչպես տեղեկացնում է Sky Sports Italia-ի լրագրող Ջիանլուկա դի Մարցիոն, իրադարձություններին լրջորեն հետևում է «Այաքսը», որը փորձում է վերադարձնել իր նախկին ֆուտբոլիստին։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Ամստերդամը ներկայացնող ակումբն արդեն պայամանգիր է առաջրակել Սուարեսին։ «Այաքսը» Սուարեսին առաջարկել է 3 տարվա պայմանագիր՝ տարեկան 3 մլն եվրո աշխատավարձով։
  • Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպումից հետո «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Ֆիլիպե Կոուտինիոն հայտարարել է, որ «Բավարիայից» վերադառնալու է կատալոնական ակումբ։ «Բավարիայում» նա հանդես էր գալիս վարձակալությամբ։ «Մինչ այս պահը իմ մտքերը կապված էին միայն ՉԼ եզրափակչի հետ, իսկ այժմ ես պետք է վերադառնամ «Բարսելոնա»»,- նշել է բրազիլացի ֆուտբոլիստը, ում խոսքերը մեջբերում է Mundo Deportivo-ն։
  • «Նապոլիի» վինգեր Խոսե Կալյեխոնը, ամենայն հավանականությամբ, 7 տարի անց կվերադառնա իսպանական Լա լիգա։ Ինչպես տեղեկացնում է Ֆաբրիցիո Ռոմանոն, իսպանացի ֆուտբոլիստը բանակցություններ է վարում «Վիլյառեալի» հետ, որը խաղացողի հետ պայմանագիր կնքելու լավ հնարավորություններ ունի։
  • Կարծես թե ևս մեկ ֆուտբոլիստ է վերադառնում Լա լիգա և կրկին խոսքը վերաբերում է «Նապոլիի» ֆուտբոլիստներից մեկին։ Նեապոլիտանական ակումբը չի պատրաստվում նոր պայմանագիր առաջարկել ակումբի հարձակվող Ֆերնանդո Լյորենտեին։ Ինչպես տեղեկացնում է AS-ը, «Նապոլին» պատրաստ է խաղացողի հետ խզել պայմանագիրը, ինչից հետո ակտիվացել է հատկապես «Ռեալ Սոսիեդադը», որը ցանկանում է պայմանագիր առաջարկել խաղացողին։
  • «Բենֆիկան» էլ մտադիր է թիմ հրավիրել «Ատլետիկո Մադրիդի» հարձակվող Դիեգո Կոստային, ում պայմանագիրը «հնդկացիների» հետ ավարտվում է 2021 թվականին։ Այն բանից հետո, երբ պորտուգալական ակումբը չկարացողավ պայմանագիր կնքել Էդինսոն Կավանիի հետ, այժմ մտադիր է պայմանագիր կնքել Կոստայի հետ, իսկ մադրիդյան ակումբը բաց է առաջարկների համար։

Իտալիա

  • ՊՍԺ-ի կիսապաշտպան Լեանդրո Պարեդեսը, հնարավոր է, վերադառնա իտալական Ա սերիա, որտեղ ժամանակին արդեն հանդես եկել «Ռոմայի», «Էմպոլիի» և «Կիևոյի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է Ջինալուկա դի Մացրիո, խաղացողի ծառայություններով հետաքրքրված է «Յուվենտուսը»։ Պարեդեսի և փարիզյան ակումբի միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2023 թվականին։
  • Նույն Դի Մարցիոյի տեղեկություններով, «Միլանը» Բրահիմ Դիասի տրանսֆերի հարցում բանակցություններ է սկսել «Ռեալի» հետ։ Աղբյուրի փոխանցմամբ՝ միլանյան ակումբը մտադիր է վարձակալել խաղացողին։ Վարձակալական պայմանագրում «ռոսոներիները» ցանկանում են ներառել նաև անմիջական գնման իրավունք։ Հայտնի է, որ բանակցությունները բավականին հաջող են ընթանում։
  • Մարիո Մանջուկիչը, հավանական է, որ վերադառնա իտալական Ա սերիա։ «Ինտերի» հավանական նոր գլխավոր մարզիչ Մասիմիլաո Ալեգրին միլանյան ակումբին տեղեկացրել է, թե որ ֆուտբոլիստներին է ցանկանում տեսնել «ներաձուրիների» շարքերում։ Այդ խաղացողների ցանկում է հայտնվել նաև «Յուվենտուսի» նախկին հարձակվող Մարիո Մանջուկիչը, ով նախորդ ձմեռային տարնսֆերային պատուհանի ընթացքում տեղափոխվել էր Քաթարը ներկայացնող «Ալ Դուհայիլ», որի կազմում մասնակցել է ընդամենը 7 հանդիպման՝ դառնալով 1 գոլի հեղինակ, ինչից հետո դարձել է ազատ գործակալ։

Գերմանիա

  • Կայ Հավերցի վաճառքից հետո «Բայերը» փորձելու է նրան փոխարինող ձեռք բերել։ Ինչպես տեղեկացնում է Ֆաբրիցիո Ռոմանոն, Լևերկուզենը ներկայացնող ակումբի հիմնական թեկնածուն «Ռոմայի» հարձակվող Պատրիկ Շիկն է, ով ավարտված մրցաշրջանը վարձակալությամբ հանդես է եկել «Լայպցիգի» կազմում։ Կողմերն արդեն բանակցություններն են սկսել, սակայն «Բայերը» Շիկի տրանսֆերի հարցում մրցակից ունի, քանի որ «Ֆուլհեմը» նույնպես առաջարկ է կատարել հռոմեական ակումբին։
# , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023