«Շնաձկները» բարելավում են մրցաշարային դիրքերը 🎥

«Շնաձկները» բարելավում են մրցաշարային դիրքերը 🎥

04/03/2021 - 23:52

Անգլիական Պրեմիեր լիգայի 33-րդ տուրի շրջանակում «Տոտենհեմը» արտագնա խաղում ուժերը չափեց «Ֆուլհեմի» դեմ։

Խաղը մեկնարկեց հետախուզական պայքարում, սակայն 19-րդ րոպեին «շնաձկների» առաջին վտանգավոր գրոհն ավարտվեց դարպասի գրավմամբ։ Ինքնագոլի հեղինակ դարձավ տանտերերի կենտրոնական պաշտպան Աբդուլ-Նասիր Ադարաբիոյոն՝ անզգուշաբար գնդակն ուղարկելով սեփական դարպասը։

Մինչև ընդմիջման գնալը Ժոզե Մոուրինիայի սաները մոտ էին հաշիվը կրկնապատկելուն, սակայն 40-րդ րոպեին Հոն-Մին Սոնի՝ գլխով կատարած հարվածից հետո գնդակը մի փոքր շեղությամբ հատեց խաղադաշտի դիմային գիծը։

Կողմերն ընդմիջման գնացին հյուրերի նվազագույն հաշվով առավելությամբ։

Երկրորդ խաղակեսը բավական ակտիվ մեկնարկեցին «Ֆուլհեմի» տղաները և մի քանի փորձերից հետո հանդիպման 63-րդ րոպեին, վերջապես, կարողացան գրավել Ուգո Լյորիսի պաշտպանած դարպասը, սակայն տանտերերի ուրախությունը երկար չտևեց, քանի որ մրցավարը գոլային դրվագում արձանագրեց ձեռքով խաղ հարձակվող թիմի կողմից։

Չեղարկված գոլից հետո խաղը հանդարտվեց, սակայն, համեմատաբար, նախաձեռնողի դերում էր հենց «Ֆուլհեմը», որը ցանկանում էր միավորներ խլել «Տոտենհեմից»։

Տպավորություն էր, որ երկրորդ խաղակեսում Մոուրինիոյի տղաներն առաջադրանք էին ստացել պահպանել հաղթական հաշիվը, քանի որ շատ պասիվ էին գրոհներ կազմակերպելու գործում։

Այնուամենայնիվ, «Ֆուլհեմի» պաշտպանի ինքնագոլը որոշիչ էր այս խաղում հաղթողին որոշելու հարցում։ Խաղն ավարտվեց 0։1 հաշվով «շնաձկների» հաղթանակով։

Այս հաղթանակից հետո «Տոտենհեմը», անցկացրած 26 հանդիպումներից հետո վաստակեց 42 միավոր և զբաղեցնում է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնականը։

«Ֆուլհեմը» 27 հանդիպումներից հետո իր ակտիվում ունի 23 միավոր և զբաղեցնում է 18-րդ հորիզոնականը։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023