Տոտենհեմը, առանց լուրջ դիմադրության հանդիպելու, հաղթահարում է Վոլֆսբերգերի արգելքը 🎥

Տոտենհեմը, առանց լուրջ դիմադրության հանդիպելու, հաղթահարում է Վոլֆսբերգերի արգելքը 🎥

24/02/2021 - 22:51

Եվրոպա լիգայի 1/16-րդ տուրի պատասխան հանդիպման շրջանակում «Տոտենհեմը» սեփական հարկի տակ ընդունեց «Վոլֆսբերգերին»։ Հիշեցնենք, որ կողմերի միջև Ավստրիայում կայացած առաջին հանդիպման ժամանակ լոնդոնյան ակումբը 4։1 հաշվով առավելության էր հասել մրցակցի նկատմամբ։

Հանդիպման մեկնարկում ակտիվություն էին ցուցաբերում տանտերերը, ինչն էլ շուտով դրսևորվեց գոլի տեսքով։ 11-րդ րոպեին Մեթ Դոհերթիի փոխանցումից հետո գեղեցկագույն գոլի հեղինակ դարձավ «շնաձկների» կիսապաշտպան Դելե Ալին՝ բացելով հանդիպման հաշիվը։

Առաջին խաղակեսի մնացած ժամանակահատվածն անցավ փոխնիփոխ գրոհներով, սակայն Ժոզե Մոուրինիոյի սաներն ավելի մոտ էին իրենց առավելությունը կրկնապատկելուն, քան հյուրերը՝ այն հավասարեցնելուն։

Այնուամենայնիվ մինչև խաղակեսի ավարտն ազդարարող սուլիչի ձայնն այլևս գոլեր չխփվեցին․ կողմերն ընդմիջման գնացին 1։0 հաշվի պայմաններում։

Երկրորդ խաղակեսը արագ գոլի տեսանկյունից, կարծես թե, առաջինի կրկնությունը լիներ։ Բանն այն է, որ արդեն 50-րդ րոպեին կրկին հաջողության հասան «շնաձկների» տղաները՝ կրկնապատկելով իրենց թիմի առավելությունը, իսկ գոլն իր անվան դիմաց գրանցեց բրազիլացի հարձակվող Կառլոս Վինիսիուսը։

Հարկ է նշել, որ ամբողջ խաղն ընթանում էր Մոուրինիոյի թիմի սցենարով և առավելությամբ, որի արդյունքը եղավ այն, որ հանդիպման 73-րդ րոպեին արդեն գոլի հեղինակ դարձավ 4 րոպե առաջ խաղադաշտ մտած Գարեթ Բեյլը՝ եռապատկելով իր թիմի առավելությունը։

Եվս 10 րոպե անց աչքի ընկնելու հերթը կրկին Կառլոս Վինիսիուսինն էր, ով դուբլ գրանցեց իր անվան դիմաց՝ ձևակերպելով «Տոտենհեմի» ջախջախիչ՝ 4։0 հաշվով հաղթանակը «Վոլֆսբերգերի» նկատմամբ։

Այս հաղթանակից հետո «Տոտենհեմը» երկու խաղերի արդյունքում առանց լուրջ դժվարությունների հաղթահարեց ավստրիական թիմի արգելքը և ապահովեց իր ներկայությունը Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023