Ռոկեի գործակալը հաստատել է, որ ֆուտբոլիստը նախատեսվածից շուտ է տեղափոխվելու Բարսելոնա
Բրազիլական «Ատլետիկո Պարանաենսեի» կենտրոնական հարձակվող Վիտոր Ռոկեն «Բարսելոնային» կմիանա նախատեսվածից շուտ և կատալոնական ակումբի շարքերը կհամալրի 2024 թ. հունվարին։
Այդ մասին հաստատել է 18-ամյա ֆուտբոլիստի գործակալ Անդրե Կյուրին.
«Ֆուտբոլիստի և «Բարսելոնայի» ծրագիրն այն է, որ վերջինս «բլաուգրանայի» շարքերը համալրի հունվարին։
«Պարանաենսեի» հետ ամեն ինչ համաձայնեցված է»,- նշել է Կյուրին։
Հատկանշական է, որ ներկա պահին Ռոկեն ապաքինվում է վնասվածքից և վերջին անգամ դաշտ է դուրս եկել սեպտեմբերի 22-ին։
Խոսելով իր հաճախորդի ապաքինման մասին` Կյուրին նշել է հետևյալը.
«Ապաքինումն ընթանում է լավ։ Կարծում ենք` այն դեռ 4 շաբաթ կտևի»,- մեջբերում է RAC1-ը։
Հավելենք, որ ավելի վաղ «կապտնառնագույնների» գլխավոր մարզիչ Խավին նույնպես հաստատել է, որ Ռոկեն «Բարսելոնա» է տեղափոխվելու հունվարին։
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» Վիտոր Ռոկեի տրանսֆերի մասին պաշտոնապես հայտարարել է սույն թվականի հուլիսի 8-ին։
Կատալոնական ակումբը գործարքի դիմաց «Ատլետիկո Պարանաենսեին» վճարելու է 40+34 մլն եվրո։
Կողմերը պայմանագիրը կնքել են 7 տարով, որը նախատեսված է լինելու մինչև 2031 թ. հունիսի 30-ը։
Ըստ նախատեսվածի` Ռոկեն «Բարսելոնայի» շարքերը պետք է համալրեր 2024 թ. հուլիսի 1-ին։
Հավելենք, որ երիտասարդ ֆուտբոլիստը 2023 թ. բոլոր մրցաշարերի շրջանակում անցկացրել է 42 հանդիպում` դառնալով 20 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անդրե Կյուրի, Ատլետիկո Պարանաենսե, Բարսելոնա, Խավի, Վիկտոր Ռոկե, Վիտոր Ռոկե, տրանսֆերներ