Ռոնալդուն շարունակում է ֆանտաստիկ ֆուտբոլ ցուցադրել?

Ռոնալդուն շարունակում է ֆանտաստիկ ֆուտբոլ ցուցադրել?

27/06/2020 - 13:46

Երեկ՝ հունիսի 26-ին, մեկնարկեց իտալական Ա սերիայի 28-րդ տուրը, որի մեկնարկային հանդիպման շրջանակում առաջնության առաջատար «Յուվենտուսը» սեփական հարկի տակ մրցեց հետնապահների թվում ընթացող «Լեչչեի» դեմ, որը պայքարում է տեղը Ա սերիայում պահպանելու համար։

Առաջին խաղակեսում «Յուվենտուսն» ուներ առավելություն, սակայն քանակը չհաջողվեց վերածել որակի։ Նշենք, որ 32-րդ րոպեին հյուրերի կազմում կոպիտ խաղի համար կարմիր քարտ ստացավ պաշտպան Ֆաբիո Լուչիոնին։

Երկրորդ խաղակեսի հենց մեկնարկից «Յուվենտուսը» տիրեց, իսկ «Լեչչեի» մոտ սկսեց զգացնել տալ մեկ խաղացողի պակասը։ Հանդիպման 53-րդ րոպեին հյուրերը պաշտպանությունից դուրս գալիս սխալ փոխանցում կատարեցին, ինչի արդյունքում գնդակը հայտնվեց Կրիշտիանու Ռոնալդուի մոտ, ով գնդակը փոխանցեց ավելի նպաստավոր դիրքում գտնվող Պաուլո Դիբալային, վերջինս էլ ձախ ոտքի գեղեցիկ հարվածով բացեց խաղի հաշիվը։

Մի քանի րոպե անց՝ 62-րդ րոպեին, «Լեչչեի» ֆուտբոլիստները սեփական տուգանային հրապարակում կանոնների խախտում թույլ տվեցին Ռոնալդուի նկատմամբ։ Նշանակվեց 11 մետրանոց հարված, որն էլ անվրեպ իրացեց հենց տուժողը։

83-րդ րոպեին «Յուվեն» նետվեց արագ հակագրոհի, ինչի արդյունքում Կրիշը ձախ եզրում ստացավ գնդակը, մոտեցավ մրցակցի տուգանային հրապարակին, պաշտպաններին «քաշեց» իր վրա և կրնկով կատարած գեղեցիկ փոխանցումով հարվածային դիրք դուրս բերեց փոխարինման դուրս եկած Գոնսալո Իգուայինին, ով հաշիվը դարձրեց ավելի խոշոր՝ 3։0։

85-րդ րոպեին էլ անկյունայինի խաղարկումից հետո հանդիպման վերջակետը դրեց Մաթիաս դե Լիխտը, ով եզրափակեց Դուգլաս Կոստայի փոխանցումը։

Կրիշտիանու Ռոնալդուն կարծես թե կրկին քայլ առ քայլ հիանալի մարզավիճակ է հավաքում։ «Լեչչեի» դեմ խաղում պորտուգաացի գոլահարը դարձավ 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ և ընթացիկ մրցաշրջանում Ա սերիայի շրջանակում իր գոլերի քանակը հասցեց 23-ի։ Ռոնալդուն լավագույն ռմբարկուների ցուցակում զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը՝ «Լացիոյի» հարձակվող Չիրո Իմոբիլեին զիջելով 4 գնդակ։

«Յուվենտուսը» վաստակեց 69 միավոր և ամրապնդվեց առաջին հորիզոնականում՝ մոտակա հետապնդող «Լացիոյին» գերազանցելով 7 միավոր։ Վերջինս իր հանդիպումը կանցկացնի այօսր՝ հունիսի 27-ին՝ մրցելով «Ֆիորենտինայի» դեմ։ «Լեչչեն» 25 միավորով 18-րդն է։

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023