Բեյլը վերադառնում է! Տոտենհեմը ջախջախեց Բյորնլիին 🎥

Բեյլը վերադառնում է! Տոտենհեմը ջախջախեց Բյորնլիին 🎥

28/02/2021 - 19:51

Անգլիական Պրեմիեր լիգայի 26-րդ տուրի շրջանակում «Տոտենհեմը» սեփական հարկի տակ ընդունեց «Բյորնլիին»։

Խաղը շատ ակտիվ մեկնարկեցին տանտերերը և արդեն 15-րդ րոպեին հաղթում էին երկու գնդակի առավելությամբ։ Նախ՝ 2-րդ րոպեին Հոն Մին Սոնի գոլային փոխանցումը արդյունավետ եզրափակեց «շնաձկների» հարձակվող Գարեթ Բեյլը, ապա 15-րդ րոպեին արդեն ինքը՝ Բեյլը դարձավ գոլային փոխանցման հեղինակ՝ հարվածային դիրք դուրս բերելով թիմի մյուս հարձակվող Հարի Քեյնին։ Անգլացին փայլեց դիպուկությամբ և կրկնապատկեց տանտերերի առավելությունը։

Մինչ ընդմիջում գնալը Ժոզե Մոուրինիոյի սաներին հաջողվեց ևս մեկ անգամ տհաճություն մատուցել «Բյորնլիին»։ 31-րդ րոպեին աչքի ընկնելու հերթն արդեն բրազիլացի վինգեր Լուկաս Մոուրայինն էր, ով էլ հաշիվը դարձրեց խոշոր։

Կողմերն ընդմիշման գնացին «Տոտենհեմի»՝ 3 գնդակի առավելությամբ։

Երկրորդ խաղակեսը նույնպես մեկնարկեց «շնաձկների» առավելությամբ, որոնք 55-րդ րոպեին Բեյլի գոլի շնորհիվ արդեն հաղթում էին 4։0 հաշվով։ Ուելսցին դուբլ գրանցեց իր անվան դիմաց, և կրկին գոլային փոխանցումը նա ստացավ Սոնից։

Այս գոլից հետո Մոուրինիոյի տղաները գցեցին խաղի տեմպը և 60-րդ րոպեին կարող էին պատժվել դրա համար, սակայն հյուրերի չեխ հարձակվող Մատեյ Վիդրան նպաստավոր դիրքից բարձր հարվածեց։

Մինչև խաղավարտ «Տոտենհեմն» ավելի մոտ էր հաշվի մեջ առավելությունը մեծացնելուն, քան հյուրերը՝ այն կրճատելուն, սակայն այս խաղում այլևս գոլեր չգրանցվեցին․ «Տոտենհեմը» հաղթեց 4։0 հաշվով։

Այս հաղթանակից հետո «շնաձկները» վաստակեցին 39 միավոր և որոշակիորեն բարելավեցին իրավիճակը մրցաշարային աղյուսակում՝ բարձրանալով 8-րդ հորիզոնական։

«Բյորնլին» մնաց նախապես վաստակած 28 միավորներով և գտնվում է 15-րդ հորիզոնականում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023